ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Իսկանդեր-Մ»-ի հայկական հեռանկարը

Օրերս Հայաստանի խորհրդարանն արտահերթ նիստի ժամանակ ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել հայ-ռուսական նոր համաձայնագրին, որով Հայաստանը Ռուսաստանից ստանալու է 200 մլն դոլար արտոնյալ վարկ՝ ռուսական արտադրության ռազմական միջոցներ ձեռք բերելու համար:

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի՝ ողջ գումարը պետք է ծախսվի զենքի գնման համար, ընդ որում՝ պետք է ձեռք բերվի այնպիսի տեխնիկա, որի նմանը Հայաստանը մինչ օրս չի ունեցել: Հատկանշական է այն հանգամանքը, որ Հայաստանը, հայ-ռուսական պայմանագրային բազայի շնորհիվ ռուսական տեխնիկան ձեռք է բերում գործարանային գներով, որոնք նախատեսված են բացառապես ռուսական բանակի համար: Այս հանգամանքը բավական կարևոր է ՀՀ տրամադրության տակ առկա ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման և ՀՀ-ի ու ԼՂՀ-ի անվտանգության բարձրացման տեսանկյունից:

Նշենք, որ արդեն հասցրել է մամուլ թափանցել տեղեկություն այն մասին, թե ինչ զինտեխնիկա պետք է ձեռք բերի Հայաստանը: Ըստ «Ժամանակ» թերթի՝ Հանրապետական կուսակցությունում ունեցած աղբյուրների՝ արտոնյալ վարկի միջոցներով պետք է ձեռք բերվեն ռուսական գերժամանակակից օպերատիվ-տեխնիկական «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգեր: Տվյալ համակարգերը ռուսական ամենալավ մշակումկներից են և ունեն բավական լուրջ տեխնիկական բնութագիր:

Նշենք, որ ավելի վաղ տարբեր աղբյուրներով տեղեկություն էր տարածվում, թե Հայաստանի տարածքում առկա են «Իսկանդեր-Մ» համակարգեր, սակայն դրանք պատկանում են ոչ թե ՀՀ Զինված ուժերին, այլ Գյումրիի ռուսական ռազմաբազային: Օբյեկտիվության համար պետք է նշել, որ տվյալ տեղեկությունը պաշտոնապես ոչ հաստատվել, ոչ էլ հերքվել է:

Վերադառնանք գործարքին: Այս առումով պետք է նկատել, որ «Իսկանդեր-Մ» համակարգերի վաճառքը բացի ֆինանսական գործարք լինելուց լուրջ քաղաքական որոշման արդյունք է, քանի որ հենց սկզբից այս համակարգերի արտադրությունն այդքան էլ հարթ չէր ընթանում և Ռուսաստանն անգամ լիովին չի բավարարել սեփական զինված ուժերի պահանջարկը: Այս ամենը ևս մեկ անգամ հստակ ընդգծում է տվյալ որոշման կարևորությունը և քաղաքական բնույթը, իսկ որպես դրա պատճառներ կարող ենք առանձնացնել հետևյալ գործոնները.

-      վերջին շրջանում  հայկական կողմից բավական հաճախ (անգամ բարձր մակարդակով) բարձրաձայնվել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործարքների մասին, և, անկասկած, ռուսական կողմը փորձելու էր քայլեր ձեռնարկել հայ գործընկերների մոտ առկա անհանգստությունը ցրելու և հավասարակշռության հնարավոր պահպանման ուղղությամբ,

-      վերջին շրջանում տարբեր գործոններ և միջադեպեր (Գյումրիի միջադեպ, զենքի վաճառք Ադրբեջանին և այլն) հասցրել էին որոշակի ստվեր գցել հայ-ռուսական ռազմավարական դաշինքի վրա: Չենք կարող բացառել, որ «Իսկանդեր-Մ» համակարգերը (որոնք կլինեն տարածաշրջանում միակը)  Հայաստանին վաճառելու մասին որոշումն ուղղված է ռազմավարական գործընկերության իմիջի վերականգմանը,

-      բավական հայտնի է այն թեզը, որ սպառազինությունների մրցավազքի ժամանակ, երբ կողմերն արդեն իսկ տիրապետում են  խոցման լուրջ պոտենցիալ ունեցող զենքերի, որքան էլ պարադոքսալ է, դրանք սկսում են հակառակ ազդեցություն ունենալ և ծառայում են որպես կողմերին զսպող գործոն (պատմության մեջ նման օրինակները բավական շատ են և առավել վառ են դրսևորվում միջուկային զենքի պարագայում):  

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Հայաստանի կողմից «Իսկանդեր-Մ»-ի հնարավոր ձեռքբերման նորությունը չէր կարող անտարբեր թողնել ադրբեջանական ղեկավարությանը, որի հրամանով ադրբեջանական ԶԼՄ-ներն արդեն սկսել են ակտիվորեն լուսաբանել և մակնաբանել (անշուշտ իրենց համար ցանկալի տեսանկյունից) առաջիկայում կայանալիք գործարքը:

Բաքվի անհանգստությունն օբյեկտիվ է, քանի որ տվյալ համակարգերի միայն տեխնիկական բնութագիրը (գերճշգրիտ հրթիռների թռիչքի հեռավորությունը մինչև 500 կմ) բավարար է, որպեսզի ռազմական գործից հեռու հասարակ քաղաքացին նույնիսկ հասկանա, որ պատերազմի դեպքում Ադրբեջանի՝ վերջին տարիներին ձեռք բերած ողջ ռազմական տեխնիկան չի կարող ապահովել անգամ մայրաքաղաք Բաքվի անվտանգությունը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: