ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանի տարածաշրջանային քաղաքականությունը 2016թ.-ին

2016 թվականը տարածաշրջանի երկրների համար աչքի ընկավ թե՛ մարտահրավերներով, թե՛ հնարավորություններով: Վրաստանը՝ որպես տարածաշրջանում բավական ակտիվ դերակատարում ունեցող երկիր, փորձում էր մի կողմից ամրապնդել և զարգացնել իր հարաբերությունները տարածաշրջանային իր հարևանների հետ, մյուս կողմից, արդյունավետորեն մանևրելով, առաջ մղել իր շահերը տարածաշրջանում:

Վրաստան-Թուրքիա: Թուրքիան, ըստ տարվա ընթացիկ ցուցանիշների, շարունակում է մնալ Վրաստանի գլխավոր առևտրատնտեսական գործընկերը: Կողմերն այս տարի սկսեցին կյանքի կոչել հունվարին Դավոսի համաժողովի ժամանակ «Վրաց-Թուրքական ռազմավարական խորհուրդ» ստեղծելու շուրջ ձեռք բերված համաձայնությունը, իսկ արդեն հուլիսին կայացավ խորհրդի առաջին նիստը՝ երկու երկրների վարչապետների գլխավորությամբ: Խորհուրդը կոչված է նպաստելու երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ մասնավորապես տարածաշրջանային նշանակություն ունեցող երկկողմ ծրագրերի կյանքի կոչմանը: Բավական հետաքրքիր էր այն հանգամանքը, որ Գեորգի Կվիրիկաշվիլիի այցը Թուրքիա առաջին օտարերկրյա պաշտոնական այցն էր հուլիսյան ձախողված հեղաշրջման փորձից հետո, ինչը նաև թուրք գործընկերներին ցուցաբերվող աջակցության խորհրդանիշ էր:

Վրաստան-Ադրբեջան: Ադրբեջանական ուղղությունը, թերևս, Վրաստանի արտաքին քաղաքականության ամենաակտիվ ուղղություններից էր այս տարի: Երկկողմ մեծաթիվ փոխայցելությունների մի մասը պայմանավորված էր Վրաստան մատակարարվող գազի հիմնախնդրով: Տեխնիկական գործոններով պայմանավորված՝ Ադրբեջանը չէր կարողանում ապահովել Վրաստանի գազի աճող պահանջները, ուստի Թբիլիսին սկսել էր այլընտրանքներ որոնել, այդ թվում՝ դիտարկելով «Գազպրոմ»-ից ձեռք բերվող գազի ծավալների մեծացման հնարավորությունը: Դա, իհարկե, Բաքվում որոշակի անհանգստություն առաջ բերեց, և ծավալվեցին բավական ինտենսիվ բանակցություններ: Արդյունքում մարտին ստորագրվեց ադրբեջանական գազի մատակարարումների պայմանագրի նոր տարբերակը, որով Ադրբեջանը պահպանեց իր մոնոպոլ դիրքերը, իսկ Թբիլիսիին հաջողվեց հասնել Ադրբեջանից Վրաստան մատակարարվող «սոցիալական գազի» (տարեկան մոտ 500 մլն մ/խ) գնի որոշ իջեցման:

Բավական ակտիվ աշխատանքներ են տարվել Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա համագործակցության և տարածաշրջանային ծրագրերի ուղղությամբ: Այս առումով բավական ակտիվ աշխատանքներ են տարվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծի ուղղությամբ, որի շահագործումը նախատեսվում է արդեն 2017 թվականին: Վրաստանի պատվիրակությունը մայիսին մասնակցել է նաև Հունաստանի Սալոնիկ քաղաքում կայացած Տրանսադրիատիկ գազատարի (TAP) կառուցումն աշխատանքների մեկնարկի արարողությունը: Նախատեսվում է, որ 2019թ. 800 կմ-անոց այս գազատարը շարունակելով՝ TANAP խողովակաշարը (որը պետք է սկսվի Ադրբեջանից և Վրաստանի ու Թուրքիայի տարածքով հասնի Հունաստան) միմյանց կկապի Հունաստանն ու Իտալիայի հարավը և հնարավորություն կտա ադրբեջանական գազը հասցնելու Եվրոպա:

Բավական ակտիվ էր նաև Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա համագործակցության ձևաչափը, և տարվա ընթացքում, արդեն ըստ ավանդույթի, կայացան վարչապետների, արտգործնախարարների ու տարբեր ոլորտների նախարարների եռակողմ հանդիպումները: Այս տեսանկյունից հատկանշական է Գաբալայում երեք երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը, որի արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ խորացնելու համագործակցությունը ռազմական կրթության, էներգետիկ անվտանգության ոլորտներում, ինչպես նաև նախապատրաստելու պաշտպանության ոլորտում երեք երկրների համագործակցության փոխըմբռնման հուշագիր:

Վրաստան-Իրան: Սանկցիաների չեղարկման գործընթացի մեկնարկից ի վեր Թբիլիսին բավական մեծհետաքրքրություն է ցուցաբերում Թեհրանի հետ հարաբերությունների վերականգնման և զարգացման ուղղությամբ: Այս ուղղությամբ թերևս բավական նշանակալի քայլ էր 3 տարվա ընդմիջումից հետո Թբիլիսիի կողմից Ւրանի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմի վերականգնումը 2016թ փետրվարին: Ըստ տարբեր գնահատականների՝ նման քայլը կարող է նպաստել թե՛ դեպի Վրաստան իրանցի զբոսաշրջիկների հոսքի մեծացմանը, թե՛ իրանական կապիտալը դեպի վրացական տնտեսություն գրավելուն:

Տարվա ընթացքում քննարկվում էր իրանական գազը Վրաստան մատակարարելու հնարավորությունը, իսկ որպես տարանցման հնարավոր միջանցքներ՝ դիտարկվում էին Հայաստանը և Ադրբեջանը: Արդեն հուլիսին Իրանական գազի արտահանման ազգային ընկերությունը (NIGEC) և Վրացական միջազգային էներգետիկ կորպորացիան (GIEC) ստորագրեցին 4 ամսվա համաձայնագիր, որի համաձայն՝ Հայաստանի տարածքով ընդհանուր առմամբ Վրաստան կարտահանվի 40 միլիոն խորանարդ մետր գազ: Իսկ արդեն հոկտեմբերի վերջին հայկական և իրանական կողմերի միջև նախաստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ գազի առք ու վաճառքի և տարանցման վերաբերյալ։

Վրաց-իրանական համագործակցությունը տարվա ընթացքում չի սահմանափակվել միայն էներգետիկ ոլորտով, և ակտիվ քայլեր են ձեռնարկվել նաև կոմունիկացիոն նախագծերի կյանքի կոչման ուղղությամբ, որոնցում ևս Հայաստանը դիտարկվում է որպես կապող կամուրջ:

Վրաստան-Հայաստան: Հայ-վրացական փոխգործակցությունը 2016 թվականին ընթացել է բավական դինամիկ:Երկկողմ փոխայցելությունների ժամանակ կողմերը փորձել են առաջ մղել օրակարգում առկա կարևոր հարցերը, որոնց շարքում այս տարի բավական մեծ ուշադրություն էր հատկացված համատեղ տարածաշրջանային ծրագրերի կյանքի կոչմանը:

2016թ.-ի սկզբին լրացավ Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի պաշտոնավարման ժամկետը: Շուրջ 3 ամիս դեսպանի պաշտոնը թափուր մնալուց հետո հունիսի վերջին Վրաստանի նախագահը Հայաստանում Վրաստանի դեսպան նշանակեց Գեորգի Սագանելիձեին:

Տարվա ընթացքում բավական ակտիվ քննարկումներ էին ընթանում իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելու ուղղությամբ, որը Հայաստանի համար կարող է դառնալ բավական կարևոր և ռազմավարական ծրագիր՝ թե՛ երկրի տրանզիտային պոտենցիալի իրացման, թե՛ Վրաստանի համար Հայաստանի կարևորության մեծացման տեսանկյունից: Նախագիծը բավական իրատեսական է, և արդեն իսկ առկա են նախնական պայմանավորվածություններ իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան մատակարարելու վերաբերյալ, ինչը 2017թ.-ին, հուսով ենք, առավել կամրապնդվի:

Բացի այդ՝ ապրիլին Երևանում Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի էներգետիկայի նախարարները ստորագրեցին Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի ձևավորման ճանապարհային քարտեզը և Փոխըմբռնման հուշագիրը: Էլեկտրաէներգետիկական միջանցքի նախագիծը բավական հեռանկարային է, և 4 երկրների էներգետիկ համակարգերի միավորումը հնարավորություն կտա փոխանակելու մինչև 1200 ՄՎտ հզորության հոսքեր:

Բացի էներգետիկ ոլորտից հայ-վրացական փոխգործակցությունն ակտիվ էր նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կյանքի կոչման ուղղությամբ: 2016թ.-ին ՀՀ իշխանությունները ոչ միայն շարունակեցին բավական ակտիվ կերպով առաջ մղել Սև ծով-Պարսից ծոց Հայաստանով անցնող տրանզիտային միջանցքի ստեղծման գաղափարը, այլ նաև ձեռնարկեցին դրա կյանքի կոչման քայլեր: Տարվա ընթացքում մասնավորապես մշակվեց և բավական հաջող փորձարկվեց մուլտիմոդալ բեռնափոխադրումների ծրագիրը: Նոյեմբերին փորձնական տարբերակով 2 կոնտեյներ ջրային ճանապարհով Եվրոպայից տեղափոխվել է Փոթի, այնուհետև՝ երկաթուղով Հայաստան` Երասխ կայարան, այստեղից էլ ավտոտրանսպորտով՝ Իրան: Ըստ նախնական տվյալների՝ կոնտեյներների մուլտիմոդալ բեռնափոխադրումը տևել է 38 ժամ, ինչը հնարավոր է բարելավել: Հաշվի առնելով տրանզիտային ժամանակը և այն հանգամանքը, որ փոխադրումները 1-2% ավելի էժան են՝ ի համեմատ Թուրքիայի տարածքով նման փոխադրումների, այս նախագիծը լիարժեք կյանքի կոչման մեծ հնարավորություն ունի, ինչը բավական կարևոր է Հայաստանի՝ որպես տրանզիտային երկրի դերակատարման ամրապնդման համար: Ավելին՝ ՀՀ իշխանությունները բազմիցս բարձրաձայնել են Սև ծով-Պարսից ծոց տրանզիտային միջանցքի նախագծի կյանքի կոչման կարևորության մասին:

Ըստ էության, հաշվի առնելով Իրան-Հայաստան, Հայաստան-Վրաստան, Վրաստան-Իրան խորացող համագործակցությունը, արդեն կարելի է խոսել համագործակցության եռակողմ ձևաչափերի մշակման հիմքերի մասին, որոնց տարբեր նախագծերի շրջանակներում կարող են միանալ նաև այլ երկրներ (օրինակ՝ Ռուսաստանը, Բուլղարիան, Հունաստանը և այլն):

Հատկանշական է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ վրացական կողմը որդեգրեց բավական հավասարակշռված, չեզոք դիրքորոշում: Բացի խաղաղության կոչերից՝ վրացական ղեկավարությունը հանդես եկավ միջնորդության առաջարկով: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ Վրաստանում նկատելի էր որոշակի անհանգստություն, ինչը բավական տրամաբանական էր՝ հաշվի առնելով մի կողմից Թբիլիսիի ջերմ հարաբերությունները Բաքվի և Երևանի հետ, մյուս կողմից՝ Վրաստանում ադրբեջանական և հայկական մեծաքանակ համայնքների առկայությունը:

Տարվա հիշարժան իրադարձություններից էր նաև Բագրատաշենի նորակառույց սահմանային անցման կետի բացումը: Նոյեմբերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին անձամբ մասնակցեցին անցակետի պաշտոնական բացման արարողությանը, ինչից հետո ծանոթացան նաև երկու երկրներին կապող «Բարեկամության կամրջի» կառուցման նախապատրաստական աշխատանքներին: Կամուրջը, որի շինարարությունը պետք է մեկնարկի 2017թ.-ին, առավել կդյուրինացնի երկու երկրների բեռնափոխադրումների ու ուղևորափոխադրումների սպասարկման որակը և կապահովի ժամանակի խնայողություն:

Ամփոփելով Վրաստանի տարածաշրջանային քաղաքականությունը 2016 թվականին՝ կարող ենք այն գնահատել որպես բավական ակտիվ և արդյունավետ: Չնայած տարին ընտրական էր՝ իրենից բխող բոլոր հետևանքներով, Թբիլիսիին ընդհանուր առմամբ հաջողվել է զգալի ձեռքբերումների հասնել ինչպես իր հարևանների հետ հարաբերությունների զարգացման, այնպես էլ տարածաշրջանում իր դերի ամրապնդման տեսանկյունից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: