ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

51 տարի անց հայերը վերադառնում են Թուրքիայի խորհրդարան

2015 թվականը հատկանշական տարի էր Թուրքիայի համար ոչ միայն տեղի ունեցած երկու խորհրդարանական ընտրությունների առումով, այլ նաև թուրքական խորհրդարան անցած ազգային և կրոնական փոքրամասնությունների քանակով: Մասնավորապես, նոյեմբերի 1-ին կայացած ընտրությունների արդյունքում ազգությամբ 3 հայեր, ովքեր ընտրվել էին հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ, կրկին անցել են թուրքական խորհրդարան:

 Մարգար Եսայանը Ստամբուլի 2-րդ ընտրատարածքում առաջադրվել էր Արդարություն և զարգացում կուսակցությունից: Նա աշխատել է որպես լրագրող Yeni Şafak օրաթերթի համար, հայտնում է թուրքական Hurriyet-ը: 

Հայազգի Սելինա Դողանը, ով Ժողովրդա-Հանրապետական կուսակցության ընտրացուցակում զբաղեցնում էր առաջին հորիզոնականը, վերընտրվել է Ստամբուլի 2-րդ ընտրատարածքում: Սելինա Դողանն աշխատում է որպես փաստաբան: ԺՀԿ-ի նախագահ Քեմալ Քիլիչդարօղլուն Սելինա Դողանին որպես թեկնածու ներկայացնելիս նշել է, որ «նրա թեկնածությունը կարևոր հաղորդագրություն է աշխարհին»:

Թուրքական խորհրդարանում կաշխատի նաև Ստամբուլի 3-րդ ընտրատարածքում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության ընտրացուցակում 2-րդ տեղը զբաղեցնող Գարո (Կարապետ) Փայլանը։

Երեք հայ պատգամավորների վերընտրվելն ազդարարում է 51 տարի բացակայությունից հետո հայերի վերադարձը Թուրքիայի խորհրդարան: Վերջին անգամ թուրքական խորհրդարանում աշխատած հայ պատգամավորը Բերք Սահակ Թուրանն էր, որ աշխատել է 1961-1964 թվականներին: Այս տվյալները ներկայացնում է Al-Monitor կայքը: 

Ընդհանուր առմամբ հանրապետական Թուրքիայի պատմության ընթացքում ոչ մուսուլման փոքրամասնություններից խորհրդարանում պատգամավոր են ընտրվել 24 ներկայացուցիչներ: Առաջինը Բերք Քերեսթեսիյանն է̦ ով երկու անգամ վերընտրվել է: Նրանից բացի ԺՀԿ-ի միակուսակցական կառավարման 27 տարիների ընթացքում, երբ ոչ մի այլ կուսակցություն չէր կարող մասնակցել ընտրություններին, ևս երկու հույներ, երկու հրեաներ և մեկ ուղղափառ թուրք ծառայել են խորհրդարանում:

1946 թվականին̦ երբ մեկնարկեց բազմակուսակցական համակարգը̦ ԺՀԿ-ից պատգամավորներ ընտրվեցին Հունական ուղղափառ համայնքի 2 ներկայացուցիչներ: 1950-1960 թվականներին, երբ Թուրքիան ղեկավարում էր Դեմոկրատական կուսակցությունը̦ երկրի օրենսդիր մարմնում ծառայում էին 4 հրեա, 3 հույն և 3 հայ:

1960 թվականի մայիսի ռազմական հեղաշրջումից հետո ստեղծված Հիմնադիր Ասամբելայում ներառված էին հրեական, հունական և հայկական փոքրամասնությունների մեկական ներկայացուցիչներ: Հայկական համայնքը ներկայացնում էր Հերմինե Աղավնի Գալուստյանը, ով խորհրդարանում աշխատած ոչ մուսուլման փոքրամասնությունների առաջին կին ներկայացուցիչն է եղել:

Երբ 1964 թվականին հայ պատգամավոր Բերք Սահակ Թուրանն ավարտեց իր աշխատանքը խորհրդարանում, ոչ մուսուլման փոքրամասնությունները 31 տարի շարունակ մնացին առանց ներկայացուցչի:  Այս դադարն ընդմիջվել է 1995 թվականին ազգությամբ հրեա ներկայացուցչի կողմից: 1999-2011 թվականներին ոչ մուսուլման ներկայացուցիչներ Թուրքիայի խորհրդարանում չեն եղել, իսկ նախորդ խորհրդարանում միայն մեկ ասորի է եղել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: