ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը և ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունները. հարցազրույց Տաճատ Սարգսյանի հետ

Արմենպրես

Խորհրդարանական ընտրությունները նաև երկրի արտաքին քաղաքականության կուրսի ընտրություն են: «Արմեդիա» ՏՎԳ-ի  գերակայություններից մեկը ՀՀ արտաքին քաղաքականության լուսաբանումն ու վերլուծությունն է: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Արմեդիա» ՏՎԳ-ն կներկայացնի առաջադրված 9 քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ միևնույն հարցաշարով անցկացված հարցազրույցներ՝  ընթերցողի համար առավել հստակեցնելով քաղաքական այդ ուժերից յուրաքանչյուրի մոտեցումները ՀՀ արտաքին քաղաքական գերակա ուղղությունների վերաբարյալ

Ներկայացնում ենք «Արմեդիա» ՏՎԳ-ի հարցազրույցը «Հայաստանի կոմունիստական կուսակցության» նախագահ Տաճատ Սարգսյանի հետ:

 - Պարոն Սարգսյան, կառանձնացնե՞ք Ձեր քաղաքական ուժի արտաքին քաղաքական 3 հիմնական գերակայությունները:

-         Ինչպես գիտեք, Հայաստանն անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը: Կոմունիստական կուսակցությունը ողջունեց Հանրապետության իշխանությունների այդ քայլը՝ հիմնավորելով հետևյալ հանգամանքներով: Նախ, մտնելով ԵԱՏՄ, ավելի անվտանգ պայմաններ են ստեղծվում ՀՀ համար, ես ի նկատի ունեմ այն, որ ԵԱՏՄ անդամ երկրների բնակչությունը 170 մլն է, նաև այն, որ դարեր շարունակ Հայաստանը եղել է ռուս ժողովրդի  հետ: Մեր կարծիքն այն է, որ մենք եղել ենք, կանք և կմնանք ռուս ժողովրդի հետ: Երկրորդ, ԵԱՏՄ մտնելով վերականգնվում է Խորհրդային իշխանության տարիներին ԽՍՀՄ ձեռնարկությունների հետ կապերը: Երրորդ՝ ինչու չէ՞, նոր տնտեսական կապեր են ստեղծվում: Կան մարդիկ, ովքեր ասում են, որ ԵԱՏՄ մտնելով Հայաստանի վիճակը չի բարելավվել: Ես պետք է ասեմ, որ դա նոր միություն է, միգուցե ընդունված օրենքները որոշ չափով դեռևս չեն աշխատում, բայց հիմնականում դա հետևանքն է մեր իշխանությունների ոչ ճկուն քաղաքականության: Լինելով ԵԱՏՄ անդամ՝ Հանրապետության իշխանությունները պետք է հարաբերվեն նաև ԵՄ և այլ երկրների հետ, ինչն էլ, պետք է նշեմ, որ մեր իշխանությունների կողմից արվում է:

Մեր արտաքին քաղաքականության երրորդ գերակայությունը Ղարաբաղն է: ԼՂՀ-ն ճիշտ է, անկախացել է, ինքնուրույն պետություն է, սակայն արտաքին աշխարհի ճնշումը մեծացել է, գումարած դրան, Ադրբեջանը ձգձգում է և ցանկություն չունի ճանաչելու ԼՂՀ-ն։  Մեր արտաքին քաղաքականության վեկտորներից մեկը Ղարաբաղի անկախության պաշտպանության և հետագայում ճանաչման հարցն է:

 - Ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

-         Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշվել է, Ղարաբաղի հետագա կարգավիճակի հարցն ուղղակիորեն կապված է Ղարաբաղի ժողովրդից: Ղարաբաղի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր հետագա ճակատագիրը: Ղարաբաղի հարցում ճնշումը շատ մեծ է, սակայն այնտեղ ապրում են 99 տոկոսվ մեր հայրենակիցները, ուստի այդ հարցը մենք պետք է առանց բացառության բոլոր վեկտորներով պահենք մեր ուշադրության կենտրոնում:

 - Մոտ ապագայում հնարավոր համարո՞ւմ եք հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումը: Որո՞նք են այս ուղղությամբ առաջընթաց գրանցելու գրավականները: Եվ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար:

-         Ժողովրդի հիշողությունը կարճ չէ: Այն սերունդները, որոնք տեսել են կոտորածը, իրենց ներկայությամբ այսօր էլ վառ են պահում Եղեռնի «հետևանքները»: Դա բառի բուն իմաստով Ցեղասպանություն էր: Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնումն այնքան էլ հեշտ գործ չէ և պահանջում է հետևողական աշխատանք՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական, միջազգային ակտիվ հարաբերությունների Եվրոպայի, Ռուսաստանի հետ ... Այդ բոլոր գործոնները պետք է նպաստեն Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորմանը: Իհարկե, չկան մշտական բարեկամներ կամ թշնամիներ, բայց այնքան խորն է Թուրքիայի պատճառած վնասը, որ կարգավորման հասնելու համար մեծ ու քրտնաջան աշխատանք է պահանջվում:

 - Ինչպիսի՞ մոտեցում ունեք ՀՀ ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ: Ինչպե՞ս եք տեսնում ՀՀ-ԱՄՆ, ՀՀ-ՌԴ, ՀՀ-եվրոպական առանձին երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը:

-         ԵԱՏՄ անդամակցությամբ ՀՀ-ՌԴ և ՀՀ-ԵԱՏՄ անդամ երկրների հարաբերությունների հարցը լուծվում է: Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին կամ Միացյալ Նահանգներին, ՀՀ իշխանություններին ոչինչ չի խանգարում, որպեսզի բարիդրացիական քաղաքական և առևտրային հարաբերությունների մեջ լինեն և՛ ԱՄՆ, և՛ եվրոպական երկրների հետ: ,Ըստ էության, այդպես էլ արվում է:

 - Ինչպե՞ս եք տեսնում ՀՀ հարաբերությունների զարգացումը հարևան երկրների՝ մասնավորապես Վրաստանի և Իրանի հետ: Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ այս ուղղությամբ:

-         Պետք է ասեմ, որ և՛ Վրաստանը, և՛ Իրանը մեզ համար բարեկամ երկրներ են, և երրորդ երկրների հետ հարաբերությունները չեն կարող ազդել մեր հարաբերությունների վրա: Հայաստանը շատ ճիշտ քաղաքականություն է վարում և՛ Իրանի, և՛ Վրաստանի հետ:

 - Ի՞նչ տեսլական ունի Ձեր քաղաքական ուժը տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ:

-         Հայաստանի իշխանությունների ու քաղաքական ուժերի համար առաջին խնդիրը պետք է լինի խաղաղության պահպանումը տարածաշրջանում: Այսօր մենք գտնվում ենք «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» կարգավիճակում: Մեր և տարածաշրջանի բոլոր երկրների առաջին խնդիրը պետք է լինի տարածաշրջանում խաղաղության պահպանումը:

 - Ինչպե՞ս եք տեսնում ՀՀ-Սփյուռք համագործակցության զարգացումը, որո՞նք պետք է լինեն ընդհանուր օրակարգի առաջնահերթությունները:

-         Սփյուռքի հետ հարաբերությունները եղել են, կան ու կմնան ամենաբարձր մակարդակի վրա: Նրանք մեր հայրենակիցներն են: Այսօր շատ սերտ կապեր կան, այդ կապերն ամրապնդվում են նաև Սփյուռքի նախարարության, իշխանության նաև մյուս լծակների միջոցով: Աշխատանքի բազմատեսակ ու բազմաձև մեթոդներ գոյություն ունեն:

 - Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների և դրանցում Հայաստանի քաղաքականության վերաբերյալ:

-         Բոլոր դեպքերում մենք դատապարտում ենք բոլոր առճակատումները, մեր կարգախոսն է՝ «խաղաղություն աշխարհի բոլոր ծայրերում, առանց բացառության»:

Մեր կուսակցության կարգախոսը, որով մենք կմասնակցենք Խորհրդարանական ընտրություններին հետևյալն է՝ «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ»: Եթե հաղթի կուսակցությունը, կհաղթի ժողովուրդը, քանի որ մեր ամենամտերիմ դաշնակիցը հայ ժողովուրդն է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: