ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստան. թարմ հայացք Լիբանանին

2017 թվականը նոր ուղղություններ է բերում Հայաստանի մերձավորարևելյան քաղաքականություն: Մերձավորարևելյան համատարած քաոսի պայմաններում կայունության ցանկացած օջախ նոր հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման համար: Խոսքը Լիբանանի մասին է, որն, իհարկե, ՀՀ մերձավորարևելյան օրակարգում ամենևին էլ նոր ուղղություն չէ, բայց վերջին տարիներին այդ երկրում տիրող անկայությունը լուրջ խոչընդոտներ էր ստեղծել պաշտոնական Բեյրութի հետ համագործակցության խորացման տեսանկյունից: 2016 թվականի տարեվերջին Լիբանանում տեղի ունեցած քաղաքական գործընթացները դրական հիմք են ապահովում այս ուղղությամբ ակտիվ քայլեր ձեռնարկելու և փոխգործակցությունը նոր՝ առավել բարձր մակարդակ տեղափոխելու համար:

Հայաստան-Լիբանան համագործակցության խորացմանը նպաստող գործոններից փորձենք առանձնացնել երկուսը: Նախ, Լիբանանում հիմնական քաղաքական ուժերի միջև համաձայնության արդյունքում ավելի քան երկու տարվա վակուումից հետո հնարավոր դարձավ նախագահ ընտրել և կառավարություն ձևավորել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Լիբանանում ներքաղաքական ճգնաժամը, որն առաջացել է հիմնականում շիական և սուննիական ճամբարների մրցակցության, ինչպես նաև սիրիական իրադարձութունների արդյունքում, կհաջողվի մեղմել: Ավելին, իրավիճակի կայունացման առաջին նշաններն արդեն զգալի են: Լիբանանի նախագահ Միշել Աունի առաջին փորձերը հակադիր ուժերի՝ Ծոցի սուննիական միապետությունների (մասնավորապես, Սաուդյան Արաբիայի, պրո-սաուդական ուժերի) և Իրանի ու նրա դաշնակից Հիզբոլլահի միջև հավասարակշռության վերականգնման ուղղությամբ հաջողություն են գրանցում:

Երկրորդ, Լիբանանի հետ համագործակցության խորացման համար ինչպես նախկինում, այնպես էլ այժմ բավական կարևոր գործոն է հանդիսանում լիբանանահայ համայնքը, որն ակտիվորեն ներգրավված է Լիբանանի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում: Լիբանանի նոր կառավարության կազմում 2 հայ նախարարները և կառավարման համակարգում բազմաթիվ հայ պաշտոնյաները, որոնց ներգրավվածությունը պետական մարմիններում վաղուց արդեն օրինաչափ է դարձել, իրենց ներդրումը կունենան հայ և լիբանանցի ժողովուրդների՝ դարերի խորքից եկող բարեկամությունն առավել ամրապնդելու և քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններն ավելի խորացնելու հարցում:

Թերևս պատահական չէ, որ ականատես ենք լինում այս ուղղությամբ բավական ակտիվ քայլերի Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի կողմից: Լիբանանի նախագահի և վարչապետի հետ Հայաստանի դեսպանի հանդիպումների ժամանակ կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների հետագա խորացման ու տարբեր ոլորտներում սերտ փոխգործակցության հնարավորությունները: Մասնավորապես, ՀՀ դեսպանն արդեն փոխանցել է Լիբանանի նախագահին Հայաստան այցելելու Սերժ Սարգսյանի հրավերը, Լիբանանի  վարչապետի հետ քննարկել է 2017 թվականին hայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը գումարելու հնարավորությունը, ինչպես նաև խորհրդակցություններ են ընթանում Հայաստանի և Լիբանանի միջև ռազմական համագործակցության խորացման և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման շուրջ:

Լիբանանի հետ փոխգործակցության խորացման ուղղությամբ ակտիվ գործողությունների ձեռնարկումն այս փուլում կարևոր է ոչ միայն երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից, այլ նաև ողջ մերձավորարեևլյան տարածաշրջանի հետ (հաճախ անգամ նրա սահմաններից դուրս) համագործակցության ամրապնդման համատեքստում: Գաղտնիք չէ, որ իր աշխարհագրական դիրքի շնորհիվ Լիբանանը դարձել է Արևմուտքի և Արևելքի տարբեր երկրների քաղաքական, կրոնական, տնտեսական, ռազմավարական շահերի հատման (հաճախ նաև բախումների) հարթակ: Իր բազմավեկտոր քաղաքականության շնորհիվ Լիբանանին հիմնականում հաջողվել է զարգացնել հարաբերությունները ինչպես իսլամական տարբեր ճյուղեր ներկայացնող երկրների, այնպես էլ Արևմուտքի հետ (սրան նպաստող գործոն է հանդիսացել նաև լիբանանյան 15 միլիոնանոց սփյուռքի գոյությունը): Հետևաբար, ժամանակը ճիշտ է ընտրված Լիբանանում իրավիճակի կայունացումից հետևողականորեն օգտվելու և թե՛ Լիբանանի, թե՛ ողջ տարածաշրջանի հետ համագործակցությանը նոր շունչ հաղորդելու համար:

  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: