ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալենուշ Տերյան` Իրանի առաջին կին աստղագետ, առաջին արևային աստղադիտարանի հիմնադիր

«Դստերս անունն արեգակ է, իսկ որդունս՝ լուսին»,- այս խոսքերն էր իր կարիերայի ընթացքում գրեթե միշտ հնչեցնում Իրանի առաջին կին աստղագետ, առաջին արևային աստղադիտարանի և հեռադիտակարանի հիմնադիր Ալենուշ Տերյանը:

Ալենուշ Տերյանը, ով առավել հայտնի է «Իրանի աստղագիտության մայր», «Իրանի արևային մայր» անուններով, ծնվել է 1920 թ. նոյեմբերի 9-ին Թեհրանում:  Ալենուշի մայրը ֆրանսերենի ուսուցչուհի էր, իսկ հայրը, ով Նոր Ջուղայի հայերից էր, գրող էր, ինչպես նաև զբաղվում էր թարգմանչական գործունեությամբ:

Տերյանը մեծացել է երկրի հայկական հին համայնքում և ուսանել է Թեհրանի համալսարանի Գիտության ֆակուլտետում:  1964 թ. Ալենուշն արժանանում է պրոֆեսորի կոչման՝ դառնալով Իրանի առաջին կին պրոֆեսորը, ով աստղաֆիզիկա էր դասավանդում: 1966թ. ընտրվում է Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի կոմիտեի անդամ, իսկ երեք տարի հետո նշանակվում Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի հիմնարկի արևային ֆիզիկայի հետազոտությունների խմբի նախագահ և աշխատանքի անցնում արևային ֆիզիկայի աստղադիտարանում, որի հիմնադրման գործում իր ուրույն դերն է ունեցել:   

Ալենուշ Տերյանի կարիերան սկսում է այն ժամանակ, երբ վերջինս, 1947 թվականին ավարտելով համալսարանը, աշխատանքի  է անցնում նույն ֆակուլտետի ֆիզիկայի լաբորատորիայում, իսկ մեկ տարի հետո նշանակվում լաբորատորիայի գործառությունների պետ։

Լաբորատորիայում աշխատելու տարիներին նա ուսումը Ֆրանսիայում շարունակելու հրավեր է ստանում, սակայն դասախոսը մերժում է նրա կրթաթոշակի հայտը՝  կին լինելու պատճառով: Այնուամենայնիվ, Ալենուշը հավատարիմ մնալով իր երազանքին` հոր ֆինանսական օգնությամբ մեկնում է Փարիզ և ուսումը շարունակում Սորբոնի համալսարանի Մթնոլորտային ֆիզիկայի ֆակուլտետում: Չնայած Եվրոպայում աշխատելու բազմաթիվ առաջարկներին` Իրանի հանդեպ տածած սիրուց ելնելով որոշում է վերադառնալ և ծառայել հայրենի Թեհրանին: 

Ալենուշ Տերյանն իր ողջ կյանքը նվիրել է գիտությանը և այդպես էլ ընտանիք չի կազմել: Նա ուշադրությունը կենտրոնացրել է գերազանցապես հետազոտությունների վրա. հայտնի է եղել որպես հոգատար ուսուցիչ և մեծ սեր է վայելել իր ուսանողների շրջանում։

Տերյանն Իրանի հեռուստատեսությամբ հեռարձակվող «Իմաստուններ» ծրագրի կողմից ճանաչվել է գիտության ոլորտի մնայուն դեմք։ Ավելին, 2003 թվականին նրա կյանքի մասին «Դեպի արև» վերնագրով վավերագրական ֆիլմ է նկարվել Իրանի հեռուստատեսության պատվերով: Իսկ 2006 թվականին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմից գնահատագրի ու շքանշանի է արժանացել։

1979 թվականին Ալենուշ Տերյանը թողել է դասախոսական աշխատանքը: Իր բնակարանը կտակելով Ջուղայի հայերին և հայ ուսանողներին` նա կյանքի վերջին տարիներն անցկացրել է Թեհրանի Թոհիդ ծերանոցում։ Այստեղ նա արդեն մահճակալին գամված արժանացել է «Վիկտոր Համբարձումյանի» անվան միջազգային մրցանակի: 

Հայ գիտնականը մահացել է 2011 թվականին` 90 տարեկան հասակում: Մինչ օրս ամեն տարի նրա հիշատակի առթիվ միջոցառումներ են անցկացվում Իրանի բազմաթիվ պետական համալսարաններում:

Ալենուշ Տերյանն իր ողջ կյանքի ընթացքում ոչ միայն զգալի գիտական հայտնագործություններ է կատարել, այլև իր ներդրումն է ունեցել իրանական աստղաֆիզիկոսների մի քանի սերունդների կրթման գործում: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: