ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին վերադարձնել ռազմագերիներին. որո՞նք են այս կարևոր հայտարարության իրական պատճառները

ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հայտարարություն են ընդունել «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտության ռազմագերիների վերաբերյալ»:

Նախ, անդրադառնանք հայտարարության վերնագրին: Տարիներ շարունակ հայկական դիվանագիտությունն աշխատանք է տարել, որպեսզի Արցախյան հակամարտությունը չընկալվի որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտություն, այսինքն՝ որպես տարածքային վեճ Արցախի համար: Եվ մշտապես միջազգային կառույցների կողմից օգտագործվել է «ԼՂ հակամարտություն» եզրույթը: Այժմ՝ առավել ևս 44-օրյա պետարզմից հետո, որը Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիա էր Արցախի դեմ, Եվրամիությունն օգտագործում է «հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև» ձևակերպումը: Սա այլ կերպ, քան տեղեկատվական պատերազմում կրած պարտության հերթական դրսևորում, դժվար է անվանել:

Անդրադառնանք հայտարարության բովանդակությանն ու նպատակին:

Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները ԵՄ անունից ողջունում են 2020թ նոյեմբերի 9-ին հաստատված հրադադարը և դրանից հետո արձանագրված դրական զարգացումները, մասնավորապես՝ դիերի վերադարձն ու տուժած անձանց հումանիտար աջակցության տրամադրումը: Նրանք կոչ են անում նոր ջանքեր գործադրել կողմերի միջև վստահության կառուցման համար, մասնավորապես՝ զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից, հնարավորինս արագ վերադարձնել բոլոր ռազմագերիներին՝ անկախ ձերբակալման պատճառներից, և համագործակցել այլ կարևոր հարցերում, ինչպիսին է օրինակ ականազերծումը:  

Փաստացի, այս կոչը երեք ուղերձ է պարունակում, որոնցից երկուսն ուղղված են Ադրբեջանին, իսկ մեկը հայկական կողմերին: Հատկապես կարևոր է անկախ ձերբակալման պատճառներից գերիների վերադարձի պահանջը, որը փաստացի հակադարձումն է ռազմագերիներից վերադարձը ձգձգելու Ադրբեջանի կեղծ հիմնավորումներին:  Այլ խնդիր է, որ գերիների վերադարձի հումանիտար կարևորագույն խնդիրը, որը նաև նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորություն է, որևէ կերպ տրամաբանական չէ հավասարության մեջ դիտել ականազերծման խնդրի հետ:

Շատ ողջունելի է, որ ԵՄ-ն վերջապես միասնական դիրքորոշում է հայտնում գերիների հարցի հետ կապված, սակայն կարևոր է հասկանալ նաև, թե ինչու՞ հիմա և ի՞նչ նպատակով:

Ուշագրավ է հայտարարության մեջ հղումն Ադրբեջանի նկատմամբ գերիների հարցով միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՄԻԵԴ որոշմանը: Տպավորություն է ստեղծվում, որ ԵՄ այս հայտարարությունն առաջին հերթին խնդիր է հետապնդում ցույց տալ, որ անընդունելի է եվրոպական կառույցի ընդունած որոշումն անտեսելը: Այսինքն, ավելի շատ իմիջային խնդիր է լուծում:

Հակառակ դեպքում, այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու է ԵՄ-ն պատերազմի ընթացքում և դրանից հետո բավարարվել ուժի կիրառումը քննադատող և ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո բանակցային գործընթացը վերսկսելու կոչ անող 1-2 հայտարարություններով, դրանցում էլ՝ հիմնականում շեշտադրելով իր համար առավել զգայուն հարցն, ի դեմս՝ Թուրքիայի ակտիվ մասնակցության:

Եվ դա այն դեպքում, երբ Ադրբեջանն Արցախի դեմ պատերազմ սանձազերծելով խախտել է միջազգային իրավունքի կարևորագույն նորմերը, որոնք ամրագրված են նաև մարտի 1-ից լիարժեք ուժի մեջ մտած, ԵՄ բոլոր անդամների կողմից վավերացված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, որպես ԵՄ պաշտոնական դիրքորոշում:

Եվրամիությունը, որպես միասնական կառույց, առ այսօր քաղաքական գնահատական չի տվել Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիային: ԱՄՆ ակտիվացման ֆոնին ԵՄ այս հայտարարությունն ու այդ թվում՝ Բաքվում բացված «ռազմավարի պուրակին» ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոի ուշացած արձագանքը ցույց են տալիս, որ ԵՄ-ն շարունակում է դանդաղկոտ լինել իր արձագանքների մեջ: Բրյուսելում, ինչպեսև ընդհանրապես Արևմուտքում, այդպես էլ չի ամրապնդվում այն ընկալումը, որ ուշացած արձագանքներն կամ դրանց բացակայությունը, արհեստական համահարթեցման փորձերն ամենաթողության զգացողություն են ստեղծում Ադրբեջանի իշխանությունների մոտ և հանգեցնում ծանր հետևանքները, ինչպիսին էր, օրինակ՝ 2020թ պատերազմը:

Այլ խնդիր է, որ Հայաստանը պետք է մշտապես հետևողական աշխատանք տանի նույնիսկ այդ մոտեցման պարագայում իր շահերն ու առաջնահերթություններն առաջ մղելու, ստեղծված հնարավորություններից առավելագույնս օգտվելու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: