ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Amnesty International-ն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է բացել Լաչինի միջանցքն ու վերջ դնել հումանիտար ճգնաժամին

1lurer.am

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ծավալուն հայտարարությամբ անդրադարձել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից   գրեթե երկու ամիս փակ պահելու հետևանքներին ու կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ապաշրջափակել միջանցքը, վերջ դնել ծավալվող հումանիտար ճգնաժամին, հայտնում է Panorama։

Կազմակերպությունը շեշտում է, որ շրջափակումը խիստ սահմանափակում է Լեռնային Ղարաբաղում բուժօգնության հասանելիությունը, շարունակվող շրջափակումը մարդու իրավունքներին հասցվող վնասը սրվում է սննդի և վառելիքի պակասի պատճառով, ինչպես նաև 
Ադրբեջանը չի կատարում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ստանձնած իր պարտավորությունները՝ չձեռնարկելով շրջափակումը վերացնելու որևէ քայլ։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցնում է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է դեկտեմբերի 12-ից բոլոր քաղաքացիների ու տրանսպորտային միջոցների համար, լայնորեն տարածված է այն կարծիքը, որ ցուցարարները գործում են Ադրբեջանի իշխանությունների աջակցությամբ։

Ստեղծված իրավիճակում Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120,000 էթնիկ հայեր զրկված են առաջին անհրաժեշտության ապրանքներից և ծառայություններից, այդ թվում՝ կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցներից և բժշկական օգնությունից:

Տեղի բուժաշխատողների և շրջանի բնակիչների խոսքերով, շարունակվող շրջափակման հետևանքով առավել շատ տուժում են  կանայք,  տարեցներ ու հաշմանդամություն ունեցող մարդիկ:

«Շրջափակումը հանգեցրել է սննդի և դեղորայքի սուր պակասի, քանի որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների կողմից տրամադրվող մարդասիրական օգնությունը բավարար չէ բոլորին, ովքեր դրա կարիքն ունեն: Էլեկտրաէներգիայի, բնական գազի և ավտոմոբիլային վառելիքի մատակարարման ընդհատումները հսկայական դժվարություններ են ստեղծում առավել խոցելի խմբերի համար: Սա պետք է անհապաղ դադարեցվի», - նշել է Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Մարի Ստրութերսը:

«Ադրբեջանի իշխանությունները միջազգայնորեն ճանաչել են ինքնիշխանությունն այդ տարածքների նկատմամբ. նրանք վերահսկում են նաև այն տարածքը, որտեղից իրականացվում է շրջափակումը։ Ադրբեջանը պարտավոր է ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը զրկված չլինի սննդամթերքից, առաջին անհրաժեշտության այլ ապրանքներից և դեղամիջոցներից։ Ռուսական խաղաղապահ առաքելությունն իր հերթին պետք է ապահովի Լաչինի միջանցքի անվտանգությունը։ Այնուամենայնիվ, երկու կողմերն էլ ակնհայտորեն չեն կատարում իրենց պարտավորությունները»,- հավելել է Մարի Ստրութերսը:

Վկայակոչելով Արցախի իշխանությունների հրապարակած տվյալները՝ իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ մինչ շրջափակում ը Լեռնային Ղարաբաղ մուտք է գործել  օրական մոտ 1200 մեքենա, հիմա դրանց թիվը կրճատվել է՝ հասնելով 5-6 բեռնատարի, որոնք պատկանում են ԿԽՄԿ-ին ու ռուս խաղաղապահ զորախմբին։

Իրավապաշտպան կազմակեպությունն ընդգծում է, որ դեղորայքի պակասն ու բուժօգնության անհասանելիությունը բացասաբար է անդրադառնում նաև կանանց ու մայրական առողջության վրա։

Մարտակերտից Մելինե Պետրոսյանը, որ հղիության 7-րդ ամսում է, կազմակերպությանը պատմել է, որ բժշկական կենտրոնում դեղորայքի, հիգիենայի միջոցների, տակդիրների, կաթնախառուրդների պակաս կա։

«Հիվանդասենյակում շատ հաճախ ցուրտ է լինում էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների պատճառով։ Բժիշկներն իրենց տրամադրության տակ ունեն միայն մեկ ինկուբատոր՝ վաղաժամ ծնված երեխաների համար, վաղաժամ ծնված երեք երեխաներին հերթով են այնտեղ պահում։ Երբ մտածում եմ, թե նման պայմաններում որքան անկանխատեսելի կարող է լինել ծննդաբերությունը, ես վախենում եմ»,-ասել է կինը։

Իրավապաշտպան կազմակերպությունը ծավալուն հրապարակման մեջ անդրադարձել է նաև կրթության իրավունքի խախտմանը։ Բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները, որտեղ հաճախում են 27 հազար երեխաներ, ժամանակվորապես փակվել էին ջեռուցման բացակայության հետևանքով։ Չնայած հունվարի 30-ից դպրոցները մասամբ սկսել են գործել, սակայն պարապմունքներն օրական սահմանված են չորս դասաժամ։  Հազարավոր մարդիկ մնացել են իրենց տնից հեռու, այդ թվում 270 երեխաներ, որոնց տեղավորել էին Հայաստանի տարբեր հյուրանոցներում, հարազատների կամ կամավորների տներում։

«Բոլորը սպասում են Ադրբեջանի իշխանություններից ու ռուս խաղաղպահներից գործնական քայլեր։ Մենք կողմերին կոչ ենք անում ձեռնարկե միջազգային չափորոշիչներին համապատասխան արդյունավետ քայլեր, որպեսզի անհապաղ վերացվի Լաչինի շրջափակումն ու վերջ դրվի խորացող հումանիտար ճգնաժամին»,-նշել է Մարի Ստրութերսը։


Այս հաղորդագրության տարածմանը նախորդել են իրավապաշտպան կազմակերպության 16 հեռախոսազրույցներ Արցախի իշխանությունների, բուժաշխատողների, Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ, այդ թվում տարեց ու հաշմանդամություն ունեցող։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: