ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մայիսի 28՝ Առաջին Հանրապետության օր

Մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:

Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից: Այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։ Այս օրն ավանդաբար Սարդարապատ են այցելում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և այլոք։

      Պատմությանն անդրադառնալով՝ նշենք, որ Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում՝ Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո "Հայկական ազգային խորհրդի" կողմից հռչակվեց Հայկական հանրապետությունը:
      Հայաստանի Հանրապետությունը ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը: Երևան 11-րդ Կարմիր բանակի զորամասերի մուտք գործելուց հետո հանրապետությունը խորհրդայնացվեց:
      1996 թ. փետրվարի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված "Հայաստանի հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին" ՀՀ օրենքով մայիսի 28-ը նշվում է որպես Առաջին Հանրապետության տոն:

      Պատմական ակնարկ
      1917-ին Ռուսաստանում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո ռուսական զորքերը սկսեցին արագորեն լքել Անդրկովկասը: Օգտվելով դրանից` Անդրկովկասյան սեյմը 1918-ի ապրիլի 22-ին հայտարարեց Ռուսաստանից անջատվելու իր որոշման մասին: Ստեղծված իրավիճակում, օգտագործելով առիթը թուրքեր մայիսին վերսկսեցին հարձակումը` նպատակ ունենալով գրավել Երևանը, Թիֆլիսը: Օրհասական թվացող այդ օրերին Արամ Մանուկյանը, Դրոն, զորավարներ Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը և ուրիշներ կազմակերպեցին հայ կամավորական և կանոնավոր զորախմբեր` դիմագրավելու թուրքական առաջխաղացմանը:

1918-ի մայիսի 21-28-ը Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում հայկական զորքերին հաջողվեց կանգնեցնել, ապա Սարդարապատում և Բաշ-Ապարանում ջախջախիչ հարվածներ հասցնել թուրքական կանոնավոր բանակին: Այդ նույն օրերին` մայիսի 26-ին Անդրկովկասյան սեյմը հայտարարեց իր լուծարման մասին: Ադրբեջանը և Վրաստանը հայտարարեցին իրենց անկախության մասին: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային Հայաստանի Հանրապետության խորհուրդը հռչակեց անկախ:

      Այդ օրերին տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր. "Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ` Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն միակ իշխանությունը: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել Հայոց ազգային կառավարություն` Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները` հայկական գավառների քաղաքական ղեկը վարելու": Այս հայտարարությունն էլ դարձավ անկախ Հայաստանի հռչակագիրը:
      1918-ի հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտության պայմանագիրը, ըստ որի Հայաստանի կազմի մեջ են մտնում Երևանի, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի, Դարալագյազի, Ղազախի, Բորչալուի գավառների որոշ մասերը և Նոր Բայազետի գավառը: Նորանկախ Հայաստանը, համաձայն այդ պայմանագրի, ստեղծվում էր 11 հազար քառակուսի կիլոմետր տարածության վրա: Հայոց ազգային խորհրդի հիման վրա ստեղծվեց առաջին խորհրդարանը: 1918-ի օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի խորհրդարանի հանդիսավոր բացումը, շենքի ճակատին բարձրացվեց հայոց եռագույնը: Խորհրդարանի նախագահության նախագահ ընտրվեց Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ): Առաջին կառավարության նախագահ նշանակվեց Հովհաննես Քաջազնունին:


      Պետականացում
      Եթե չլիներ Հայաստանի Առաջին Հանրապետությունը, երևի թե, չէին լինի ոչ Հայաստանի Երկրորդ, ոչ էլ Երրորդ Հանրապետությունները: 
      900 տարի այս տարածքում Հայաստանը չէր ունեցել պետականություն: 900 տարի անց պետականության վերականգնումը հսկայական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար: Եվ հենց Առաջին Հանրապետությունն է, որ հայկական պետական մտածողության, հայապահպանության և ազգի ամրապնդման սկիզբ դրեց: Գուցե և այլ հնագույն ազգերի պես կվերանար հայությունը, սակայն մայիսի 28-ն, իսկապես, փոխեց մեր բոլորի ճակատագիրը` տալով հնարավորություն մեծանալ սեփական Երկրում, կերտել սեփական Պետություն…


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    20.12.2024
       
    21.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: