ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն արժանի է մեր լիակատար աջակցությանը․ Օլիվեր Վարհելի

Հաշվի առնելով Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա՝ Հայաստանը բարդ իրավիճակում է հայտնվել, քանի որ ստիպված է իր անվտանգության հարցում հենվել մի երկրի վրա, որն ագրեսիա է իրականացնում հարևան երկրի դեմ։ Այս համատեքստում Հայաստանը հայացքն ուղղել է դեպի Եվրոպական Միություն՝ որպես իր հիմնական գործընկեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ընդլայնման և հարևանության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին՝ ելույթ ունենալով ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ Եվրոպական խորհրդարանում կայացած քննարկմանը:

«Հաշվի առնելով ժողովրդավարության, հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում բարեփոխումների կայուն առաջընթացը՝ Հայաստանն արժանի է մեր լիակատար աջակցությանը։ Մեր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հայաստանի ներքին բարեփոխումների օրակարգի նախագիծն է։ Այն արդեն ավելի քան երկու տարի է՝ լիովին ուժի մեջ է», - նշել է եվրահանձնակատարը:

Օլիվեր Վարհելին հավելել է, որ ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանն ունի ավելի քան 2,6 միլիարդ եվրո պետական և մասնավոր ներդրումների հավաքագրման ներուժ, և արդեն տարբեր ծրագրեր են իրականացվում Հայաստանում՝ աջակցելով սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Վկայակոչելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների զեկույցը, որը ներկայացրել է ԵԽ պատգամավոր Անդրեյ Կովաչովը, Վարհելին նշել է, որ Հայաստանում դեռ շատ անելիքներ կան՝ կապված դատական ոլորտի, խտրականության դեմ պայքարի, գենդերային հավասարության, խոցելի խմբերի պաշտպանության և արտաքին ապատեղեկատվության զսպման հետ:

Վարհելին շեշտել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների սահմանումից հետո ավելացել է ԵՄ-Հայաստան առևտրաշրջանառությունը, սակայն ավելացել է նաև Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը:

«Թեև մենք ողջունում ենք մեր ավելի ինտենսիվ փոխանակումները Հայաստանի հետ՝ պայմանավորված երկրի աշխարհագրական դիրքով, այն նաև այն գործընկեր երկրներից է, որի հետ մենք մտադիր ենք ավելի սերտ համագործակցել՝ կանխելու պատժամիջոցների շրջանցումը», - հավելել է եվրահանձնակատարը:

Նա ընդգծել է, որ ԵՄ-ն ավելի ակտիվորեն է ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը նպաստելու գործում, և դրա մեջ անձնական շահագրգռվածություն ունի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի աջակցությամբ:

Օլիվեր Վարհելին նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կան հրատապ լուծման ենթակա բազմաթիվ հարցեր, որոնցից մեկը Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտն է, իսկ մարտի 5-ի ողբերգական միջադեպը (խմբ․ մարտի 5-ին Արցախում ադրբեջանցի դիվերսանտների հարձակման հետևանքով զոհվել են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության 3 ծառայողներ) ցույց տվեց, որ տարածաշրջանում իրավիճակը «դյուրավառ» է:

Եվրահանձնակատարը նաև անդրադարձել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը, որը հետևում է տեղում անվտանգային իրավիճակին և զեկուցում դրա մասին:

«Սա ևս մեկ կոնկրետ և էական տարր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելու Եվրամիության ջանքերում», - եզրափակել է Վարհելին:

Հիշեցնենք՝ երեկ Եվրոպական խորհրդարանը կողմ քվեարկեց ԵՄ-ՀՀ հարաբերությունների վերաբերյալ բանաձևին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: