ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս-թուրքական համաձայնագիր «Թուրքական հոսքի» շուրջ. վերջնական համաձայնությո՞ւն, թե՞…

© Osman Orsal / Reuters

Ռուս-թուրքական ճգնաժամից հետո առաջին անգամ Ռուսաստանի նախագահն այցելել է Թուրքիա՝ Էներգետիկայի համաշխարհային 23-րդ համաժողովին մասնակցելու համար: Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի երկկողմ փակ հանդիպումից հետո երկու երկրների միջև ստորագրվել է երկար սպասված միջկառավարական համաձայնագիրը «Թուրքական հոսք» գազատարի կառուցման վերաբերյալ: Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են ևս մեկ խնդրահարույց հարցի՝ «Թուրքական հոսքի» շրջանակներում գազի զեղչի տրամադրման մեխանիզմների շուրջ:

Թուրքիան տվել է նախագծի իրականացման առաջին թույլտվությունները

Ռուսական «Գազպրոմը» տեղեկացրել է, որ «Թուրքական հոսք» գազատարը բաղկացած է լինելու երկու գծից: Այն անցնելու է Սև ծովի հատակով: Գազատարի ծովային հատվածը լինելու է ռուսական կողմի տնօրինության, իսկ ցամաքային հատվածը՝ թուրքական կողմի տնօրինության տակ: «Գազպրոմը» ծրագրում է առաջին գծի շինարարությունն ավարտել 2019 թվականին: Այն հնարավորություն է տալու տարեկան 15,75 մլրդ մ/խ գազ մատակարարել Թուրքիային: Գազատարի երկրորդ գիծը նախատեսված է լինելու Եվրոպայի սպառողների համար:

Ռուսական «Գազպրոմի» և թուրքական «BOTAS»-ի միջև «Թուրքական հոսք» գազատարի նախագծի շուրջ համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 2014 թվականին: Ի սկզբանե նախատեսվում էր տարեկան 63 մլրդ մ/խ հզորությամբ խողովակաշարի շինարարությունն ավարտին հասցնել 2016 թվականի դեկտեմբերին: Նախագծի մեկնարկը տարբեր պատճառներով հետաձգվում էր: Արդյունքում 2015 թվականի նոյեմբերին ռուսական կողմը հայտարարեց, որ «Թուրքական հոսք» խողովակաշարի նախագիծը փոփոխվելու է, տարեկան թողունակությունը կրճատվելու է մոտ երկու անգամ՝ կազմելով մինչև 32 մլրդ մ/խ գազ, իսկ նախագծի իրականացման մեկնարկը հետաձգվելու է մինչև 2017 թվականի վերջ: Այնուհետև թուրք-սիրիական սահմանին թուրքական օդուժի կողմից ռուսական օդանավի խոցումից հետո երկու երկրների հարաբերություններում տիրող լարվածությունը, կարելի է ասել, մոռացության մատնեց նախագիծը: Սեպտեմբերին հայտարարվեց, որ «Գազպրոմը» դիվանագիտական խողովակներով Թուրքիայից ստացել է նախագծի իրականացման առաջին թույլտվությունները:

Համաձայնագրի ստորագրումը դեռևս չի կարող երաշխավորել նախագծի իրականացումը

Ներկա փուլում, երբ Մոսկվան և Անկարան հայտարարում են հարաբերություններում «ճգնաժամի» հաղթահարման մասին, «Թուրքական հոսք» գազատարի նախագծի մեկնարկը, այն էլ միջկառավարական համաձայնագրի ստորագրմամբ, լուրջ ազդակ է, որը կարելի է դիտարկել ինչպես երկկողմ, այնպես էլ գլոբալ հարթություններում:

Նախ, ռուս-թուրքական երկկողմ հարաբերություններում 2015 թվականի նոյեմբերից տիրող սառը մթնոլորտը ոչ միշտ էր հնարավոր որակել որպես ճգնաժամ, քանի որ չնայած հնչող ագրեսիվ հռետորաբանությանը՝ երկու երկրների միջև, ըստ էության, ռազմաքաղաքական և/կամ տնտեսական համագործակցության դադարեցում չի եղել: Գրեթե նույն կերպ, ինչպես ընթացավ թուրք-իսրայելական ճգնաժամը և ապա նաև հաշտությունը: Եթե շարժվում ենք այս տրամաբանությամբ, ապա Մոսկվան և Անկարան իրենց որոշակի հարցերը լուծելուց հետո այս պահին հաշտեցման գործընթաց ցույց տալու խնդիր ունեն: Եվ այս տեսանկյունից մեծ դժվարությամբ առաջ ընթացող «Թուրքական հոսք» գազատարի կառուցման շուրջ միջկառավարական համաձայնագրի ստորագրումն իսկապես կարող է ծառայել այդ նպատակին: Սա նաև տեղավորվում է երկու երկրներից հնչող այն հայտարարությունների համատեքստում, որ հարաբերությունները կարգավորման գործընթացը շատ արագ է ընթանում, և խնդիր է դրված հասնել համակողմանի և լիակատար կարգավորման:

Սա նշանակում է, որ միջկառավարական համաձայնագրի ստորագրումը դեռևս չի կարող երաշխավորել նախագծի իրականացումը, քանի որ այն կարող է զուտ քարոզչական նպատակ հետապնդել: Բացի այդ՝ նախկինում նախագծի մեկնարկի ձգձգումը պայմանավորվում էր Թուրքիայում տիրող անկայունությամբ: Անհասկանալի է, թե ինչ չափորոշիչներով է այսօր նախագծի մեկնարկի նպատակահարմարության տեսանկյունից Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը (հեղաշրջման տապալված փորձ, քրդական հակամարտություն, ահաբեկչություններ և այլն) կայուն գնահատվել:

«Թուրքական հոսք» գազատարի շինարարության վերաբերյալ ռուս-թուրքական միջկառավարական համաձայնագիրը հատկանշական է նաև Արևմուտքի հետ ունեցած երկու երկրների լարված հարաբերությունների համատեքստում: Ակնհայտ է, որ համաձայնագրի ստորագրման հիմնական նպատակներից մեկն Արևմուտքին համապատասխան ազդակ հաղորդելն է: Նույն նպատակն են հետապնդում նաև Պուտինի և Էրդողանի հայտարարությունները Սիրիայում միասնական տեսլականի մասին:

Ռուսաստանն ակտիվ բանակցություններ է վարում եվրոպական երկրների հետ

Միևնույն ժամանակ, գիտակցելով նախագծի իրականացման հարցում Արևմուտքի դիմադրության թուլացման անհրաժեշտությունը՝ աշխատանք է տարվում եվրոպական երկրներին ներգրավելու և նրանց համաձայնությունը ստանալու ուղղությամբ: Մասնավորապես, Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ գազատարի շինարարությունն «ուժեղացնելու է Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը, և եվրոպական երկրներն անհանգստանալու պատճառ չունեն»: Իսկ Ռուսաստանի նախագահը Ստամբուլում իր ելույթի ժամանակ ընդգծել է, որ «ռուսական էներգետիկ ռեսուրսները երաշխավորում են աշխարհի բազմաթիվ տնտեսությունների կենսագործունեությունը և կազմում են ԵՄ-ի վառելիքային բալանսի մոտ քառորդ մասը»: Միաժամանակ Ռուսաստանն ակտիվ բանակցություններ է վարում եվրոպական երկրների՝ հատկապես Հունաստանի հետ՝ նախագծի արագ իրականացման հարցում համաձայնության հասնելու համար: Ավելի վաղ բանակցություններ էին տարվում նաև Հունգարիայի, Մակեդոնիայի և Սերբիայի քաղաքական ղեկավարության հետ:

Այս տեսանկյունից «քաղաքական դասավորվածությունը» ևս կարող է շահեկան լինել նախագծի իրականացման համար: Օրինակ՝ իրանական կողմը, ողջունելով ռուս-թուրքական միջկառավարական համաձայնագիրը, հայտարարել է, որ «իրանական կառավարությունը կարող է պայմանավորվել Թուրքիայի հետ գազի մատակարարումները Թուրքիա և այնտեղից էլ Եվրոպա հասցնելու շուրջ»՝ հավելելով, որ դա կախված է «քաղաքական դասավորվածությունից»: «Թուրքական հոսքին» Իրանի միանալը կարող է էապես բարձրացնել այս նախագծի արդյունավետությունը: Իսկ եթե սրան հավելենք այն հանգամանքը, որ «Գազպրոմը» հայտարարել է 2019 թվականից ռուսական գազի մատակարարումներն ուկրաինական տրանզիտով դադարեցնելու մտադրության մասին, ապա «Թուրքական հոսքի» իրականացումն ավելի իրատեսական է դառնում:

Վերջնական պայմանավորվածության մասին խոսել դեռ վաղ է

Նախագծի հաջող իրականացման դեպքում Թուրքիայի էներգետիկ կշիռը տարածաշրջանում էապես կմեծանա: Բայց պետք է նկատի ունենալ, որ նախագծի իրականացման ճանապարհին բազմաթիվ խնդիրներ կան, որ դեռ պետք է կարգավորվեն: Նույն Բրյուսելի հետ գազի սպառման շուրջ համաձայնության գալը, իհարկե, հեշտ չի լինելու, և հավանաբար հենց այդ պատճառով Ռուսաստանը ժամանակ է շահում՝ սկզբնական փուլում բավարարվելով միայն առաջին գծի շինարարությամբ, որը նախատեսված է միայն Թուրքիայի սպառողների համար, մինչև հասկանալի կլինի ընդհանուր քաղաքական դասավորվածությունը: Թերևս հենց այդ մտավախությունից ելնելով՝ Ռուսաստանը գազատարի նախնական թողունակությունը կրճատեց մոտ երկու անգամ: Չի բացառվում նաև, որ Ռուսաստանը մեկ այլ ճանապարհ ևս նախատեսած լինի Բրյուսելի հետ համաձայնության չգալու պարագայում կիրառելու համար, օրինակ՝ Իրանի հետ պայմանավորվածության միջոցով:

Եթե սրան գումարենք նաև Թուրքիայի արկածախնդիր կեցվածքը, որը ցանկացած պահի կարող է հայտարարել նախագծից հրաժարվելու մասին, հասկանալի է դառնում, որ «Թուրքական հոսք» նախագծի վերջնական կյանքի կոչման խոսելու մասին դեռևս շատ վաղ է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: