ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջան-Իրան համաձայնագրերի շուրջ աղմուկն ու դրանց իրական արժեքը

Ալիևի թեհրանյան այցը և ձեռք բերված պայմանավորվածությունները որոշակի անհանգստություն առաջացրեցին Հայաստանի հանրային և մեդիա դաշտում: «Անհանգստության» պատճառ դարձան ադրբեջանական և երբեմն անգամ անգիտակցաբար նրանց օգնող որոշ հայկական լրատվականներ՝ շտապելով ադրբեջանա-իրանական պայմանավորվածությունները հռչակել որպես նշանակալի ձեռքբերում, որի շնորհիվ «Բաքուն մեկ քայլ առաջ անցավ Երևանից»:

Իրականում շատ վիճելի են ինչպես այցի «պատմական» որակումներն, այնպես էլ դիվանագիտական հնարավոր հաղթանակի վերաբերյալ դատողությունները:

Պետք է ընդգծել, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման շուրջ Ժնևյան համաձայնագրի կնքումից հետո Իրանից բարձր մակարդակի պաշտոնյայի (Իրանի նախագահի առաջին տեղակալ, երկրի փաստացի վարչապետ Էսհաղ Ջահանգիրի) գլխավորությամբ առաջին պատվիրակությունը ժամանել է հենց Հայաստան, ինչը, հաշվի առնելով Իրանի դիվանագիտական մշակույթի նրբություններն, ավելի քան խորհրդանշական էր և պարունակում էր հստակ ազդանշան:

Ինչ վերաբերում է Թեհրանում ստորագրված շուրջ մեկ տասնյակ իրանա-ադրբեջանական պայմանագրերին, ապա դրանք որպես Բաքվի լուրջ ձեռքբերում դիտարկելն այդքան էլ ճիշտ չէ: Միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքումից և Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկումից հետո, բնականաբար, ստեղծվել է նոր իրավիճակ, և Իրանը բոլոր գործընկեր երկրների հետ կարիք ունի թարմացնել իրավապայմանագրային բազան, այդ թվում՝ կնքելով նոր պայմանագրեր: Հայաստանի հետ նույնպես այս գործընթացն արդեն սկսվել է (գերատեսչությունների մակարդակով) և երկու երկրների ղեկավարներից որևէ մեկի այցի դեպքում ևս, անշուշտ, մենք ականատես կլինենք մոտ մեկ տասնյակ համաձայնագրերի կնքման, որն, ինչպես նշեցինք, բնական գործընթաց է:

Թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական ԶԼՄ-ների կողմից բավական մեծ ուշադրություն դարձվեց իրանական և ադրբեջանական երկաթուղիների միավորման վերաբերյալ կնքված համաձայնագրին: Սակայն, հանրային շրջանակներում տվյալ համաձայնագրի հետ կապված «շոկային» արձագանքն անտրամաբանական և ոչ ադեկվատ է: Ադրբեջան-Իրան երկաթգծի նախագիծը բնավ անսպասելի չէր և կոռեկտ չի լինի ասել, թե այն հայ-իրանական երկաթուղու նախագիծը դուրս է մղում օրակարգից:

Նախ նշենք, որ Հյուսիս-Հարավ երկաթգծի կառուցման մասին ռուս-ադրբեջանա-իրանական համաձայնագիրը ստորագրվել է դեռ 2000 թվականին Սանկտ Պետերբուրգում, այնուհետև՝ 2005 թվականին, ստորագրվել է Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղային ճյուղի կառուցման մասին համաձայնագիրը: Այն նախատեսում էր Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցումը, որի համաձայն՝ 350 կմ-անոց երկաթգծի մեծ մասն անցնում է Իրանի և մոտ 8.5 կմ՝ Ադրբեջանի տարածքով: Նախագծի մեծ մասն արդեն կյանքի է կոչվել. 2015 թվականի հունիսի 30-ի դրությամբ Կազվին-Ռեշտ 205 կիլոմետրանոց հատվածի շինարարությունն ավարտված է, իսկ 22 թունելներից 15-ն՝ արդեն կառուցված: Այնուամենայնիվ, ճանապարհի առավել բարդ՝ լեռնային հատվածի կառուցումը դեռ առջևում է:

Հաշվի առնելով, որ տվյալ նախագիծն արդեն շուրջ 16 տարի  օրակարգում է և դրա իրականացման ուղղությամբ շուրջ 11 տարի իրականացվում են աշխատանքներ, բնավ հասկանալի չէ, թե ինչու կնքված համաձայնագիրն ընդունվեց որպես «անսպասելի անակնկալ»: Հասկանալի չէ նաև այն, թե ինչու  շատ փորձագետներ շտապեցին «թաղել» հայ-իրանական երկաթուղու նախագիծը: Չնայած իր ծախսատարությանը և կյանքի կոչման բարդություններին՝ հայ-իրանական երկաթուղին Հայաստանի համար ունի մեծ առաջնահերթություն: Այն մեզ համար միայն տնտեսական հետաքրքրություն չի ներկայացնում, այլ հանդիսանում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ իրականացվող շրջափակումը ճեղքող հզոր գործիք:

Բացի այդ, չնայած Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթգծի շինարարության ընթացքին, նույն իրանական կողմը պարբերաբար կարևորում է հայ-իրանական երկաթգծի կառուցման խնդիրը, ավելին՝ առաջիկայում Իրանից Հայաստան կժամանի երկաթուղու նախագծի գնահատման աշխատանքային խումբ: Այս ամենը, թերևս, վկայում է, որ իրանական կողմը միանշանակ հետաքրքրված է նախագծով:

Տնտեսական նպատակահարմարությունը, ինչպես նաև աշխարհաքաղաքականության սկզբունքները միշտ կարևորում են այլընտրանքային ուղիների առկայությունը, ուստի անգամ Ադրբեջանի տարածքով գործող Հյուսիս-Հարավ երկաթուղու առկայությունը չի կարող դուրս մղել Հայաստանի միջոցով Հյուսիս-Հարավ այլընտրանքային երկաթուղային միջանցք ունենալու իրանական կողմի հետաքրքրությունը: Աշխարհի շատ տարածաշրջաններում կարելի է հանդիպել այլընտրանքային ճանապարհների, երկաթուղիների, անգամ խողովակաշարերի  շահագործման հաջող փորձի օրինակներ և Հայաստան-Իրան երկաթուղին՝ որպես Հյուսի-Հարավ առանցքի բաղկացուցիչ մաս, ինչպես նաև Պարսից ծոցը Սև ծովին կապող կարճ ճանապարհ, միշտ կպահպանի իր կարևորությունը:

Եթե փորձենք ամփոփել, կարող ենք միանշանակ պնդել, որ հանրային շրջանակներում և մամուլում առկա «անհանգստությունը» ոչ այլ ինչ է, քան «թշնամու գերագնահատման և սեփական դերի թերարժեվորման» սինդրոմի դրսևորում, ինչի համար քիչ աշխատանք չի տարել ադրբեջանական քարոզչամեքենան: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: