ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հոգեբան. Տոնի հոգեբանության սերմանումը սկսվում է դեռևս մանկությունից

Ամանոր, տոնի հոգեբանություն, լավ տրամադրվածության կարևորություն... Ահա այս մասին է խոսել ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, հ.գ.թ. Սոնա Հարությունյանն «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ բացառիկ հարցազրույցում:

 



 - Ամանորի նախաշեմին մարդիկ սկսում են տոնական նախապատրաստական աշխատանքներ, որոնք, սակայն, երբեմն պարտականության ու բեռի զգացողություն են առաջացնում: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք այս առումով հոգեբաններն աշխատելու տեղ չունեն հասարակության հետ՝ իրական տոնի հոգեբանությունը նրանց մեջ սերմանելու համար:

 

- Տոնի հոգեբանության սերմանումը սկսվում է դեռևս մանկությունից: Այն, թե ինչ տրամադրությամբ և ինչպես կդիմավորենք Ամանորը մեծապես կախված է տոների հանդեպ մեր վերաբերմունքից, որի  ձևավորմանը նպաստում է հատկապես ընտանիքը: Եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ  հաճախ տոների, այդ թվում նաև Ամանորի հետ կապված ասոցիացիաները մանկության տարիների տպավորությունների և հիշողությունների արտացոլումն են: Հետևաբար խիստ անհատական են տոնի մասին պատկերացումները,որի արդյունքում նաև կազմակերպման բովանդակությունը: Ոմանք համարում են, որ Ամանորի համար կարևոր է ուտեստների քանակը, նվերները, ոմանք շեշտադրում են տոներից դրական հուզական վիճակի ապահովումը: Հոգեբանական տեսանկյունից նախատոնական շրջանը նաև պատասխանատու փուլ է մարդկանց կյանքում, քանի որ ամփոփում են նախորդ տարին և դիմավորում նոր տարի:  Այստեղ ցանկալի է, որ նախորդ տարին ամփոփելիս առանձնացնեն և կենտրոնանան ձեռքբերումների և հաջողությունների վրա, գնահատեն այն, ինչ ունեն և դրական տրամադրվածությամբ պլանավորեն մյուս տարվա նպատակները: Նախատոնական սթրեսից զերծ մնալու համար անհրաժեշտ է պլանավորել ժամանակը, գնումները, իսկ հետտոնական սթրեսից խուսափելու համար ցանկալի է  սպասելիքները համապատասխանեցնել սեփական հոգեբանական  և ֆինանսական ռեսուրսներին:



Հաճախ ենք լսում՝ «ինչպես տարին սկսես, այնպես էլ կշարունակես» արտահայտությունը: Սա, կարծես թե, նոր սկզբի, հույսի և լավատեսության նշան է: Ի՞նչ անել, որպեսզի այդ լավ տրամադրվածության մթնոլորտը պահպանվի:

- Անշուշտ, Ամանորը նորի սպասումով և դրական լիցքերով է հագեցած: Այն, կարծեք, կյանքի նոր էջ է, որտեղ մեզանից յուրաքանչյուրն ինքն է հեղինակը, թե ինչպիսին կլինի այդ էջն իր տրամադրությամբ և մտքերով: Մենք պետք է հավատանք հրաշքի` չկորցնելով իրականության զգացումը: Լավ տրամադրությունը պահպանելու համար կարևոր է  նախևառաջ ողջ տարվա ընթացքում առողջ ապրելակերպին հետևելը:

 

- Հոգեբանության տեսանկյունից ի՞նչ ուժ ունի ժպիտը և դրական տրամադրվածությունը:

- Տրամադրության փոփոխությունը  նորմալ պրոցես է, պարզապես պետք է լավ տրամադրությունը գերակշռող լինի: Ամանորի շրջանակներում դրական տրամադրվածությունը մեծ ռեսուրս է  տարին հաջողությամբ սկսելու համար: Իսկ ընդհանրապես, ժպիտը, դրական մտքերը, լավատեսությունը մեծացնում են ներդաշնակ հարաբերությունների, հաջողությունների հավանականությունը,  մինչդեռ բացասական մտքերն ու վատատեսությունը կարող են հանգեցնել  դեպրեսիայի:

Լի լավատեսությամբ՝ ցանկանում եմ, որ 2016թ-ին բոլորի կառուցողական սպասելիքներն արդարացված լինեն: Մաղթում եմ աշխարհին խաղաղություն, հայ ընտանիքներին` ջերմ, ներդաշնակ և երջանիկ մթնոլորտ: Հավատում եմ, որ 2016-ի էջը ողողված կլինի բարությամբ և լավատեսությամբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: