ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ջեք Աղազարյան` նացիստական Գերմանիայի լրտեսներին բացահայտած հայազգի գաղտնի գործակալ

Ջեք Չարլզ Աղազարյան` Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բրիտանիայի հատուկ գործողությունների վարչության ամենահամարձակ հետախույզներից մեկը: Հենց նրա շնորհիվ են մեծամասամբ այդ տարիներին հայտնաբերվել Ֆրանսիայի ու Բրիտանիայի երկակի գործակալները՝ մարդիկ, ովքեր աշխատում էին նացիստական Գերմանիայի համար։

Ջեք Աղազարյանը ծնվել է 1915 թվականին Լոնդոնում՝ Ռուբեն Աղազարյանի և ֆրանսուհի Մարի Լյուիս Լե Շեվալյե-Աղազարյանի բազմազավակ ընտանիքում։ Ուսումը ստացել է Լոնդոնի Դալվիչ քոլեջում: Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելուց հետո՝ 1940 թվականին, Ջեքը ծառայության է անցել Բրիտանիայի թագավորական ռազմա-օդային ուժերում:

Նրա հետ միասին այնտեղ ծառայության են անցնում նաև նրա եղբայրը՝ Նոելը, ու քույրը՝ Մոնիկը։ Ի դեպ, Մոնիկը Բրիտանիայում հայտնի է որպես մեկը, ով նոր մեթոդներ է մշակել օդաչուների համար:

Երբ 1942թ.-ին բրիտանական հատուկ գործողությունների վարչությունը որոշում է կայացնում Ֆրանսիայում ստեղծել «Prosper» ցանցը, Աղազարյանը գաղտնի հետախուզական ծառայության հատուկ գործակալ է նշանակվում: Որոշ ժամանակ անց նրան է միանում նաև կինը՝ Ֆրանսուազա Իզաբելլա Աղազարյանը՝ հետախույզ, որն ամուսնու նման Երկրորդ համաշխարհայինի տարիներին նույնպես հատուկ առաջադրանքներ է կատարել, հայտնում է spartacus-educational.com-ը: 

«Թեպետ մի ցանցում էինք, բայց ամուսինս և ես աշխատում էինք առանձին: Նա որպես ռադիո օպերատոր աշխատում էր միայնակ` տրամադրելով աշխարհի տարբեր մասերից ստացված հաղորդագրությունները: Ես հաշվետու էի ցանցի ղեկավարին: Նա սիրում էր ինձ հատուկ հանձնարարություններ տալ, քանի որ ես հեշտությամբ էի կարողանում անցնել դժվարությունների միջով»,- ասել է Ֆրանսուազա Աղազարյանը:

Հետախուզական ծառայությանը միանալուց կարճ ժամանակ անց Ջեք Աղազարյանն ուղարկվում է գերմանացիների կողմից օկուպացված Ֆրանսիա` հայտնաբերելու Ֆրանսիայի ու Բրիտանիայի երկակի գործակալներին: Գաղտնի գործողությունների ընթացքում նրան հաջողվում է բազմաթիվ լրտեսների բացահայտել: 

Սակայն որոշ ժամանակ անց ֆաշիստական Գերմանիայի պետական գաղտնի ոստիկանությունը` Գեստապոն, հայտնաբերում է Աղազարյանին, ում ներկայությունը Ֆրանսիայում սկսում է բավականին ռիսկային դառնալ։ 1943 թվականի հունվարին որոշում է ընդունվում նրան վերադարձնել Լոնդոն։

Նույն թվականի հունիս ամսին Աղազարյանը նոր առաքելությամբ կրկին Ֆրանսիա է վերադառնում: Սակայն մեկ տարի անց գաղտնի օպերացիա կատարելու ժամանակ նա գերի է ընկնում նացիստների մոտ։

Աղազարյանը գերմանացիների ձեռքին հաղթական խաղաքարտ էր, քանի որ վերջինս բրիտանական հատուկ գործողությունների վարչության վերաբերյալ տիրապետում էր պետական գերգաղտնի տեղեկատվության: Ֆրանսիական Ֆրեն քաղաքում մեկուկես տարի կտտանքների ենթարկվելուց հետո Աղազարյանը Բավարիայի Ֆլոսսենբյուրգ քաղաքի համակենտրոնացման ճամբար է տեղափոխվում:

Այդտեղ էլ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից քիչ առաջ՝ 1945 թվականի մարտին, Աղազարյանը գնդակահարվում է։

Ջեք Աղազարյանի հիշատակն անմահացրել են Անգլիայի հարավային Սյուրրեյ կոմսության Բրիտանիայի ռազմա-օդային ուժերի հիշատակարանում, ինչպես նաև Ֆրանսիայում գտնվող Վալանս կոմունայի` Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին զոհվածների պատվո հուշատախտակին։ Ավելին, Աղազարյանի սխրագործությունների համար Բրիտանիայի թագուհու կողմից որպես նվեր նրա ընտանիքն հատուկ սուր է շնորհվել, փոխանցում է rusarminfo-ն: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: