ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մետաքսի ճանապարհ․ Հայաստանը որպես կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև

Վերջին տարիներին ավելի ու ավելի են զարգանում հայ-չինական հարաբերությունները, բայց վերջին մի քանի ամիսները հատկապես հաջողակ էին այս առումով: Պատճառն, ըստ երևույթին, ներկայիս փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակն է, ինչպես նաև Հայաստանի աճող դերն ու նշանակությունն այս համատեքստում:

Մեծ մետաքսի ճանապարհի վերականգնումը եղել է չինական այն նախաձեռնություններից մեկը, որը հիմք հանդիսացավ հայ-չինական հարաբերությունների խորացման համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը դարեր ի վեր եղել է առևտրի համար կարևոր տարանցիկ գոտի Արևմուտքի և Արևելքի միջև:

մետաքսի ճանապարհի վերականգնման կարևորության մասին արտահայտվել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Ռուսաստանի Ուֆա քաղաքում տեղի ունեցած գագաթաժողովի ժամանակ՝ նշելով, որ այդ ճանապարհը տրանսպորտային նախագծերի և նորանոր ենթակառուցվածքների շինության լավ հիմք կարող է հանդիսանալ: Մինչ այդ՝ մարտ ամսին, Չինաստան կատարած իր այցելության ժամանակ Սերժ Սարգսյանը հուշագիր էր ստորագրել մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծմանն ուղղված համագործակցության խորացման վերաբերյալ:

«Հայաստանը պատրաստ է ասիացի գործարարների համար հետաքրքրության կենտրոն դառնալ: Ես նույնիսկ կառաջարկեի մեր երկրում չինական և այլ ասիական խոշոր ընկերությունների տարածաշրջանային մասնաճյուղեր բացել: Հատկապես հետաքրքիր կլինի գործարարների համար էներգետիկ սեկտորը, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի և Հայաստան-Իրան երկաթուղային գծերի կառուցման համատեքստում», - նշել է ՀՀ նախագահը: Սա, իհարկե, նոր հեռանկարներ կբացի ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար:

Հայաստանի՝ մետաքսի ճանապարհին միանալու առավելությունները պատկերացնելու համար հարկ է պատմական էքսկուրս կատարել ու տեսնել, թե ինչ դեր ու նշանակություն ուներ այդ ճանապարհը դարեր առաջ:

մետաքսի ճանապարհը, որպես այդպիսին, բացվել է մ.թ.ա. 2-րդ դարում, երբ Հռոմեական և Հան չինական կայսրությունների միջև աստիճանաբար ընդլայնվում էր առևտուրը: Այս ճանապարհի շարունակությունն, այսպես կոչված, «Հարավային ճանապարհն» էր, որն անցնում էր Բակտրիայով դեպի Միջագետք և Սիրիա. առևտրի ճանապարհն Արևելքից անցնում էր Հայաստանով, ավելի կոնկրետ՝ Արտաշատ քաղաքի միջով, այնտեղից էլ ձգվում էր դեպի Սև ծովի նավահանգիստներ: Իսկ 5-րդ դարում արդեն Դվինը՝ որպես Հայաստանի նոր մայրաքաղաք, փոխարինելու եկավ Արտաշատին: Առևտրի երթուղին, որը կապում էր Չինաստանը, Կենտրոնական Ասիան և Իրանը Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսի հետ, անցնում էր հենց Դվինով:

9-10-րդ դարերում հայկական Արծն, Անի և Կարս քաղաքները սկսեցին էական դեր խաղալ համաշխարհային առևտրում: Հետագայում պեղումների ժամանակ չինական մետաքս, ճենապակի, պարսից կավագործության նմուշներ ու ներկանյութեր են հայտնաբերվել Անիում: 10-11-րդ դարերի հայ պատմաբան Ասողիկը (Ստեփանոս Տարոնցին) տեղեկացնում է, որ Սմբատ 1-ինի օրոք (890-914) «Դաշտը վերածվել է գյուղի, իսկ գյուղը՝ մի հարուստ քաղաքի բազմաթիվ մարդկանցով լի, որտեղ նույնիսկ հովիվները սկսեցին հայտնվել մետաքսի զգեստներով»:

Մետաքսի ճանապարհի առևտուրը աճել է մասնավորապես 13-14-րդ դարերում, երբ մոնղոլները նոր լիցք հաղորդեցին Արևելքի և Արևմուտքի միջև առևտրային հարաբերությունների զարգացմանը: Այս ընթացքում էր ահա, որ Կիլիկիայի հայկական թագավորությունը դարձավ տարանցիկ առևտրի գոտի Արևմուտքի և Արևելքի միջև: Շատ առևտրականներ, այդ թվում՝ իտալական նշանավոր վաճառական և ճանապարհորդ Մարկո Պոլոն, հենց Կիլիկիայի միջոցով են դեպի Արևելք հասել:

Իսկ 15-րդ դարի կեսերին արդեն, երբ սկսեցին զարգանալ ծովային առևտրական ուղիները, ինչպես նաև տնտեսական անկում տեղի ունեցավ Կենտրոնական Ասիայիում, Մեծ Մետաքսի ճանապարհը, որ գոյություն էր ունեցել շուրջ 15 դար շարունակ, դադարեց իր նպատակին ծառայել:

Նույնիսկ ավելորդ է ընդգծել, թե որքան մեծ կարևորություն է Հայաստանն այնժամ ունեցել Արևելքի և Արևմուտքի համար: Դարեր են անցել, և կարծես թե պատմությունը կրկնվում է՝ բացելով նոր հնարավորություններ ողջ աշխարհի և Հայաստանի համար, մասնավորապես:

Իհարկե, հաշվի առնելով, որ այժմ 21-րդ դարն է իր բարձր զարգացած տեխնոլոգիաներով հանդերձ, Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները դառնալու կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև՝ լինելով նույնիսկ ավելի կարևոր խաղացող, քան եղել է նախկինում: Արդեն կա քաղաքական կամք դրա համար, որն արտահայտվել է տարբեր մակարդակներում, և միակ բանը, որ մնում է Հայաստանին՝  իր ողջ ներուժն օգտագործելն է, ինչպես նաև նախաձեռնողի դերում հանդես գալը և Չինաստանի հետ հստակ ու ճիշտ դիվանագիտություն տանելը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: