ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ գործող նախագահը հստակեցրեց Արցախյան հակամարտությանն առնչվող հետագա գործընթացից առկա ակնկալիքները

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդենը տարածաշրջան էր եկել հասկանալու Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի հետագա զարգացման վերաբերյալ կողմերի դիրքորոշումները, մոտեցումներն ու հստակեցնելու այդ ամենում ԵԱՀԿ հնարավար դերակատարությունը:

Նախ նշենք, որ Ան Լինդենը Երևանում նաև հանդիպեց Արցախի Հանրապետության ներկայացուցչին՝ ԱԳՆ ղեկավարին, ինչը դրական է և կարևոր: Սակայն, շատ ավելի տրամաբանական կլիներ, որ ԵԱՀԿ ղեկավարը ոչ թե տուրք տար Ադրբեջանի մտահոգություններին, այլ այցելեր Արցախ և տեղում բնակչության հետ շփումներով ծանոթանար իրավիճակին: Այս համատեքստում, մտահոգիչ է նաև Բաքվում Թուրալ Գյանջալիևի հետ առանձին հանդիպումը, որը հանդես է գալիս, որպես ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ և իբրև թե Ստեփանակերտի ընտրատարածքից ընտրված պատգամավոր:

Եթե անդրադառնանք այցի բովանդակային կողմին, ապա կարևոր է առանձանցնել հիմնական ուղերձները, որ հնչեցին շփումների ընթացքում:

ԵԱՀԿ Գործող նախագահը հստակ արձանագրեց, որ հակամարտությունն ավարատված չէ, նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը հրադադար հաստատելու նպատակ էր հետապնդում, իսկ քաղաքական կարգավորման պետք է հասնել բանակցային գործընթացի միջոցով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդությամբ: Այսինքն, փորձ է արվում բանակցային գործընթացը վերադարձնել նախկին ֆորմատ:

Ան Լինդենն այս համատեքստում կարևորեց վստահության կառուցման միջոցառումները: Հատուկ ուշադրություն դարձվեց հումանիտար իրավունքի պահպանմանը, սակայն նա խուսափեց ուղղակիորեն գերիների վերադարձի խնդրին անդրադառնալուց: Մինչդեռ գերիների հարցի բարցրաձայնումը, Ադրբեջանի վրա ճնշում գործադրելն ու այդ թվում՝ Ադրբեջանից Հայաստան մեկնելիս իր հետ մի քանի գերիների վերադարձի ապահովումը լավագույն մեկնարկը կլինեին տարածաշրջանում և հակամարտությանն առնչվող գործընթացներում ԵԱՀԿ նորացված դերակատարման համար: Լինդենը զերծ մնաց նաև Արցախի դեմ ագրեսիայի ուղղակի քննադատությունից, որը ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի չկիրառման սկզբունքի խախտում էր:

Ադրբեջանի ուղերձը բավական հստակ էր՝ հակամարտությունը լուծված է, բանակցությունների անհրաժեշտություն չկա, ենթակառուցվածքների բացումն էլ վերջնականապես անցյալում կթողնի հակամարտությունը: Այս ամենին գումարվում է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը, որ Ադրբեջանում գերիներ չկան, մնացած մարդիկ ահաբեկիչներ են և այլն: Այսինքն, Բաքուն որևէ կերպ կաշկանդված չէր զգում իրեն պատերազմ սանձազերծելուց հետո էլ առավելապաշտական և կոշտ հայտարարություններ անելու հարցում:

Հայաստանից հնչած ուղերձները բավական զարմացնող էին, քանի որ տարբերվում էին վերջին ամիսներին ՀՀ գործող իշխանության վարած քաղաքականությունից: Ինչպես ԱԳՆ, այնպես էլ վարչապետի մակարդակով խոսվեց հակամարտության լուծված չլինելու, բանակցությունների շարունակման կարգավիճակի հարցի լուծման անհրաժեշտության մասին, բարձրաձայնվեց գերիների վերադարձի անհրաժեշտությունն ու նույնիսկ խոսվեց Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հռետորաբանության անընդունելի լինելու մասին:

Արցախի ԱԳՆ կողմից ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդար կարգավորման նպատակով։  Բարձրաձայնվել է գերիների վերադարձի խնդիրը:

Համադրելով ուղերձները կարելի է եզրակացնել, որ ԵԱՀԿ-ն մոտ ապագայում առավել գործուն քայլեր է ձեռնարկելու բանակցային գործընթացը վերսկսելու ուղղությամբ, իսկ կողմերից յուրաքանչյուրը փորձելու է սեփական օրակարգը ձևավորել, որի վերաբերյալ ակնհայտորեն այսօր կոնսենսուս չկա:

Այս ամենի մեջ հատկապես ուշագրավը ՀՀ իշխանության ձեռագրի փոփոխությունն է, «արթնանալն» ու բավական կոշտ հայտարարություններով հանդես գալը, ինչը, բնականաբար, անպատասխան չի մնալու Ադրբեջանի կողմից: Զուգահեռ, Փաշինյանը կարծես մեծացնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի անհրաժեշտության ակցենտավորումը, ինչը կարող է նպատակ հետապնդել երկրորդ պլան մղելու ՌԴ միջնորդությամբ ընթացող եռակողմ գործընթացը, որտեղ Ալիևը Նախիջևանն Ադրբեջանին միացնող ճանապարհի հետ կապված հստակ ակնկալիքներ ունի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: