ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առկա բարդ ու վտանգավոր զարգացումների հանդիման առավել քան մտահոգիչ են Հայաստանի իշխանությունների անհամաչափ արձագանքներն ու վարքագիծը․ Գերագույն Հոգևոր Խորհուրդ

Գերագույն Հոգևոր Խորհուրդը, անդրադառնալով հայրենիքի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերներին և դրանց հետևանքով Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված կացությանը, արձանագրում է, որ հայրենական կյանքում առկա իրավիճակը ծայրահեղ մտահոգիչ է․

«Ադրբեջանական իշխանությունների օգտագործած հռետորաբանությունը, ինչպես նաև նախաձեռնած քայլերը ակներև են դարձնում, որ վերջինս պաշտոնապես որդեգրել է ոչ միայն Արցախի Հանրապետությունը, այլև` Հայաստանի Հանրապետության  ինքնիշխան տարածքները բռնազավթելու, էթնիկ հայկական ինքնության հետքերն ու ժառանգությունը ոչնչացնելու քաղաքականություն` նպատակ հետապնդելով կազմաքանդել հայոց պետականությունը: Ադրբեջանը ոչ միայն չի դադարեցնում Արցախի շրջափակումը, այլև շարունակում է իրականացնել  ցեղասպան իր քաղաքականությունը` թշնամանքի ու բռնության նորանոր դրսևորումներով: Ադրբեջանի պետական և հանրային ողջ քարոզչամեքենան լծված է հակապատմագիտական թեզերի միջոցով հանրային լայն հարթակներում հայոց պետականության և ողջ հայության դեմ կեղծ ու հերյուրածին տեղեկությունների տարածմանը:

Առկա բարդ ու վտանգավոր զարգացումների հանդիման առավել քան մտահոգիչ են Հայաստանի իշխանությունների անհամաչափ արձագանքներն ու վարքագիծը: Մերժելի է հատկապես Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, որը չունի բարոյական, իրավական ու անվտանգային որևէ հիմնավորում և բացարձակապես չի համապատասխանում մեր ժողովրդի հավաքական սպասումներին ու ազգային շահերին։ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը` անսակարկելի են, Արցախի ժողովրդի հանրաքվեով իրացված ինքնորոշման իրավունքը` անվիճարկելի:

Գերագույն Հոգևոր Խորհուրդը բարձր է գնահատում Արցախյան խնդրի կարգավորման ուղղությամբ միջազգային կառույցների ներդրած ջանքերը: Այսուհանդերձ, Արցախի հայության առջև ծառացած անմիջական սպառնալիքների համատեքստում միջազգային կառույցների կողմից իրականացվող քայլերն ու նախաձեռնությունները, ցավոք, շարունակում են մնալ  անհամարժեք։

Հայրենիքի առջև ծառացած գոյաբանական մարտահվերների հաղթահարման համար ՀՀ իշխանությունները պարտավոր են ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կհամախմբեն ազգային, քաղաքական և հասարակական կառույցների ողջ ներուժն ու կարողությունները` Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Հայրենիքն ամենքինս է, հայոց պետականությունը` սրբազան մասունքը յուրաքանչյուր հայի:

Արցախի Հանրապետության տոնին` սեպտեմբերի 2-ին ընդառաջ, Գերագույն Հոգևոր Խորհուրդն իր զորակցությունն է բերում Արցախի քաջարի ժողովրդին` հայրենի երկրում ազատ, անկախ ու արժանապատիվ կյանքի համար հերոսական իր պայքարում։

Գերագույն Հոգևոր Խորհրդի կոչն է մեր ժողովրդին` ամենայն սթափությամբ գնահատել երկրում ստեղծված իրավիճակը, թոթափել անտարբերության թմբիրը, հանձնառություն ստանձնել  հայրենիքի համար և ամենուր մասնակից ու աջակից դառնալ Արցախի անկախության պաշտպանությանն ուղղված ծրագրերին ու միջոցառումներին:

Ամուր վստահություն ունենք, որ Աստծո և սերունդների առջև ամբողջանվեր պատասխանատվությամբ և մեր նախնյաց քաջարի ոգով ու տոկունությամբ կարող պիտի լինենք հաղթահարելու մեզ բաժին ընկած ծանրագույն մարտահրավերները:

Թող Աստված օրհնի երկիրն հայրենի և ժողովրդյանն հայոց. Ամեն»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: