ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ կտա ԵՄ վիզային ռեժիմի չեղարկումը Վրաստանին

Վրաստանի արտաքին քաղաքականության համար մարտ ամսվա առաջին կեսը բավական նշանավորվեց, քանզի զգալի առաջնթաց գրանցվեց ԵՄ-Վրաստան հարաբերություններում: Մարտի 9-ին Եվրահանձնաժողովը Եվրախորհրդարան ներկայացրեց օրենսդրական նախաձեռնություն, որով նախատեսվում է չեղարկել Շենգենյան գոտու վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար: Օրենսդրական նախաձեռնությունը մինչև ուժի մեջ մտնելը պետք է հաստատվի Եվրախորհրդարանի, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների կողմից:

Նախաձեռնությունում նշվում է, որ բարեփոխումների իրականացման տեսանկյունից Վրաստանը կատարել է վիզաների ազատականացման Գործողությունների պլանի բոլոր պահանջները և բավարարում է սահմանված չափորոշիչներին՝ նրա քաղաքացիներին վիզային պահանջից ազատելու համար:

Ըստ նախնական գնահատականների`Եվրախորհրդարանից մոտ 3-ից 4 ամիս կպահանջվի օրենսդրական նախաձեռնության հետ կապված որոշում կայացնելու համար, և, ամենայն հավանականությամբ, արդեն ամռան սկզբին Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի այցելել Եվրոպական Միություն:

ԵՄ նման որոշումը բնավ անակնկալ չէր, քանզի Եվրահանձնաժողովը դեռ 2015թ-ի դեկտեմբերին էր հայտարարել, որ Վրաստանը կատարել է Վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրով նախատեսված պահանջները և 2016թ-ի սկզբին հանձնաժողովը ԵՄ անդամներին կառաջարկի առանց վիզային ռեժիմ սահմանել Շենգենյան գոտում Վրաստանի քաղաքացիների համար:

Վիզաների ազատականացման Գործողությունների ծրագիրը Վրաստանին ԵՄ կողմից տրամադրվել է դեռ 2013թ-ի փետրվարին և իրենից ներկայացնում էր պահանջների շարք (միգրացիոն օրենսդրության բարեփոխումից մինչև կոռուպցիայի դեմ պայքար), որոնք Վրաստանը պարտավոր էր կատարել: Ողջ գործընթացը բաղկացած էր երկու փուլից և գտնվում էր Եվրահանձնաժողովի խիստ հսկողության ներքո:

Հատկանշական է, որ ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում Վրաստանն առաջ անցավ Ուկրաինայից: Եվրամիությունը մտադիր էր 2016թ-ի սկզբին համանման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ նաև Ուկրաինայի համար: Սակայն, Եվրահանձնաժողովy որոշում ընդունեց միայն Վրաստանի վերաբերյալ, իսկ Ուկրաինայի մասով որոշումն, ամենայն հավանականությամբ, հետաձգվեց, ինչն ունի իր մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները:

ԵՄ կողմից վիզային ռեժիմի չեղարկումը բավական երկար սպասված որոշում էր Վրաստանում: Եվրահանձնաժողովի օրենսդրական նախաձեռնության հաստատման դեպքում Վրաստանի կենսաչափական անձնագրեր ունեցող քաղաքացիներն իրավունք կունենան այցելել Շենգենյան գոտու տարածք՝ առանց վիզայի և գտնվել այնտեղ 180 օրվա ընթացքում 90 օր: Նշենք, որ Վրաստանում կենսաչափական անձնագիր ունի շուրջ 780 հազար քաղաքացի:

Ըստ գնահատականների, վիզային ռեժիմի չեղարկումը կնպաստի մարդկանց շփումներին և կխթանի ԵՄ և Վրաստանի միջև բիզնես կապերի զարգացմանը, սոցիալական և մշակութային կապերի խորացմանը: Վրաստանի քաղաքացիներն առանց վիզայի կկարողանան այցելել ԵՄ անդամ բոլոր երկրներ (և´ Շենգենյան գոտու երկրներ, և´ ԵՄ անդամ մյուս երկրներ), բացի Մեծ Բրիտանիայից և Իռլանդիայից (նրանց վիզային ռեժիմը կարգավորվում է առանձին ընթացակարգով): Եվրահանձնաժողովի կողմից վիզային ռեժիմի չեղարկման շնորհիվ Վրաստանի քաղաքացիները կարող են այցելել նաև ԵՄ անդամ չհադիսացող, սակայն Շենգենյան գոտու անդամ երկրներ՝ Իսլանդիա, Լիխտեյնշտեյն, Նորվեգիա և Շվեյցարիա:

Անշուշտ, նման հնարավորությունների շնորհիվ կասկած անգամ չի կարող լինել, որ կարճ ժամանակահատվածում կարձանագրվի Վրաստանից Եվրոպա կատարվող այցերի քանակի էական աճ, սակայն, ամենայն հավանականությամբ, դրանց մեծ մասը կունենա զբոսաշրջային բնույթ:

Կարևոր է նշել այն հանգամանքը, որ ԵՄ կողմից վիզային ռեժիմի չեղարկումը Վրաստանի քաղաքացիներին իրավունք չի տալիս աշխատել Եվրամիության տարածքում, քանի որ դրա համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն: Եվրոպական այս ընթացակարգը, բնականաբար, որոշակի «հիասթափություն» է պարունակում վրացական հանրության այն մասի համար, որը սոցիալական խնդիրների լուծման տարբերակ է դիտարկում արտագնա աշխատանքը: Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի առկայության, ինչպես նաև վիզա ստանալու հետ կապված բարդությունների պատճառով Վրաստանի շատ քաղաքացիներ չեն կարողանում մեկնել արտագնա աշխատանքի: Որպես խնդրի հաղթահարման տարբերակ դիտարկվում է, օրինակ, ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը, որը ՌԴ հետ ունի առանց վիզային ռեժիմ: Մեկ այլ տարբերակ է Ռուսաստանի փոխարեն այլ երկրներ արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորությունը, և այս առումով ԵՄ-ն ևս դիտարկվում էր հնարավոր լավ տարբերակ:

Հարկ է նշել, որ Վրաստանում վիզային ռեժիմի չեղարկուման լուրը վրաստանցի որոշ փորձագետների մոտ առաջացրեց նաև որոշակի մտահոգություն: Նրանց կարծիքով վիզային ռեժիմի չեղարկումն, իր բոլոր դրական կողմերով հանդերձ, կարող է դառնալ Վրաստանից անօրինական միգրացիայի նոր ալիքի պատճառ: Խնդիրն առավել իրատեսական է, եթե հաշվի առնենք վերջին շրջանում Վրաստանի տնտեսական դժվարությունները: Արտաղթին նպաստող գործոն կարող է դառնալ նաև այն, որ 90-ականներից մինչ օրս ԵՄ տարբեր երկրներում ձևավորվել են թեև ոչ բազմամարդ, սակայն Վրաստանի հետ կապ պահպանող համայնքներ: 

Չնայած տարաբնույթ կարծիքներին, միանշանակ կարելի է պնդել, որ ԵՄ կողմից վիզային ռեժիմի ազատականացումը լուրջ առաջընթաց կապահովի ԵՄ-Վրաստան մերձեցման, հարաբերությունների խորացման և զարգացման տեսանկյունից: Ավելին` մարդկանց ազատ տեղաշարժը կնպաստի նաև Վրաստանի եվրոպականացման, ինչպես նաև դեռևս խորհրդային շրջանից պահպանված որոշ կարծրատիպային մտածողության հաղթահարման գործընթացին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: