ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպե՞ս են Հայաստանում նշել Նոր տարին նախկինում և այժմ՝ Կաղանդ, Նավասարդ, Ամանոր

Տոնակատարություններից իր մեծությամբ և մասայականությամբ առաջին տեղը գրավող Ամանորը տարվա ամենակարևոր տոներից մեկն է համարվում և՛ քրիստոնյաների, և՛ այլադավանների համար: Տարեմուտը զուտ տարին տարիով փոխելու տոն չէ, այն իր մեջ այլ հոգևոր խորհուրդ ունի: Նախկինում Նոր տարին տոնվում էր նիսանի 1-ին՝ մարտի 22-ին՝ Ադամի ստեղծվելու օրը (ինչպես ամիսների սկիզբ): Այդ օրը մարդիկ միմյանց շնորհավորում էին և նվերներ մատուցում։ Այդպես Նոր տարին ավանդաբար տոնվել է մինչև Բաբելոնի աշտարակաշինությունը, սակայն աշտարակի կործանումից և լեզուների բաժանումից հետո 72 ազգերի նահապետներն այլ երկրներում հաստատվելու օրն  իրենց ազգի համար հայտարարեցին տարվա առաջին օր, իսկ տվյալ ամիսը՝ տարվա առաջին ամիս:  Եվ ամեն տարի այդ օրը միմյանց շնորհավորում էին ու ասում. «Նոր օր, նոր տարի: Քանզի այսօր մենք մտանք մեր երկիրը, որը ժառանգեցինք»:

Դարեր շարունակ ձգվող իր պատմության ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ , Ամանոր անուններով: 

«Կաղանդ» բառը ծագել է լատիներեն calendae բառից, որը հայերենում ստացել է նոր տարվա առաջին օրվա նշանակությունը՝ ըստ մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը, որը նաև բնության զարթոնքի խորհրդանիշն էր: «Կաղանդ» բառի բացատրությունը լավագույնս տվել է Անանիա Շիրակացին իր «Տիեզերագիտություն և տոմար» գրքում. «Զի՞նչ է կաղանդ և կաղանդիկոս: Կաղանդ ամսամուտ է և կաղանդիկոս նախասկզբնակ օր տարույն»:

Բոլոր գավառներում Կաղանդը նշվում էր մեծ տոնախմբությամբ, տաճարներում տոնական  ծեսեր էին կատարվում, որոնք ուղեկցվում էին աստվածներին զոհեր մատուցելով: 

Հայոց երկրորդ Նոր Տարին նշվում էր հայկական օրացույցի՝ Նավասարդի 1-ին  այն օրը, երբ հայոց հիմնադիր Հայկ Նահապետը հաղթեց Տիտանյան Բելին: Ըստ ավանդության` Հայկ նահապետը Հայոց Ձոր գավառում օգոստոսի 11-ին է սպանել բռնակալ Բելին և ազատություն շնորհել իր տոհմին: Այդ ժամանակից էլ հայերը Նոր տարին սկսել են տոնել օգոստոսի 11-ին: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել նախքան Քրիստոսը 2492 թվականին:

Հնագույն ժամանակներում Ամանորյա ծիսակատարության ժամանակ մառաններից տուն են բերվել մրգերի և չրերի շարաններ և կախվել առաստաղից:  Ի տարբերություն ներկայիս առատ սեղանների՝ հնում Հայաստանում արգելվում էր սեղանին ամեն տեսակ մսեղեն դնելը, քանի որ Նավասարդը համարվում էր պահքի օր: Սեղանի զարդը համարվում էր տանտիկինների կողմից պատրաստված  Տարի հացը, որի մեջ պատրաստելու ընթացքում դրվում էր գուշակության դրամը` դովլաթը: Հացը բաժանվում էր 12 մասերի, և դովլաթը բաժին հասած ընտանիքի անդամին Նոր տարում հաջողություններ էին սպասվում: Մշտապես պատրաստվող ծիսական հացերն ասոցացվում էին նաև պտղաբերության հետ: Դրանով է բացատրվում նաև հատիկավոր կերակուրների առկայությունը, ինչի վառ օրինակը ավանդական աղանձն է:


Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ Կաղանդ պապը, ով հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով:

Կաղանդ պապը ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։ Նրան ընկերակցում էին խլվլիկներն ու արալեզները՝ Երա և Անի, Հազարան, Փուշ, Իմաստուն, Անտես, Եղեգ, Արեգ, Ասպետ, Ճտպտիկ, Փառփառ, Չարմազան։ Խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը փոքրիկներին ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն:

Ինչ վերաբերում է տոնածառին, ապա նախկինում հայերն այն հիմնականում փոխարինել են ձիթենու ճյուղերով, որի չոր ճյուղերի վրա գունավոր թելերով կախել են մրգեր, չրեր և խմորեղեն:

Տանտերը Կաղանդի ծառը նաև տարել է եկեղեցի և քահանայի օրհնությունը ստանալուց հետո վերադարձրել  տուն:

Ներկայումս բոլոր քրիստոնյա ազգերն Ամանորը տոնում են հունվարի 1-ին, որը նշանավորում է Հիսուս Քրիստոսի ծննդյան ամիսը: Հունվար նշանակում է ծնունդ: Մինչ Քրիստոսի աշխարհ գալն ամբողջ մարդկությունը մահանալուց հետո գերի էր դժոխքում, քանի որ բոլորն էլ մահանալուց հետո դժոխք էին գնում: Քրիստոսն այդ ամսին ծնվելով՝ ավերեց դժոխքը, մարդկությանը մեկընդմիշտ ազատեց հավիտենական մահից և առաջնորդեց Երկնքի արքայություն, այդ պատճառով էլ հունվար ամիսը քրիստոնյաների համար դարձել է  ամիսների սկիզբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: