ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մի՛ վնասեք Արցախին՝ դրանով իսկ ողջ Հայ ազգին ու Հայոց պետականությանը. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի կարծիքով` այս ծանր պայմաններում Արցախի հայությանը ամենաշատը պակասում է ոչ այնքան սնունդ, վառելիք կամ մեկ այլ նյութական միջոց, այլ՝ գործնական ուշադրություն:

«Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է և իմ ծննդյան տարեդարձը: Շնորհավորելով բոլոր հայերիս Մայր Հայաստանի Մայր օրենքի օրվա առթիվ՝ չեմ սպասում որևէ շնորհավորանքի տարեդարձիս կապակցությամբ: Փոխարենը, կցանկանայի ինձ հարգող յուրաքանչյուր անձի ուշադրությունը հերթական անգամ հրավիրել Արցախի ներկա վիճակի ու յուրաքանչյուրի անելիքների վրա:

Այս ծանր պայմաններում Արցախի հայությանը ամենաշատը պակասում է ոչ այնքան սնունդ, վառելիք կամ մեկ այլ նյութական միջոց, այլ՝ գործնական ուշադրություն: Անշուշտ, այս պայքարում հիմնական խաչը կրում է Արցախի հայությունը՝ ստանձնելով իր բաժին ազգային պատասխանատվությունը, սակայն մենք ակնկալում ենք ուշադրություն առաջնահերթորեն Հայ ժողովրդից ու Հայոց պետականությունից՝ որպես Արցախի տեր ու գլխավոր շահառու: Շրջափակման ընթացքում բազմաթիվ նախաձեռնություններ են եղել Արցախին աջակցելու համար, որոնց բոլորի հեղինակներին ու մասնակիցներին երախտապարտ ենք:

Այժմ խնդիր ունենք ավելի գործնական ու զանգվածային դարձնելու Արցախին աջակցող նախաձեռնությունները, որոնցից կուզեի այսօր առանձնացնել «Հայաքվեն»: Այն գործնական է, քանի որ նպատակ ունի հստակ մեխանիզմի կիրառման միջոցով ամրապնդել ու երաշխավորել ՀՀ Անկախության հռչակագրով ու Սահմանադրությամբ ամրագրված պետական-ազգային պարտավորությունները Արցախի ու Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Իսկ Հայաքվեի գլխավոր արժեքը Արցախի շուրջ գործնական ու գաղափարական համախմբումն է, որը հստակ ազդակներ է փոխանցում Արցախի հայությանը առ այն, որ միայնակ չենք մնացել մեր արդար ու ազգային պայքարում:

Արցախը բացառիկ նշանակություն ունի Հայ ժողովրդի ու Հայոց պետականության անցյալի, ներկայի ու ապագայի համար, և, հետևաբար, յուրաքանչյուր հայի ազգային ու քաղաքացիական պարտավորությունների մեջ է մտնում հայկական ու անվտանգ Արցախի նպատակին ծառայելը: Դա կարելի է անել թե՛ բարեխիղճ պետական-ազգային ծառայությամբ, թե՛ Հայաքվեին կամ այլ ակցիայի միանալով, թե՛ այլ ծրագրեր իրագործելով, թե՛ Հայաստանում և այլ երկրներում պահանջատիրական ու իրազեկման ակցիաներ իրականացնելով և բազմաթիվ այլ եղանակներով: Սակայն կուզեի ընդգծել, որ Արցախին օգնելու առաջնահերթ ձևը չվնասելն է. ակտիվ վնասարարության ձևերից են՝ ադրբեջանական անդունդի մեջ հրելը՝ նույնիսկ խոսքերով, արցախցիների ու հայության այլ հատվածների միջև պառակտում հրահրելը և այլն, իսկ պասիվ ձևերից՝ անտարբերությունը, հուսահատությունը, հարմարվողականությունը և այլն:

Ուրեմն, սիրելի՛ հայրենակիցներ աշխարհի բոլոր անկյուններում, տոնական ու ծննդյան իմ իրավունքից օգտվելով՝ յուրաքանչյուրիդ եղբայրաբար խնդրում, հորդորում ու պահանջում եմ՝

• Մի՛ վնասեք Արցախին՝ դրանով իսկ ողջ Հայ ազգին ու Հայոց պետականությանը,
• Մի՛ թույլ տվեք այլոց ևս վնասել,
• Մի՛ տրվեք հուսահատության ու անելանելիության թշնամական որոգայթին,
• Հնարավորինս գործնական ձևերով սատարե՛ք Արցախին աջակցող ցանկացած նախաձեռնության,
• Մի՛ մոռացեք, որ նպատակին հասնում են պայքարով, պայքարն ուղեկցվում է նաև զրկանքներով, իսկ առանց պայքարի՝ ազգերը արևի տակից արագորեն գլորվում են հողի տակ»,- Facebook-ում գրել է Բեգլարյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: