ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը թույլ կտա՞ Ադրբեջանին դառնալ ԱՀԿ անդամ

Հարևան Ադրբեջանի տնտեսական գործերը վատանում են: Օրեցօր աճող սոցիալական արդարացի դժգոհությունները, պետական պարտքի ավելացող ծավալներն ու ազգային արժույթի դինամիկ արժեզրկումն այդ երկրի իշխանություններին, տրամաբանական է՝ պիտի դրդեն նորանոր փրկօղակների որոնմանը:

Չնայած այն հանգամանքին, որ ողջ 2015թ.-ի ընթացքում սեփական ժողովրդից թաքցրած տնտեսական վնասների մասին սկսվեց կցկտուր խոսվել այս տարվա հունվարից, այն էլ ոչ թե խնդիրներն իրապես գնահատելու, այլ իբր ադրբեջանական տնտեսության այլ ճյուղերի (նավթարդյունաբերությունից զատ, քանի որ այդ երկրի բյուջեն գրեթե ամբողջությամբ լցվում է հենց այս ոլորտի եկամուտներով) զարգացման ծրագրերի առաջարկությունների տեսքով, իրականում այս բոլորը միֆերի դաշտից են:

Ի՞նչ է կատարվում Ադրբեջանի հետ իրականում: Երկրի պետբյուջեն դատարկվել է, նախկինում ստեղծված տնտեսական «փուչիկները» պայթել են՝ ճանապարհ բացելով ահռելի քանակությամբ պետական պարտքի ներմուծման համար: Միաժամանակ բացահայտվել են Ալիևների կլանի կողմից երկրի հարստությունների շորթման դեպքերը և արդյունքում մեծացել է սոցիալական լարվածությունը: Այն  որ Ադրբեջանն այդ լարվածությունից իր ազգաբնակչության ուշադրությունն ամեն կերպ փորձում է շեղել, դա թողնենք, քանի որ այլ հարթության խնդիր է: Միչդեռ նույն Ալիևն ինքն էլ հասկանում է, որ իրականում պետք է ձեռնարկվեն քայլեր այդ լարվածության թուլացմանը նպաստող: Իսկ ինչն է երկրի տնտեսության ամենաճկուն ցուցիչներից մեկն՝ իհարկե առևտուրը:

Ուստի, փորձելով մեծացնել ադրբեջանական բավական նեղ շուկան (նեղ այն իմաստով, որ երկրի հիմնական ուղղվածությունը կենտրոնացած է նավթարդյունաբերության վրա և փոքր են սպառողական շուկաների և գյուղատնտեսության դերակատարությունները), Ադրբեջանը կրկին ակտիվացնում է Առևտրի համաշխարհային կազմակերությանն (ԱՀԿ) անդամակցության գործընթացը, որը մեկնարկել է դեռևս 1997 թվականին:

Հայտնի է, որ ԱՀԿ անդամակցությունը կայանում է միմիայն կառույցի անդամ բոլոր երկրների համաձայնության պարագայում՝ կոնսեսուսի սկզբունքով: Դրա համար թեկնածու երկիրը երկու տեսակի՝ երկկողմ և բազմակողմ բանակցություններ է մեկնարկում անդամ երկրների հետ: Նախապես որոշ առևտրային պայմաններ ճշգրտելուց, ինչպես նաև անդամների հետ հետագա երկկողմ հարաբերությունների շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո թեկնածուի և այդ երկրների միջև ստորագրվում են համաձայնագրեր, ինչն էլ, ըստ էության, հանդիսանում է այդ երկրների համաձայնութունը՝ թեկնածուի անդամակցությանը: Հատկանշական է, որ ԱՀԿ անդամների մեջ, բոլոր այն երկրները, որոնք ունեն առևտրային գերակշռություն կազմակերպության ներսում (եթե այդ երկրի կողմից արտահանվող ապրանքների քանակը կազմում է նվազագույնը 30%), ստանում են բանակցությունների առավելություն՝ թեկնածու երկրին նախապես ներկայացնելով անդամակցության իրենց նախապայմանները:

Ադրբեջանի պարագայում այդ երկիրը նման արտահերթ բանակցությունների մեջ է ՌԴ և Սաուդյան Արաբիայի հետ: Բանակցություններն ընթանում են միաժամանակ նաև ԱՀԿ 15 այլ պետությունների հետ:

Պետք չէ մոռանալ, որ 2003թ.-ից ԱՀԿ անդամ է հանդիսանում նաև Հայաստանն, ուստի, այս առումով, մեր պատկան մարմինների առջև առկա է պաշտոնական դիրքորոշման հստակեցման խնդիր՝ թույլ տա՞լ Ադրբեջանին դառնա ԱՀԿ անդամ, և եթե թույլ տալ, ապա ի՞նչ պայմանով: Հասկանալի է, որ Ադրբեջանն ինքնին մի շարք բարեփոխումների ու պարտավորությունների իրականացման խնդրի առաջ է, առանց որոնց կատարման, անդամակցությունն անհնարին է, սակայն դա հայկական կողմին չի ազատում կշռադատված և լավ մտածված դիրքորոշման առկայության անհրաժեշտությունից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: