ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն ամենաշատն է շահագրգիռ, որ տարածաշրջանում կոմունիկացիաները բացվեն. Փաշինյան

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանն ամենաշատն է շահագրգիռ, որ տարածաշրջանում կոմունիկացիաները բացվեն, ուրիշ որևէ մեկն այդ ճանապարհների կարիքն ավելի շատ չունի՝ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան, և քանի որ բոլորը հասկանում են, որ ՀՀ-ն ամենաշատն ունի այդ ճանապարհների կարիքը, փորձում են այդ ճանապարհները բացելու գինը Հայաստանի համար ավելացնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետն ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին՝ ԵԱՏՄ-ի և տարածաշրջանի կոմունիկացիաների բացման վերաբերյալ:

Վարչապետը ընդգծեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ կապող ցամաքային մեկ օղակ ունի՝ Վերին Լարսը՝ օբյեկտիվորեն անհաղթահարելի խնդիրներով, քանի որ ոչ ոք չի կարող կառավարել ձնահոսքերը, եղանակը, հեղեղումները, փլուզումները:

«Իհարկե, հիմա մեր վրաց գործընկերները նախաձեռնել են թունելի կառուցումը, որը խնդիրը մեծամասամբ կլուծի: Բայց, մյուս կողմից էլ, մենք, իհարե, հասկանում ենք, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան երկաթուղու և ավտոճանապարհների բացումն էականորեն կմեծացնի մեր առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ-ի և ոչ միայն ԵԱՏՄ-ի հետ»,-ասաց Փաշինյանը:

Նա վստահեցրեց, որ Հայաստանն այս առումով շահագրգռված է, պատրաստ է իրականացնել նոյեմբերի 9-իեռակողմ հայտարարության 9-րդ կետում գրվածը: 

«Ամենաշատը մենք ենք ուզում, որ այդ ճանապարհները բացվեն, և դիմադրում են մյուսները: Մենք ենք ամենաշատը շահագրգիռ, որովհետև մենք ենք, որ 30 տարի եղել ենք շրջափակման մեջ, ուրիշ որևէ մեկն այդ ճանապարհների կարիքն ավելի շատ չունի՝ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան: Իրենք բոլոր ճանապարհների այլընտրանքներն ունեն: Եվ, քանի որ բոլորը հասկանում են, որ մենք ամենաշատն ունենք այդ ճանապարհների կարիքը, փորձում են այդ ճանապարհները բացելու գինը մեզ համար ավելացնել: Մենք ասում ենք՝ չէ, եկեք այն, ինչ գրել ենք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, ճշգրիտ իրականացնենք: Եվ այն, ինչ չենք գրել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, մի վերագրեք եռակողմ հայտարարությանը»,-նշեց վարչապետը:

Փաշինյանը ընդգծեց՝ վերջերս Ադրբեջանի նախագահն ինքն է ասել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում միջանցք բառ չկա, ինքն է ներմուծել խոսույթ:

«Սրանով ամեն ինչ ասված է: Չկա գրված միջանցք, չկա գրված Հայաստանի սուվերենության որևէ սահմանափակում, չկա գրված Հայաստանի օրենսդրության կիրառության որևէ սահմանափակում: Եվ բառիս իսկական իմաստով արձանագրում եմ, որ մենք հենց վաղը պատրաստ ենք այդ բոլոր գործողություններն իրականացնել, մեկնարկը տալ»,-եզրափակեց վարչապետը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    31.12.2024
       
    01.01.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: