ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պետության համար առաջնահերթ մասնագիտություններով պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում կտրվի․ ԿԳՄՍ նախագիծ է ներկայացրել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով՝ համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգի և պայմանների նախագիծը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կատարված համապատասխան լրացումները:

Համաձայն նախագծի՝ ԿԳՄՍ նախարարությունը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ այնուհետ, որպես կանոն, յուրաքանչյուր տարին մեկ անգամ՝ մինչև սեպտեմբերի 1-ը, պետական համապատասխան մարմիններին առաջարկում է նախարարություն ներկայացնել ԲՏՃՄ մասնագիտությունների ցանկը, որոնցում սահմանված կարգով ընդունվելը և սովորելը համարվելու է պետության համար առաջնահերթ և կարևոր:

Պետական մարմինները նախարարություն են ներկայացնում առաջարկ, որն իր մեջ ներառում է՝

մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկ,

ըստ կրթական աստիճանների տարկետման համար անհրաժեշտ տեղերի քանակ,

հիմնավորում՝ ընտրված մասնագիտությունների և տարկետման համար հատկացվող տեղերի անհրաժեշտության վերաբերյալ,

համապատասխան մասնագիտություններով սովորելու դեպքում ակնկալվող արդյունքը, պետության համար առաջնահերթությունը և կարևորությունը փաստող հանգամանքները, ինչպես նաև ազդեցությունը ոլորտի զարգացմանը,

առաջարկվող մասնագիտություններով սովորող կամ ավարտած ուսանողների մասնագիտական գիտելիքները հետագայում օգտագործելու կանխատեսվող շրջանակը և այն պայմանները, որոնք ուսումնառության ընթացքում կամ ուսումը ավարտելուց և տարկետումը վերջանալուց հետո պարտադիր է քաղաքացու համար,

ասպիրանտական կրթական ծրագրի համար համապատասխան մասնագիտությունների առաջարկ ներկայացնելու դեպքում նաև ասպիրանտուրան ավարտելուց հետո քաղաքացիներին աշխատանքով ապահովելու երաշխավորագիր:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար ՀՀ կառավարության որոշման նախագծում սահմանված բուհերի համապատասխան մասնագիտությամբ ընդունվելու համար դիմորդները պետք է հավաքեն ընդունելության քնությունների առավելագույն միավորի առնվազն 75 տոկոսը: Կառավարության որոշումը իր մեջ ներառում է՝ բուհերը և ըստ կրթական աստիճանի համապատասխան ԲՏՃՄ մասնագիտությունների ցանկը: Սահմանված են նաև ընդունելության տեղերի և տարկետման համար հատկացվող տեղերի տարբերության դեպքում տարկետման համար ընդունվողների մուտքային պահանջների, դրանց հավասարության դեպքում այլ պահանջների և առկա ուսուցմամբ ընդունվելու և հաջորդ կուրս փոխադրվելու հանգամանքը, ինչպես նաև տարկետում ստանալու համար սահմանված պայմանները ու քաղաքացու և համապատասխան մասնագիտության համար հայտը և երաշխավորագիրը:

Պետական մարմնի և կազմակերպության միջև կնքվող պայմանագրով ամրագրվում է, որ քաղաքացին ասպիրանտուրան ավարտելուց և թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո պարտավորվում է 3 տարի ժամկետով աշխատել պայմանագրով նշված կազմակերպությունում՝ կատարելով գիտական, մանկավարժական կամ մասնագիտական աշխատանք:

Պայմանագրային պարտավորությունն ամբողջությամբ չկատարելու դեպքում քաղաքացին կամ երաշխավորագիր ներկայացրած կազմակերպությունն այն դեպքում, երբ հրաժարվում է քաղաքացուն ապահովել համապատասխան աշխատանքով, պարտավորվում է միանվագ վճարել ուսումնառության տարիների համար սահմանված ուսման վարձի հանրագումարի կրկնապատիկը: Պայմանագրում նախատեսված ժամկետում քաղաքացու կողմից նշված գումարը չվճարվելու դեպքում դրա բռնագանձումն իրականացվում է դատական կարգով՝ տարկետման հայտ և երաշխավորագիր ներկայացված կազմակերպության կողմից, իսկ կազմակերպության դեպքում՝ նախարարության կողմից:

Հաջորդ կուրս փոխադրվելու հանգամանքը չբավարարելու դեպքում քաղաքացին կորցնում է տարկետման իրավունքը և ենթակա է պարտադիր զինվորական ծառայության՝ հայտարարված զորակոչի ընթացքում՝ բացառությամբ սահմանված կարգով ակադեմիական արձակուրդ ստանալը:

Տարկետման ժամկետի ընթացքում ուսումնառությունը դադարեցվելու, ինչպես նաև փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքերում ՀՀ պաշտպանության նախարարությունը ԿԳՄՍՆ է ներկայացնում քաղաքացու տվյալները, որոնց հիման վրա մեկամսյա ժամկետում Կառավարություն է ներկայացվում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին որոշման նախագիծ:

Քաղաքացուն յուրաքանչյուր կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում կարող է տրվել մեկ անգամ: Տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով՝ սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 27 տարին լրանալու օրը:

Քաղաքացիները և շահառու խմբերը նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև դեկտեմբերի 4-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: