ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

SOS - ԱՐՑԱԽ․ Հրատապ գործողությունների ծրագիր

«Հայացք» կիրառական քաղաքականության և վերլուծությունների հետազոտական կենտրոնը ներկայացնում է «SOS - ԱՐՑԱԽ․ Հրատապ գործողությունների ծրագիր» քաղաքական ամփոփագիրը, որի ամբողջական տարբերակը ներկայացնում ենք ստորև․

 

 

 

SOS - ԱՐՑԱԽ

Հրատապ գործողությունների ծրագիր

Արցախը 27-րդ օրն է՝ շրջափակման մեջ է։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ 120 000 բնակչություն, այդ թվում՝ 30 000 երեխա, գտնվում են հումանիտար աղետի շեմին, աղետ, որի որոշակի դրսևորումներ արդեն իսկ տեսանելի են։ Ստեղծված իրավիճակում առաջնահերթ կարևորություն է ստանում անհետաձգելի գործողությունների մշակումն ու կյանքի կոչումը, ինստիտուցիոնալ և ոչ ինստիտուցիոնալ բոլոր կառույցների կողմից համապատասխան աշխատանքների իրականացումն՝ ուղղված ստեղծված իրավիճակի և առկա մարտահրավերների հաղթահարմանը։ Իսկ տարաբնույթ քննարկումներն, առնվազն, պիտի իրականացվեն գործողություններին համընթաց և ի լրումն։

Ստորև ներկայացված Գործողությունների Ծրագրում կլինեն կետեր, որոնք, գուցեև, արդեն իսկ արվում են, կլինեն առաջարկներ, որոնք, գուցե, շատ ակնառու, ակնհայտ կթվան, բայց այսօր առաջնահերթություն է դրանց ամբողջական կյանքի կոչումը՝ հրատապ, համակարգված և հետևողական։

 

 Բանաձևեր, որոնք անկյունաքարային նշանակություն ունեն ներկայացվող Գործողությունների Ծրագրի հայեցակարգային ընկալման համար. 

-        ՀՀ իշխանություններից գործողությունների ակնկալիքներն ու սպասումներն անօգուտ պատրանքներ են։ Բազմաթիվ օրինակներ կան՝ լիարժեք հիմնավորող այս պնդումը։ Հետևաբար, բանաձևը հստակ է՝ դադարել քննարկել ՀՀ իշխանությունների քայլերը, դադարել ակնկալիքներ ունենալ և փորձել հասկանալ՝ ինչ է պետք անել ստեղծված իրավիճակում և ինչպես[1]։

-        Ստեղծված իրավիճակում պետք է ամրագրել, որ միջազգային հանրությունից հնչած և ցայսօր հնչող մարդասիրական կոչերը որևէ կերպ չեն կաշկանդում Ադրբեջանին։ Ավելին՝ Բաքուն փորձում է առավելագույնս օգտվել իրավիճակից, այդ թվում՝ աշխարհաքաղաքական զարգացումներից և ՌԴ-Արևմուտք լարվածությունից։ Զուգահեռաբար՝ Ադրբեջանը մեկ անգամ ևս ապացուցում է, որ տարաբնույթ հայտարարություններն ու կոչերը խաղաղության ու խաղաղ համակեցության մասին որևէ արժեք չունեն։ Բաքվի նպատակը շարունակում է մնալ նույնը՝ հայաթափել Արցախը, ունենալ Արցախ՝ առանց հայերի։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ պետք է ամրագրել, որ «անջատում հանուն փրկության», «ճանաչում հանուն փրկության» բանաձևերն այլընտրանք չունեն։

-        Ստեղծված իրավիճակում առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կողմ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, հողի վրա խաղաղապահ առաքելություն իրականացնող, ՄԱԿ ԱԽ մշտական անդամ, ՀՀ ռազմավարական դաշնակից։ Կարևոր է ամրագրել, որ, փաստացի, ՌԴ խաղաղապահ առաքելության չլինելու պարագայում Արցախի 120 000 բնակչությունը չունի անվտանգության այլ լիարժեք, ամբողջական երաշխիք։ Բացի այդ, համաձայն 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի՝ ՌԴ խաղաղապահ զորակազմն է պատասխանատու Հայաստանն Արցախին կապող միջանցքի համար և այսօր, փաստացի, համատեղ հայտարարության այս կետը չի գործում։   

Հաշվի առնելով վերոնշյալը՝ նախատեսվող քայլերն ու գործողությունները պետք է առավելագույնս և հնարավորինս սինքրոնացվեն ՌԴ հետ՝ խիստ սահմանափակ ժամկետներում (1, 2 օր)։ ՌԴ հետ գործողություններն սինքրոնացնելուն զուգահեռ (իսկ արդյունքի բացակայության դեպքում՝ անհապաղ) անհրաժեշտ է ժամ առաջ որակական և քանակական էական փոփոխության ենթարկել միջազգային գործընկերների հետ աշխատանքների իրականացումը՝ ի փրկություն Արցախի և Արցախի մեր հայրենակիցների։ 

-        2022-ի դեկտեմբերի 12-ից սկսած բազմաթիվ կոչեր ու հայտարարություններ են եղել միջազգային հանրությունից, տարբեր պետություններից, կառույցներից ու անհատ գործիչներից, որոնք, սակայն, որևէ արդյունք չեն ունեցել։ Հետևաբար, միջազգային հանրությունից և հիմնական դերակատարներից ակնկալիքները պիտի լինեն շատ հստակ, այդ թվում՝ հրատապ իրականացվող գործողություններով ու հստակ օրակարգով։

-        Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականության պայմաններում այս հարցով իրապես մտահոգ ու զբաղվող պետությունը, միջազգային կառույցը կամ կազմակերպությունն ունի Բաքվի վրա ճնշում գործադրելու մի գործուն ճանապարհ՝ ուղերձ Ադրբեջանին, Թուրքիային և ողջ աշխարհին, որ կոնկրետ ժամկետներում Արցախի շրջափակումն անվերապահ չդադարեցնելու ու Ղարաբաղյան խնդրի քաղաքական կարգավորման նպատակով բանակցային գործընթաց չվերադառնալու պարագայում իրենց կողմից օրակարգային է դառնալու Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացը։

 

Ներկայացված բանաձևերից բխող գործողությունների ծրագիր

Արցախի գործող իշխանություններից ակնկալվում է՝

-        ՌԴ գործընկերներին կապի պատշաճ միջոցներով տեղեկացնել տիրող իրավիճակի և Արցախի կողմից նախատեսվող քայլերի մասին (վերջիններս ներկայացված են ստորև), փորձել ՌԴ հետ հստակ ձևակերպել Արցախի ապաշրջափակման և ԼՂ քաղաքական կարգավորման նպատակով բանակցային գործընթացի վերամեկնարկի համատեղ օրակարգ, ՌԴ տեսակետի, դիրքորոշման արագ ճշգրտում՝ հետագա քայլերի պլանավորման, իրականացման հետ կապված։

-        Միջազգային հանրության հետ բոլոր ուղղություններով տարվող գործընթացներում առավելագույնս օգտագործել ԼՂՀ ԱԳ նախարարի՝ Հայաստանում գտնվելու և տեղաշարժի ազատությունից բխող հնարավորությունը՝ հստակ օրակարգով։ Հնարավոր բոլոր քայլերով հասնել նրան, որ Արցախի ԱԳ նախարարը պատշաճ կերպով ընդունվի այս հարցում դերակատարում ունեցող պետությունների, ապա նաև բարեկամ երկրների կողմից։

-        Իրականացվող աշխատանքներում ներգրավել սփյուռքի ներկայացուցիչներին, ակնառու գործիչներին՝ առկա օրակարգը կյանքի կոչելու նպատակով։  

-        Հստակ ազդակ ուղղել միջազգային գործընկերներին, բարեկամ երկրներին առ այն, որ ՀՀ կողմից Արցախի անկախությունը չճանաչելը որևէ կերպ չպիտի կաշկանդի նրանց՝ սեփական քայլն անելուց, այդ թվում՝ ճանաչելուց։ Ավելին՝ բանակցությունների օրակարգում պիտի ներառվեն նաև այն բոլոր «առավելությունները», որոնք կարող են լինել Արցախն առաջինը ճանաչող երկրների համար[2]։

-        ՌԴ և Ֆրանսիայի հետ (համապատասխան՝ ՌԴ հետ գործողությունների սինքրոնացման արդյունքների) աշխատանքի միջոցով ՄԱԿ ԱԽ մշտական անդամներին հասցնել Արցախի իշխանությունների ձայնն ու մոտեցումը, ընկալումն ու ակնկալիքը՝ կապված իրավիճակի և դրա հանգուցալուծման հետ։ Սրա հիմքում պիտի դրվի նույն բանաձևը՝ եթե հստակ, կարճ ժամանակահատվածում Ադրբեջանն անվերապահորեն չի դադարեցնում շրջափակումը և վերադառնում բանակցային սեղան, ակնկալվում է Արցախի ճանաչումը՝ որպես հումանիտար աղետից խուսափելու միակ գործուն միջոց։ Նշյալ գործողությունն անհրաժեշտ է զուգակցել լրացուցիչ անվտանգության երաշխիքների ապահովմամբ, առաջին հերթին՝ ՌԴ կողմից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ չի կարելի բացառել  ադրբեջանական հերթական ագրեսիան, առավել ևս, որ դրա մասին ուղղակի և անուղղակի ակնարկները պաշտոնական Բաքվի կողմից հնչում են ամենօրյա կտրվածքով։

-        Ձևակերպել ՌԴ կողմից ակնկալիքն առ այն, որ 1) ՌԴ կողմից պիտի լինի հստակ ուղերձ աշխարհին այն մասին, որ Մոսկվան շարունակում է մնալ 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարության երաշխավորը և որ որևէ ագրեսիա Արցախի և Արցախի բնակչության նկատմամբ դիտարկվելու է որպես համատեղ հայտարարության խախտում՝ դրանից բխող համապատասխան հետևանքներով, 2) ՌԴ-ն հավատարիմ է ՀՀ նկատմամբ ստանձնած իր դաշնակցային պարտավորություններին՝ անկախ գործող իշխանությունների հետ հարաբերություններից և որ 1997-ի պայմանագիրը գործելու է ողջ ծավալով՝ անկախ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացից (հիմք ընդունելով ԽՍՀՄ եղած սահմանները և քարտեզները, որոնք, ինչպես բազմիցս հայտարարվել է, ՌԴ տիրապետման ներքո են)։

-        ՌԴ հետ գործողությունների ծրագիրը սինքրոնացնելուց հետո կամ զուգահեռաբար անհրաժեշտ է հստակ և հասցեագրված աշխատանք միջազգային գործընկերների հետ․

  • Աշխատանք Ֆրանսիայի հետ՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող, ՄԱԿ ԱԽ մշտական անդամ պետություն, որպես հայ ժողովրդի բարեկամ երկիր։ Շրջափակումն անվերապահ չդադարեցնելու և ԼՂ քաղաքական կարգավորման օրակարգով բանակցային սեղան չվերադառնալու պարագայում Ֆրանսիայի կողմից բարձրացնել Արցախի ճանաչման խնդիրը՝ ավելի լայն կտրվածքով քայլեր իրականացնելով նաև ֆրանկոֆոն աշխարհում և ԵՄ-ում՝ ճանաչման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ։
  • Աշխատանք ԱՄՆ-ի հետ՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող, ՄԱԿ ԱԽ մշտական անդամ պետություն։ Աշխատանք վերոնշյալ բանաձևի ներքո և նույն տրամաբանությամբ։
  • Համապատասխան աշխատանք հարևան Իրանի հետ։
  • Համապատասխան աշխատանք բարեկամ երկրների հետ՝ Հունաստան, Կիպրոս և այլն։
  • Աշխատանք միջազգային կազմակերպությունների հետ։ Նախևառաջ՝ ՄԱԿ-ի հետ՝ իր կառույցներով, ապա՝ Եվրոպայի խորհրդի՝ հաշվի առնելով միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի, մարդու իրավունքների և հատկապես՝ կյանքի իրավունքի ոտնահարումը։ Աշխատանք Կարմիր Խաչի հետ՝ հաշվի առնելով հումանիտար աղետի վտանգը և այն հանգամանքը, որ հումանիտար աղետ ստեղծողի հետ դասական համաձայնեցումներն, առնվազն, տրամաբանական չեն։ Կարմիր Խաչն իր գործողությունները պիտի իրականացնի՝ որդեգրելով հումանիտար աղետից և ստեղծված իրավիճակից բխող ձեռագիր։

 

ՀՀ քաղաքացիներից, ՀՀ-ում գործող կառույցներից ակնկալվում է՝

-        Հայ առաքելական եկեղեցու կողմից աշխատանքների էլ ավելի ակտիվացում՝ որպես ստեղծված իրավիճակում հայ ժողովրդին համախմբող, միավորող կենտրոն։ ՀԱԵ-ն պիտի օգտագործի բոլոր հնարավորությունները, իր բոլոր կապերը, ընդ որում՝ Սբ. Ծննդյանը հաջորդող այս օրերին նման աշխատանքն առավել քան արդյունավետ կարող է լինել։ Հնարավոր գործողությունները բազմաթիվ են, օրինակ, ՌԴ ուղղափառ եկեղեցու հայրապետի հետ հովվապետական այցի կազմակերպում Արցախ՝ որպես աջակցություն Հայ առաքելական եկեղեցու և Ռուս ուղղափառ եկեղեցու՝ ի դեմս խաղաղապահ զորակազմի, հետևորդներին։ Սրա հիմքում հումանիտար բաղադրիչը պիտի լինի՝ ճանապարհի բացվելը հովվապետական այցի շնորհիվ։

ՀԱԵ-ից ակնկալվող հաջորդ կարևոր ուղղությունը էկումենիկ կապերի գործարկումն է և դրանց միջոցով մարդկության դեմ իրականացվող հանցագործությանը, հումանիտար աղետին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելը։ Օրինակ՝ հնարավոր ակցիա կարող է լինել միաժամանակ քույր եկեղեցիներում զանգերի ղողանջելը՝ ազդարարող ու բարձրաձայնող Արցախում քրիստոնյա ժողովրդի նկատմամբ իրականացվող ոճրագործության մասին (լայն լուսաբանմամբ)։         

-        Հայաստանյան ընդդիմության շատ արագ կոնսոլիդացիա։ Այստեղ նպաստող գործոն կարող է հանդիսանալ օպերատիվ շտաբի հիմնումը և առկա ռեսուրսների համախմբումը՝ վերը նշված հարցերում Արցախին օժանդակելու համար։ Այս նպատակով կարևոր կլինի հնարավոր բոլոր կապերի օգտագործումը, այդ թվում՝ խորհրդարանական (առկա և/կամ նախորդ շրջանում եղած), նաև՝ ակադեմիական հանրության կապերը՝ նշված բանաձևերի ներքո միջազգային գործընկերներին իրենց ուղերձը հղելու։

-        ԶԼՄ-ների աշխատանքի համակարգում, ակտիվացում։ Անհրաժեշտ է, որ ԶԼՄ-ներն իրենց ողջ ռեսուրսով լծվեն աշխատանքի՝ ներկայացնելով ահագնացող աղետի ողջ պատկերը, դրա հումանիտար բաղկացուցիչը՝ օգտագործելով հնարավոր բոլոր միջոցները՝ սոցցանցեր, հեռուսատատեսություն, տպագիր մամուլ և այլն։ Կարևոր է նման աշխատանքի լայնածավալ իրականացումը հատկապես  օտարալեզու հարթակներում։ Առավել արդյունավետություն ունենալու նպատակով անհրաժեշտ է հնարավորինս գործարկել սփյուռքի լրատվամիջոցներն ու նրանց ունեցած կապերը։ Միաժամանակ, ստեղծվելիք օպերատիվ շտաբի գործառույթների ներքո պետք է դիտարկվի ԶԼՄ-ների աշխատանքի համախմբումն ու արդյունավետության բարձրացումը։

-        Հայաստանյան հասարակական կազմակերպությունները, վերը նշված տրամաբանության ներքո, պիտի աշխատանքներ իրականացնեն իրենց գործընկերների հետ։ Նույնն ակնկալվում է նաև միջազգային կապեր ունեցող անհատ քաղաքացիներից։

-        Արցախի իշխանությունների լիարժեք ինքնուրույն և անկաշկանդ գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանում, Արցախում, Սփյուռքում առկա գործարար համայնքը կարող է ստեղծել հարթակ (որում կներգրավվեն ոչ միայն գործարարներ, այլև մեր բոլոր սրտացավ հայրենակիցները)՝ սահմանելով խնդիր հավաքագրելու և ստեղծելու  այլընտրանքային ֆինանսական ռեսուրսներ՝ համարժեք Արցախի կարիքներին։ Նվազագույն շեմ կարող է դիտարկվել ՀՀ կողմից Արցախին տրամադրվող տարեկան անժամկետ վարկի չափաբաժինը։ Այստեղ կա հրատապ քայլերի անհրաժեշտություն, և սա լինելու է արդիական առնվազն մինչև ՀՀ-ում իշխանափոխություն լինելը։

Վերը նշված քայլերն ու գործողությունները չեն հավակնում լինել ամբողջական։ Իրավիճակի փոփոխությունից ելնելով՝ դրանք հընթացս պիտի թարմացվեն ու լրացվեն։



[1] Ելնելով նշված բանաձևից՝ սույն Գործողությունների Ծրագիրը չի անդրադառնալու ՀՀ իշխանությունների կողմից ակնկալվող քայլերին ու գործողություններին։

[2] Արցախն առաջինը ճանաչող երկրներին խոստացվող առավելությունները ենթակա են մանրակրկիտ մշակման, ձևակերպման, և ենթակա չեն հրապարակման։

 

«Հայացք» կիրառական քաղաքականության և վերլուծությունների

հետազոտական կենտրոն


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.11.2024
       
    23.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: