ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՎԶԵԲ-ի փոխնախագահը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) քաղաքականության և գործընկերության գծով փոխնախագահ Մարկ Բոումենը և Արևելյան Եվրոպայի ու Կովկասի գծով գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեն հունվարի 16-ից 19-ը կայցելեն Կովկաս՝ նախ Հայաստան, այնուհետև Վրաստան, որից հետո Ադրբեջան: Այս մասին հաղորդում է Արմենպրես-ը՝ վկայակոչելով ՎԶԵԲ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունը:
Ուղևորության նպատակն է քննարկել առաջիկա ծրագրերը ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածում: Օրակարգում են նաև ֆինանսական կայունության, քաղաքականության բարեփոխումների և երկրների վերաբերյալ Բանկի առաջիկա նոր ռազմավարությունների նախապատրաստման վերաբերյալ քննարկումները:
Պատվիրակությունը նախ կայցելի Երևան, որտեղ ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները կհանդիպեն Հայաստանի քաղաքական առաջնորդների հետ։ Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ դիվանագետների, զարգացման միջազգային գործընկերների, գործարար համայնքի ղեկավարների և Բանկի գործող գործընկերների հետ։ Թիմը կայցելի նաև ՀՀ Կենտրոնական բանկ՝ հանդիպելու նախագահի և նրա տեղակալի հետ։
Վրաստանում ՎԶԵԲ-ի պատվիրակությունը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Վրաստանի քաղաքական ղեկավարության հետ։ ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները կհանդիպեն նաև դիվանագետների, միջազգային ֆինանսական հաստատությունների տարածաշրջանային ղեկավարների և Վրաստանի ներդրողների խորհրդի քարտուղարության հետ։
Ակնկալվում է, որ Թբիլիսիում գտնվելու ընթացքում Մարկ Բոումենը նաև սուվերեն վարկի պայմանագիր կստորագրի Վրաստանի Ֆինանսների նախարարության հետ՝ Թբիլիսիում մետրոյի մինչև 12 կայարանների վերականգնման և արդիականացման համար:
Բաքվում ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները կհանդիպեն Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ: Հանդիպումներ կկայանան դիվանագիտական հանրության ներկայացուցիչների, զարգացման միջազգային գործընկերների և Բանկի գործող բիզնես հաճախորդների հետ։ Թիմը կայցելի նաև Ադրբեջանի Կենտրոնական բանկ։
1992 թ.-ին Կովկասում իր գործունեության մեկնարկից ի վեր ՎԶԵԲ-ն ավելի քան 10 միլիարդ եվրո է ներդրել տարածաշրջանի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկ ոլորտներում ավելի քան 650 նախագծերում, որոնց մեծ մասը՝ մասնավոր հատվածում:
Անցած տարվա սեպտեմբերին տարածաշրջան էր այցելել ՎԶԵԲ-ի նախագահ Օդիլ Ռենո-Բասոն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: