ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Կարծես, համակենտրոնացման ճամբար լինի․ մոռացված ճգնաժամը Եվրոպայի շեմին»․ Telegraph-ի անդրադարձը Լեռնային Ղարաբաղում իրավիճակին

Armenpress

The Telegraph բրիտանական հայտնի պարբերականը լայնածավալ հոդված է հրապարակել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին։ Հոդվածը կրում է հետևյալ խորագիրը՝ «Կարծես, համակենտրոնացման ճամբար լինի․ մոռացված ճգնաժամը Եվրոպայի շեմին»։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոդվածի հեղինակ Ջեսի Ուիլյամսը զրուցել է Արցախի մի քանի բնակիչների հետ, որոնք ներկայացրել են տեղում ստեղծված ծանր իրավիճակը։

TELEMMGLPICT000242196991_16920887627900_trans_NvBQzQNjv4BqLf6XVudQ0d-fF3pHUPFzEAeAINc0hTrVyV1td0u1hTM.jpeg (589 KB)

«Եթե սա շարունակվի, մարդիկ, ի վերջո, կմահանան։ Մարդիկ արդեն իսկ մահանում են։ Այժմ բոլորն հիվանդ են թերսնման պատճառով և մինչև մահամերձ վիճակում չեն լինում, չեն գնում հիվանդանոց, քանի որ այնտեղ շատ երկար հերթեր են», - ասել է պարբերականի զրուցակիցն Արցախից։

Հոդվածի հեղինակն անդրադառնում է Արցախյան առաջին պատերազմին և 2020 թ․-ի Արցախյան երկրորդ պատերազմին, մանրամասն ներկայացնում է այն խնդիրները, այդ թվում՝ սննդի, դեղորայքի, վառելիքի և այլ ապրանքների պակասը, որոնց բախվել են Արցախի բնակիչները շրջափակման 8 ամիսների ընթացքում։ 

TELEMMGLPICT000242731117_16920887361200_trans_NvBQzQNjv4BqpVlberWd9EgFPZtcLiMQf0Rf_Wk3V23H2268P_XkPxc.jpeg (365 KB)

Պարբերականը նաև անդրադառնում է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցին, որում վերջինս նախազգուշացնում էր, որ Ադրբեջանը ԼՂ էթնիկ հայերի դեմ ցեղասպանություն է նախապատրաստում։
«Մենք կորցրել ենք մեր ազատությունը, զրկվել ենք մեր իրավունքներից։ Այժմ մենք, ասես, ապրում ենք համակենտրոնացման ճամբարում», - նշում է պարբերականի մեկ այլ զրուցակից Արցախից։

Հոդվածի հեղինակը նաև մեջբերում է «Հաշտեցման ռեսուրսներ» կազմակերպության կովկասյան ծրագրի ղեկավար Լորենս Բրոերսի խոսքերը, որը նշում է, որ Ուկրաինայում հակամարտությունը «մեծապես թուլացրել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի գերիշխանությունը և Ադրբեջանին բավական հնարավորություններ է տվել՝ մարտահրավեր նետելու այդ գերիշխանությանը»։

Նման տեսակետ է հայտնել նաև Բրիտանիայի խորհրդարանում Հայաստանի հարցերով խորհրդարանական խմբի նախագահ Թիմ Լոութենը։

TELEMMGLPICT000344376941_16920901287940_trans_NvBQzQNjv4Bqek9vKm18v_rkIPH9w2GMNpPHkRvugymKLtqq96r_VP8.jpeg (930 KB)

«Ադրբեջանը, միանշանակ, օգուտ է քաղում այն փաստից, որ Ռուսաստանն այլ խնդիրներով է զբաղված։ Կասկած չունեմ, որ սա Ադրբեջանի էթնիկ զտման ծրագրի մի մասն է, և նույնիսկ եթե այս փուլում սա ցեղասպանություն չէ, ապա, միանշանակ, մեկ քայլ է դրանից հեռու», - ասել է Լոութենը։

Հոդվածում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով Բրիտանիայի վարած քաղաքականությանը։ Ըստ հեղինակի՝ Բրիտանիան չի դատապարտում Ադրբեջանին՝ չնայած Հայաստանի հարցով խորհրդարանական խումբը նման հորդորով դիմել է երկրի արտգործնախարար Ջեյմս Քլևերլիին։ Վերջինիցս պատասխան չի ստացվել։

Լոութենը քննադատել է Միացյալ Թագավորության կողմից «կոշտ պատասխանի ակնհայտ բացակայությունը»՝ ընդգծելով, որ այլ երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան և ԱՄՆ-ն, հրապարակայնորեն դատապարտել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը:

«Մեծ Բրիտանիան պետք է հստակեցնի, որ նախ, սա անընդունելի է, և երկրորդ, եթե նրանք ոչինչ չանեն, ապա կլինեն հետևանքներ, որոնք կարող են սկսվել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներից», - ավելացրել է բրիտանացի պատգամավորը:

Հոդվածում նշվում է, որ Բրիտանիայի լռության պատճառը տնտեսությունն է․ Բրիտանիան Ադրբեջանում ամենախոշոր օտարերկրյա ներդրողն է։ Վերջին 30 տարվա ընթացքում British Petroleum ընկերությունը շուրջ 84 միլիարդ դոլար է ներդրել Ադրբեջանում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: