ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դեբալցևոյի իրավիճակը մեծացնում է խաղաղ գործընթացի տապալման հավանականությունը

Փետրվարի 12-ին բավական բարդ բանակցություններից հետո «Նորմանդական քառյակի» ձեռք բերված պայմանավորվածությունները և Մինսկի համաձայնագրի ստորագրումը որոշակի հույս առաջացրեցին ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հետ կապված: Ինչպիսի՞ն է իրավիճակն այժմ: Պահպանվու՞մ է արդյոք հրադադարի ռեժիմը:

Հաշվի առնելով կնքված փաստաթղթի վերաբերյալ հնչած արձագանքները և հայտարարությունները՝ կարող ենք միանշանակորեն նշել, որ դրանք ունեն բացառիկ կարևորություն և ուրվագծում են հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզը: Համաձայնագրից արդեն որոշ կետեր, ըստ փոխհամաձայնեցված պլանի, արդեն իսկ մտել են իրականացման փուլ, որոնցից թերևս ամենակարևորը հրադադարի ռեժիմի պահպանումն է փետրվարի 15-ի 00.00-ից: Թեև կողմերը հանդես են եկել կրակի դադարեցման հրամանով, այնուամենայնիվ հրադադարը լիարժեք պահպանել չի ստացվում: Ապստամբների և ուկրաինական զինված ուժերի միջև ընդհարումներ են տեղի ունեցել Լուգանսկում, Ռայգորոդկում և Դեբալցևոյում: Իրավիճակը թերևս ամենաբարդը հենց Դեբալցևոյում է, որն, էլ ըստ տարբեր փորձագետների գնահատականների, դարձել էր եվրոպական առաձնորդների նախաձեռնողականության հիմնական դրդապատճառը:

Դեռևս նախորդ ամսվա վերջերից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների զինված ուժերին հաջողվել է Դեբալցևո բնակավայրում շրջափակման մեջ վերցնել տարբեր տվյալներով ուկրաինական բանակի և ազգային գվարդիայի մոտ 8 հազար զինյալ: Արդեն շուրջ երկու շաբաթ տևած մարտերից հետո ուկրաինական ստորաբաժանումներին չի հաջողվում ճեղքել շրջափակումը, իսկ ապստամբները փորձում են հնարավորինս նեղացնել օղակը՝ ստիպելով հակառակորդին հանձնվել:

Հատկանշական է, որ երկու կողմերն էլ տարածքը համարում են իրենցը, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը: Ապստամբները պնդում են, որ Դեբալցևոյի վերաբերալ Մինսկի համաձայնագրում որևէ խոսք չկա և իրենք պատրաստ են «կանաչ գոտի» ստեղծել ուկրաինական զորքի հետ քաշման համար, սակայն միայն առանց զենքի և տեխնիկայի: Ուկրաինական կողմը իր հերթին դա դիտարկում է անթույլատրելի և որպես մինսկյան պայմանավորվածությունների խախտում:

 

Ինչպիսի՞ն է միջազգային արձագանքը Դոբալցեվոյի «կաթսայում» տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Հնարավո՞ր է, որ այն դառնա մինսկյան գործընթացի տապալման պատճառ:

Միջազգային տարբեր կառույցներ, անգամ ՄԱԿ-ն, արդեն իսկ իրենց մտահոգությունն են հայտնել հրադադարի խախտման դեպքերի հետ կապված: Պայմանավորվածությունները չկատարելու մեկ այլ օրինակ էլ կապված է ԵԱՀԿ դիտորդական խմբի հետ, որին արգելել են մուտք գործել նույն Դեբալցևո, ինչը ապստամբները բացատրում են նախօրոք դիմում չներկայացնելու հանգամանքով: Արդեն իսկ հայտարարություն է տարածվել, որ դիտորդական խումբը երկրորդ անգամ է փորձելու մտնել Դեբալցևո: Նշեմ, որ Դեբալցևոն, Մարիուպոլի և Դոնեցկի օդանավակայանի հետ միասին հանդիսանում է այն ռիսկային գոտիներից, որը ԵԱՀԿ-ն առանձնացրել է մշտադիտարկումներ անցկացնելու համար:

Ինչ վերաբերվում է փխրուն հրադադարի վերջնական տապալմանը, ապա, հաշվի առնելով կողմերի միջև առկա լարվածությունը, հնարավոր չէ որևէ բան բացառել: Դեբալցևոյի «կաթսայի» պահպանումը ժամ առ ժամ մեծացնում է ողջ գործընթացի տապալման հավանականությունը: Բացի այդ պետք է որպես իրավիճակն ապակայունացնող առանձին գործոն դիտարկել նաև որևէ մեկի վերահսկողության տակ չգտնվող զինված խմբերը, որոնք ևս կարող են սադրանքների և նոր սրմացման պատճառ դառնալ:   


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    25 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: