ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քրիստոսի Պայծառակերպության տոն: «Վարդավառը գալիս ա»

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է, որն այս տարի նշվում է հուլիսի 12-ին: Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուսն Աստծո Որդին է: Տոնի թելադրանքն է՝ սիրել Աստծուն, լսել Նրա պատվիրանները և իրականցնել Աստծո կամքը: Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է՝ «դեմքը փայլեց ինչպես արեգակը. և նրա զգեստները դարձան սպիտակ՝ ինչպես լույսը» (Մատթեոս 17.2, Մարկոս 9.2, Ղուկաս 9.29), հայտնում է Qahana.am-ը: Սբ. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսի` վարդի հետ համեմատությամբ. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուսը մինչև այլակերպությունը Իր մեջ կրում էր Աստվածության պայծառությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը: Վարդավառը գալիս ա, ծաղիկը ցնծալիս ա, Այ գյուլում կանչող աղջիկ, ձենդ ծլվլալիս ա… («Սոնա յար» Կոմիտաս) Ժողովրդի մեջ տոնն առավել հայտնի է Վարդավառ անունով: Այն Հայաստանի առանձին բնակավայրերում ունի անվանման տարբեր ձևեր, որոնք հիմնականում պայմանավորված են հայոց ներէթնիկ խմբերի բարբառային առանձնահատկությամբ, ինչպես նաև տոնի գլխավոր ուխտավայրերի ու առավել տարածված բաղադրիչների գերակա անվանումներով: Ինչպես օրինակ՝ Վարթավառ (Արճակ),Վարդևոր (Լոռի, Ջավախք, Կաղզվան), Վարդիվոր (Դերսիմ), Ճրճանքի օր (Շաղաթ), Ճրճան (Մարտիրոս-Վայոց Ձոր), Պալլում, Պարլում կամ Պարլամօն (Քեսաբ): Չնայած անվանումների բազմազանությանը, հայոց կենցաղում Վարդավառն ուներ գրեթե համընդհանուր արարողակարգ: Վարդավառը համընկնում էր դաշտերում հասունացած հացահատիկների հավաքին: Տոնի օրը գրեթե ամենուր հասկեր էին տանում եկեղեցի ` խնդրելով, որ դաշտերը կարկուտից և մորեխից անվնաս մնան: Ցորենի հասկերից «Խաչբուռ» էին պատրաստում: Դրանք լինում էին խաչաձև, ծառի ճյուղի, ծաղկեփնջի նման և այլն: Եկեղեցու բեմը և Ս. Սեղանը զարդարում էին հազարավոր ծաղիկներով ու վարդի փնջերով: Մինչ եկեղեցում երգում էին «Խորհուրդ խորին», «Սուրբ, սուրբ», «Մարմին տերունական»-ը, դրսում երիտասարդները աղավնի էին թռցնում: Եթե աղավնին երեք անգամ պտտվում էր սիրած աղջկա տան կտուրին, նույն աշնանը հարսնության էին տանում նրան: Նախիջևանում վաղ առավոտյան կանայք թելերի վրա ծաղիկներ, խնձոր, մանր վարունգ և վարդեր ամրացնելով, խաչաձև կապում էին երեխաների կրծքին և տանում եկեղեցի (Արտակ արք. Մանուկյան, «Հայ եկեղեցու տոները»): Ինչպես առաջին խաղողն ուտում էին Վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնին, այնպես էլ տարվա առաջին խնձորն ուտում էին Վարդավառին: Մինչև Վարդավառ ընդունված էր խնձոր չուտել, «խնձորի պաս» էր: Վարդավառից առաջ նշանված աղջիկները մի ամանի մեջ ցորեն կամ գարի էին կանաչեցնում: Վարդավառին մի երեխայի հասակի չափ փայտ էին տնկում այդ կանաչի մեջ ու զարդարում մանր վարունգով, խնձորով ու վարդերով: Փայտը հաճախ թևավոր էր լինում: Այս զարդարած փայտը կանաչի հետ միասին կոչվում էր «Խնդում»: Տոնի կարևոր պայմաններից է միմյանց վրա ջուր ցողելը: Հատկապես երիտասարդները, առուների եզրին կամ աղբյուրների մետ հավաքվելով, ժամեր շարունակ ուրախ կատակներով, ճիչ ու աղմուկով ջուր էին ցողում միմյանց վրա: Վարդավառը ցնծության, կերուխումի, երգ ու պարի տոն էր` ողողված վարդերով, ծաղիկներով ու ջրով: Ավանդույթները ժողովրդի մշակույթի մի մասն են կազմում և դրանց միջոցով է, որ կարելի է պատկերացում կազմել տվյալ ժողովրդի, նրա պատմության ու մշակույթի մասին: Այսօր արդիական է ժողովրդական ավանդույթների վերականգման և պահպանման հարցը: Այդ պատճառով Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կազմակերպել են մի շարք միջոցառումներ, որոնք կանցկացվեն ժողովրդական սովորությունների համաձայն: Հուլիսի 12-ին՝ Ս. Երրորդություն, Զորավոր Ս. Աստվածածին, Արգավանդի Ս.Սարգիս, Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ, Արևշատի Ս. Աստվածածին եկեղեցիների բակերում, հավարտ Ս. Պատարագի, կտոնախմբեն Վարդավառը՝ ժողովրդական ավանդություններով:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2025
       
    25.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: