ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օրակարգում է Եվրոպայում «անվտանգության միություն» ստեղծելու գաղափարը

greenfreighteurope.eu

Վերջին շրջանում անվտանգության տարբեր ծառայություններ, այդ թվում` Եվրապոլը, բազմիցս նախազգուշացրել են եվրոպական մայրաքաղաքներում ահաբեկչությունների մեծ հավանականության մասին: Սակայն, միայն Բրյուսելի ահաբեկչությունից հետո որոշ եվրոպական երկրներ որոշակի միջոցառումներ ձեռնարկեցին ահաբեկչությունների հնարավոր վայրերում անվտանգության ուժեղացման համար: Բրյուսելի ահաբեկչությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին այդ երևույթի հանդեպ Եվրոպայի խոցելիությունը և եվրոպական անվտանգության ցածր մակարդակը, ինչը բարելավելու նպատակով Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը առաջարկում է ստեղծել ԵՄ «անվտանգության միություն»՝ ԵՄ էներգետիկ կամ արժութային միությունների օրինակով: Այս մասին Յունկերը հայտարարել է Բրյուսելում Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:

«Առաջարկվել են անվտանգության միության բոլոր բաղադրիչ տարրերը: Ես կցանկանայի, որ Նախարարների խորհուրդը շուտափույթ հավանության արժանացներ արտաքին սահմանների պաշտպանության հարցերով հանձնաժողովի առաջարկությունը, չզիջեր տարբեր լոբբիստների բազմաթիվ ճնշումներին, այլ մտածեր գլխավորի մասին՝ ինչ պետք է անել»,- նշել է Յունկերը:

Ինչպես նշել է Ֆրանսիայի վարչապետ Վալսը, նոր միությունից Ֆրանսիայի հիմնական պահանջներն են լինելու Շենգենյան գոտու սահմանների կանոնավոր հսկողությունը, սահմանների երկայնքով սահմանապահների տեղակայումը, զենքի անօրինական շրջանառության դեմ պայքարի բարելավումը և անձնագրերի տվյալների եվրոպական միասնական բազայի ստեղծումը, ինչը թույլ կտա հետևել ահաբեկիչների տեղաշարժին:

Նշենք, որ Յունկերը ԵՄ անվտանգությունն ուժեղացնելու նպատակով որոշակի կառույց ստեղծելու առաջարկությամբ առաջին անգամ չէ որ հանդես է գալիս: Այսպես, 2015 թվականի մարտին Յունկերն առաջարկում էր ԵՄ անվտանգության ապահովման և աշխարհում ԵՄ շահերն առաջ տանելու նպատակով ԵՄ բանակ ստեղծել: Առաջարկությունը հավանության էր արժանացել ԵՄ բազմաթիվ երկրների, այդ թվում` Գերմանիայի կողմից, սակայն այդ ուղղությամբ գործնական քայլեր մինչ այժմ չեն ձեռնարկվել: Դրա պատճառները մի քանիսն են: Նախ՝ ԵՄ բանակ ստեղծելու համար բավականին մեծ ֆինանսական միջոցներ են հարկավոր, իսկ ԵՄ-ն այժմ ֆինանսական լուրջ ճգնաժամ է ապրում և նման միջոցներ հատկացնելու հնարավորություն չունի: Միևնույն ժամանակ ԵՄ անդամ երկրները չեն կարողանում միության ներսում դերերի հավասար բաշխում կատարել: Երկրորդ կարևոր պատճառն ԱՄՆ-ի դիրքորոշումն է: Չնայած Յունկերն այս կապակցությամբ իր հայտարարություններից մեկում նշել էր, որ Եվրոպական բանակն անհրաժեշտ է Ռուսաստանին ցույց տալու համար, որ Բրյուսելում լրջությամբ են մոտենում ԵՄ միասնությանը, սակայն ԵՄ բանակի ստեղծումը լուրջ սպառնալիքներ է պարունակում Եվրոպայում ամերիկյան շահերի համար, քանի որ այն կարող է ՆԱՏՕ-ին մրցակից դառնալ:

Այժմ առաջարկվող անվտնագության միությունը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի շահերի համար ավելի քիչ մարտահրավերներ է պարունակում, համեմատաբար քիչ են նաև դրա ստեղծման համար պահանջվող ծախսերը, սակայն, պետք է նշել, որ դրա հաջողությունը ևս երաշխավորված չէ: Պատճառն այն է, որ վերջին շրջանում ԵՄ անդամ երկրների համար գնալով ավելի դժվար է դառնում ընդհանուր մոտեցում որդեգրել համաեվրոպական կարևորության հարցերի վերաբերյալ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: