ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն մտադիր է դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան. Ազատություն

NEWS.am

Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան, այս անգամ ոչ թե երկու ամսով, այլ`առնվազն երկու տարով:

Այս մասին հայտնում է Ազատություն-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Դեռ անցած շաբաթ այս նախագիծն ընդունվել է Եվրոպական խորհրդի Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում, երեկ էլ հաստատվել դիտորդական առաքելություններով զբաղվող հիմնական կառույցում՝ Ճգնաժամերի կառավարման քաղաքացիական հարցերի հանձնախմբում:

Ընդ որում, ի տարբերություն անցած հոկտեմբերին ուղարկված քառասուն հոգանոց խմբի, որը տեղակայվել էր հայ-ադրբեջանական սահմանին, այս անգամ եվրոպացի դիտորդները պարեկություն կանեն Հայաստանի ողջ տարածքում: Նախորդ առաքելության նման, այս անգամ էլ նրանք անզեն կլինեն:

Թե կոնկրետ քանի դիտորդ է ժամանելու, պաշտոնապես դեռ չի հաղորդվում: Ըստ «Ազատության» տեղեկությունների, սակայն, նոր առաքելության կազմում կլինի մոտավորապես երկու հարյուր եվրոպացի մասնագետ:

«Նրանց առաջնահերթությունն է նպաստել, որ Հայաստանի սահմանային գոտիներում ու հակամարտությունից տուժած շրջաններում միջադեպերը նվազեն, այդ տարածքներում ապրողների համար վտանգները կրճատվեն, և դրանով իսկ նպաստավոր պայմաններ ստեղծվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար», - ասված է հանձնախմբի եզրակացության մեջ:

Կառույցն առաջարկել է ԵՄ արտաքին գործերի նախարարությանը առաջիկա օրերին մշակել գործողությունների հատուկ պլան, որը կհստակեցնի`ինչ միջոցներով է երաշխավորվելու առաքելության անվտանգությունը, ինչպես են գնահատվելու ռիսկերը, ինչ պաշտպանիչ սարքավորումներ են տրամադրվելու, և կամ անհրաժեշտության դեպքում ինչպես է կազմակերպվելու դիտորդների տարհանումը:

Բացի այդ, առաջարկվում է հստակեցնել Հայաստանի իշխանություններից սպասվող աջակցությունը: Բրյուսելը, մասնավորապես, ակնկալում է, որ Երևանը կստանձնի ռուսական ստորաբաժանումների հետ եվրոպացիների շփումների կամ միջադեպերի կառավարման պատասխանատվությունը, ինչպես նաև անհրաժեշտ անձեռնմխելիություն ու արտոնություն կտա դիտորդներին:

Բաքուն, ի տարբերություն նախորդ երկամսյա առաքելության, այս մեկին հավանություն չի տվել: Ավելին, Ադրբեջանի նախագահը օրեր առաջ քննադատել էր նախաձեռնությունն ու պնդել, թե եվրոպացիներն իրենց խաբել են:

«Մենք Պրահայում քննարկել ու համաձայնել էինք, որ այդ առաքելությունը լինելու է կարճաժամկետ, քառասուն մարդուց բաղկացած և շարունակվելու է միայն երկու ամիս: Բայց հետո, ինչ-ինչ պատճառներով այս համաձայնությունը խախտվեց, ինչը, անշուշտ, խիստ հիասթափեցնող է: Որովհետև մենք լուրջ մարդիկ ենք, և եթե պայմանավորվել ենք, թեկուզ`բանավոր, պետք է խոսքը պահել: Ի՞նչ է նշանակում երկարաձգել առաքելությունը առանց մեզ հետ համաձայեցնելու, չէ՞ որ դա մեր սահմանների մոտ է լինելու», - ասել էր նա:

Ալիևը նաև պնդել էր, թե այդ քայլով Եվրամիությունը անվտանգությանը չի նպաստում, փոխարենը կասկածի տակ է դնում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ սկսված բանակցությունները Հայաստանի հետ: Դրանք, ի դեպ, դադարել են դեռ անցած ամիս, երբ Բաքուն չեղարկեց դեկտեմբերի յոթին նախատեսված հանդիպումն ու հրաժարվեց մեկ սեղանի շուրջ նստել Ֆրանսիայի նախագահի հետ: Հիմա Ալիևը սպառնում է նույնը անել նաև Եվրամիության դեպքում:

«Այդ առաքելության գործուղումը, իհարկե, շատ տհաճ է: Դա ոչ թե կբարելավի անվտանգությունը, այլ ընդհակառակը, կխաթարի բանակցությունների ձևաչափը: Մինսկի խմբի մահվանից հետո Եվրամիությունն էր սկսել դեր խաղալ, որին ես աջակցում էի: Սակայն, եթե նման խաղեր են խաղալու մեր մեջքի հետևում, ապա այդ ձևաչափի ապագան դրվում է կասկածի տակ», - նշել է Ադրբեջանի ղեկավարը:

Պաշտոնական Երևանը, մինչդեռ, պարբերաբար ընդգծում էր Եվրամիության դիտորդների դերն ու կարևորությունը: Ամիսներ առաջ վարչապետ Փաշինյանը պնդեց`դա ոչ միայն անվտանգությանն է նպաստել, այլև փաստացի արձանագրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող սահմանը:

«Եթե սահմանի գոյություն չֆիքսվեր, ո՛չ ԵՄ, ո՛չ էլ որևէ այլ դիտորդական առաքելություն չէր կարող գալ, որովհետև գար, ի՞նչը տեսներ, եթե պարզ չէ, թե որտեղ է սահմանը: Նրանք իրենց գործունեության արդյունքում խորը հետևություններ պետք է անեն և այդ հետևությունները պետք է փոխանցեն նաև դելիմիտացիայի գործընթացում ներգրավված պաշտոնյաներին և միջազգային հանրությանը», - նոյեմբերին ասել էր վարչապետը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Ակնկալվում է, որ Եվրամիության դիտորդները Հայաստան կժամանեն հաջորդ ամիս, առաքելությունը կսկսվի փետրվարի 20-ից: Այսօր արդեն այս հարցը կքննարկվի Միության դեսպանների հանդիպման ժամանակ, իսկ վերջնական որոշումը կկայացվի, ամենայն հավանականությամբ, հաջորդ երկուշաբթի Բրյուսելում՝ Եվրամիության երկրների արտգործնախարարների նիստում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: