ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման արդյունքներով որոշվել է ԱԳ նախարարներին հանձնարարել խաղաղության փաստաթղթի պատրաստումը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի շուրջ քննարկումները շարունակելու և երկու երկրների հետ ԵՄ հարաբերությունները զարգացնելու նպատակով։ Այս մասին ասված է Եվրոպական խորհրդի ղեկավարի հայտարարության մեջ, փոխանցում է News.am։

«Նախագահ Միշելը հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելու ԵՄ-ի հանձնառությունը՝ լարվածությունը հաղթահարելու և անվտանգ, կայուն, խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի առաջխաղացման համար, ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց:

Եվրոպական խորհրդի ղեկավարն ընդգծել է երկու կողմերի մարդասիրական ժեստերի կարևորությունը՝ «վստահության ամրապնդման և խաղաղ գոյակցության համար»։

«Նա ընդգծել է չլուծված բոլոր հումանիտար խնդիրների ամբողջական և արագ լուծման անհրաժեշտությունը, ներառյալ կալանքի տակ մնացածների ազատ արձակումը և անհետ կորածների խնդրի համակողմանի լուծումը, և հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ ջանքերին։ ԵՄ-ն նաև կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման միջոցառումներին, ինչպես նաև հումանիտար ականազերծման ջանքերին, ներառյալ փորձագիտական խորհրդատվությունների տրամադրումը և ֆինանսական օգնության ավելացումը, ինչպես նաև օգնությունը հակամարտությունից տուժած բնակչությանը, նրանց ռեաբիլիտացիային և վերականգնմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Շառլ Միշելը նշել է ինչպես Ալիևի, այնպես էլ Փաշինյանի կողմից հայտարարված՝ արագորեն դեպի իրենց երկրների միջև խաղաղության համաձայնագիրը շարժվելու ցանկությունը, ասվում է հայտարարության մեջ։ Այդ նպատակով որոշվել է արտաքին գործերի նախարարներին հանձնարարել աշխատել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա, որում կդիտարկվեն բոլոր անհրաժեշտ հարցերը։

«Կարևոր նշանակություն կունենա երկկողմ սահմանազատումն ու սահմանագծումը։ Այդ նպատակով, 2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարության համաձայն, որոշվել է նաև մինչև ապրիլի վերջը Սահմանային համատեղ հանձնաժողով գումարել։ Սահմանային համատեղ հանձնաժողովի մանդատը լինելու է հետևյալը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ սահմանի զատումը և սահմանի երկայնքով ու մերձակայքում կայուն անվտանգության իրավիճակի ապահովումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Միշելը նաև ընդգծել է, որ ուժերի միջև համապատասխան հեռավորության պահպանումը միջադեպերի կանխման և լարվածությունը նվազեցնելու կարևոր տարր է։ Նա հաստատել է խորհրդատվություններ և աջակցություն տրամադրելու ԵՄ-ի պատրաստակամությունը։

«Առաջնորդները քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կապի/կապող միջոցների ենթակառուցվածքի վերականգնման հարցը մասնավորապես և Հարավային Կովկասում ընդհանրապես։ Նախագահ Միշելը ողջունել է երկաթուղային գծերի վերականգնմանն ուղղված քայլերը՝ Հայաստանին և Ադրբեջանին կոչ անելով նաև ավտոմոբիլային հաղորդակցությունը վերականգնելու արդյունավետ լուծումներ գտնել։ ԵՄ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել հաղորդակցության ուղիների զարգացման հարցում, այդ թվում՝ իր Տնտեսական և ներդրումային ծրագրին համապատասխան և առաջարկվող տնտեսական խորհրդատվական ֆորումի օգտագործման ճանապարհով՝ ընդհանուր նախագծերը որոշելու համար:

Առաջնորդները պայմանավորվել են հետևել իրենց հանդիպման արդյունքներին և շարունակել փոխգործակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    14 C°
     
    23°  13° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: