ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կանխարգելիչ հարվածն ինքնապաշտպանության իրավունքի մաս է հանդիսանում

-Հունվարի 26-ին Պաշտպանության նախարարությունում ՀՀ նախագահի ելույթը շատերը գնահատեցին բավականին կոշտ, մասնավորապես՝ կանխարգելիչ հարվածներ հասցնելու նրա հայտարարության մասով: Ինչո՞վ էր պայմանավորված նման ելույթը և ի՞նչ կարելի է ակնկալել առաջիկայում:

Ինչ վերաբերվում է նախագահի ելույթին, կցանկանայի ընդգծել, որ այն, ըստ իս, ներառում էի տարբեր հասցեատերեր ունեցող մի շարք հաղորդագրություններ: Կանխարգելիչ հարվածների մեխանիզմը թերևս նորություն չէ, բայց մինչև այժմ որպես կանոն հայկական կողմն իր պատասխան գործողություններում շեշտադրումը դրել է սիմետրիկ կամ ասիմետրիկ պատասխանի վրա:

Նախագահի հայտարարությանից կարող ենք ենթադրել, որ հայկական կողմը, ելնելով ստեղծված իրավիճակից, համապատասխան փոփոխություններ է կատարում իր գործելաոճում: Հայկական կողմերը բազմիցս տարբեր մակարդակով հայտարարել են, որ մեր հարվածները միայն պատասխանն են ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման, հայկական դիրքերի նկատմամբ իրականացվող դիվերսիաներին, սակայն այժմ իրավիճակը, կարծես, փոխվում է: Հակառակորդի միլիարդավոր դոլլարների հասնող ռազմական ծախսերը, ինչպես նաև վերջին շրջանում սահմանային միջադեպերի բնույթի փոփոխությունը և լարվածության աննախադեպ աճը ստիպում են ասիմետրիկ հարվածների ռազմավարությանը զուգահեռ կիրառել նաև կանխարգելիչ հարվածներ` հայկական կողմերի համար հնարավոր սպառնալիքների, մասնավորապես`սահմաններին և շփման գծի երկայնքով կուտակումների դեպքում:  Կանխարգելիչ  հարվածը միջազգային իրավունքի տեսանկյունից   ինքնապաշտպանության իրավունքի մաս է հանդիսանում և ենթադրում է հարված անվտանգության սպառնալիքի աղբյուրին: Պատմության ընթացքում կանխարգելիչ հարվածների/պատերազմների օրինակները բազմաթիվ են, իսկ վերջին տարիներին այս մեխանիզմը արդյունավետորեն կիրառվում է Իսրայելի կողմից:

Վերադառնալով ելույթին նշեմ, որ դրա կոշտ բնույթը թերևս պայմանավորված է տարիների փորձով, որոնք վկայում են, որ Ալիևին և նրա մերձավորներին սթափեցնելու և զսպելու միակ տարբերակը առավել կոշտ պատասխանն է: Կարծում եմ` որևէ կասկած չկա, որ Ադրբեջանի կողմից նման անհեռատես գործելաոճը շարունակելու դեպքում հայկական պատասխանը պետք է լինի բավական հուժկու՝ հակառակորդի «իրականության զգացողությունը» վերադարձնելու համար:

Բացի ադրբեջանական կողմին ուղղված հաղորդագրություններից, նախագահի ելույթը որոշակի տարրեր էր պարունակում նաև` ուղղված միջազգային հանրությանը: Մի կողմից այն ազդանշան էր, որ Հայաստանը նման կոշտացման է գնում հարկադրված` ստեղծված իրավիճակից ելնելով, որի պատճառներից մեկն էլ համանախագահների արհեստականորեն «բալանսավորված», երբևէ իրական մեղավորներին չառանձնացնող արձագանքներն ու համապատասխան հայտարարություններն են: Միջազգային հանրության, մեղմ ասած, ոչ օբյեկտիվության վերջին վառ դրսևորումներից էր նախորդ տարի ԼՂՀ ՊԲ ուղղաթռի խոցման և հայ օդաչուների աճյունների դուրսբերման խնդրի շուրջ համանախագահների ոչ այնքան ադեկվատ արձագանը, ինչը ևս մեկ անգամ փաստեց, որ ՀՀ և ԼՂՀ անվտանգության միակ երաշխավորը հայկական բանակն է:  

Հատկանշական է նաև, որ կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունք վերապահելը նաև ազդանշան էր, որ հայկական կողմը լիարժեք տիրապետում է իրավիճակին և պատրաստ է պարտադրված պատերազմի, իսկ «պատերազմ չսկսելը» բանակցային գործընթացում որպես զիջում ներկայացնելու ադրբեջանական թեզը շանտաժ է, որը չի գործում:

Հուսով եմ` բոլոր հաղորդագրությունները հասել են իրենց հասցեատերերին, իսկ ադրբեջանական կողմը հայկական ուժերի կազմակերպած գործողությունների արդյունքում կրած մի քանի տասնյակ կորուստներից հետո առավել ողջախոհ կգտնվի այսուհետ և կսկսի առավել արժևորել սեփական զինվորների կյանքը:

 

-Ինչո՞վ կբացատրեք հակառակորդի ակտիվությունը վերջին շրջանում: Ի՞նչն է դրդրում հակառակորդին գնալ նման քայլերի:

 Ցավոք` հունվար ամիսը, պայմանավորված սահմանային միջադեպերով, բավականին լարված էր: Երկու կողմերն էլ կրել են կորուստներ, ինչի ողջ պատասխանատվոթյունն ադրբեջանական ղեկավարության վրա է: Հակառակորդի նման ակտիվությունը բացատրել մեկ կամ երկու հանգամանքով, կարծում եմ,  ճիշտ չի լինի: Այդ ակտիվությունը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձին նշանակությունը:

Այս պահին նման գործոններից ամենակարևորը, որքան էլ տարօրինակ հնչի, Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է:  2015-ը հանդիսանում է Ցեղասպանության հիշատակման և դատապարտման կարևորագույն հանգրվան և ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ: Թուրքիան իր հերթին, բնականաբար, հակաքայլերի նախապատարաստությունների մեջ է, օրինակ՝ Գալիոպոլի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարությանը և այլն: Թերևս հենց այս համատեքստում բավական տրամաբանական է, որ սահմանային նման ակտիվությունն Ադրբեջանի կողմից պայմանավորված է Թուրքիայի «խնդրանքով», ինչը նպատակ ունի շեղել ինչպես միջազգային, այնպես էլ հայ հայության ուշադրությունը, խլել մեզանից լրացուցիչ ռեսուրսներ:

Բացի թուրքական գործոնից ադրբեջանական նման ակտիվությունը կարելի է բացատրել նաև Ադրբեջանի ներքին խնդիրներից՝ մարդու իրավունքների բազմաթիվ կոպիտ խախտումներից, ազգային փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող ճնշումներից հասարակության ուշադրությունը շեղելու ցանկությամբ: Բացի ներքին լսարանից, այն ուղղված է նաև դեպի միջազգային հանրությանը:

Ինչ վերաբերվում է բանակցային գործընթացի վրա այս իրադարձությունների հնարավոր անդրադարձին, ապա այս առումով Ադրբեջանը թերևս ցանկանում է կրկին ակտիվացնել իր այն թեզը, թե «պատերազմ չսկսելն իր կողմից արդեն իսկ մեծագույն զիջում է», ինչը շրջանառվում է որոշակի զիջումներ կորզելու նպատակով: Նշածս բոլոր գործոններն էլ այս կամ այն կերպ գտնվում են հունվարյան այս ակտիվացման հիմքերում, այլ խնդիր է, թե որքանով է Ադրբեջանին հաջողվում այդպիսով իրագործել իր նպատակները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: