ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջանկյալ զեկույցները Հայաստանի և ԱլԳ երկրների ընտրությունների վերաբերյալ. համադրական վերլուծություն

ՀՀ եվրաինտեգրման առաջընթացը գնահատելու և տարածաշրջանի այլ երկրների հետ ընտրական գործընթացների որակը համեմատելու նպատակով ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ԱլԳ երկրներից Մոլդովայում և Վրաստանում տեղի ունեցած վերջին երկու համապետական ընտրությունների (Մոլդովայի նախագահական ընտրություններ 1-ին փուլ, 30.10.2016;  Վրաստանի խորհրդարանական ընտրություններ 1-ին փուլ, 08.10.2016) վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախնական եզրակացությունների զեկույցները՝ համեմատական վերլուծության տեսքով: 

Նկատենք, որ Նախնական հանգամանքների և եզրակացությունների վերաբերյալ հայտարարությունը հանդիսանում է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) համատեղ աշխատանքի արդյունքը: Գնահատումն իրականացվել է պարզելու համար ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների չափանիշներին:

Կարող եք ծանոթանալ նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցները Հայաստանի և ԱլԳ երկրների ընտրությունների վերաբերյալ համադրական տեղեկանքին՝ ներբեռնելով համապատասխան աղյուսակն այստեղ:

Ստորև ներկայացնում ենք համեմատական վերլուծությունը:

Ընդհանրական համեմատություն

Թե′ Մոլդովայում, թե′ Վրաստանում և թե′ Հայաստանում անցկացված ընտրությունների վերաբերյալ  տրված նախնական գնահատականներում խոսվում է մարդկանց հիմնարար ազատությունների հարգման մասին, սակայն,  եթե Հայաստանի և Վրաստանի դեպքում խոսվում է հիմնարար ազատությունների   «հիմնականում» հարգված լինելու մասին, Մոլդովայի դեպքում «հիմնականում» բառը բացակայում է: Վրաստանի և Հայաստանի պարագայում ընդգծվում է ընտրությունների լավ կազմակերպված լինելու հանգամաքը, ինչը չի արվում Մոլդովային տրված գնահատականում: Փոխարենը Վրաստանում և Մոլդովայում անցկացված ընտրությունները համարվում են «մրցունակ»՝ արտահայտություն, որը բացակայում է Հայաստանի դեպքում: Որպես ընտրության գործընթացը խաթարող գործոններ՝ Հայաստանի դեպքում խոսվում է ձայների գնման, քաղծառայողների և մասնավոր ձեռնարկությունների աշխատողների վրա գործադրված ճնշումների, ինչպես նաև հանրային վստահության ընդհանուր պակասի մասին: Վրաստանի ընտրությունների վերաբերյալ զեկույցում նշված է ապօրինի քարոզչության և բռնության որոշ միջադեպերի մասին, իսկ Մոլդովայի դեպքում՝ վարչական ռեսուրսների չարաշահման, ԶԼՄ-ների կողմից ընտրական քարոզարշավի ոչ հավասարակշիռ լուսաբանման մասին:

Ստորև փորձենք շարունակել համեմատությունն՝ անդրադառնալով զեկույցներում տեղ գտած առանձին բաժինների համեմատական վերլուծությանը:

Ընտրությունների կազմակերպում

Թե′ Վրաստանի և թե′ Հայաստանի ընտրությունների վերաբերյալ միջանկյալ զեկուցներում նշվում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործել է թափանցիկ: Մոլդովայի դեպքում նշվում է, որ չնայած պետական հաստատություններում առկա անվստահության մթնոլորտին, ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ԸԴԱ զրուցակիցները մեծամասամբ հավաստիացրել են, որ վստահում են ԿԸՀ-ի, ինչպես նաև ավելի ցածր ընտրական մարմինների աշխատանքի անկողմնակալությանը: Ըստ զեկույցի՝ Մոլդովայում ԿՀԸ գործել է բաց, սահմանված իրավական ժամկետներում: Վրաստանի դեպքում, որպես թերացում խոսվում է   Տեղամասային ընտրական հանձնաժողով (ՏԸՀ) անդամների ընտրության իրավական կատեգորիայի անորոշ լինելու մասին, որը սխալ մեկնաբանման տեղիք է տալիս և դառնում մտահոգության պատճառ: Բացի այդ խոսվում է ավելի ցածր մակարդակներում հանձնաժողովի անդամների նշանակման գործընթացում առկա կողմնակալության մասին: Հայաստանի դեպքում նույնպես խոսվում է ՏԸՀ-ում առկա կողմնակալության մասին,  ինչպես նաև  զեկույցը նշվում է, որ ԿԸՀ-ն հետևողական չի եղել բողոքների նկատմամբ:   Մոլդովայի պարագայում թեպետ ասվում է, որ ընտրության տեխնիկական ասպեկտները բոլոր մակարդակներում պրոֆեսիոնալ են իրականացվել, ԿԸՀ որոշ որոշումներ չունեն հստակություն և անտեղի բարդացնում են գործընթացի որոշ ասպեկտներ:  

Քարոզարշավ

Մոլդովայի և Վրաստանի վերաբերյալ զեկույցներում քարոզարշավը գնահատվում է որպես մրցակցային, Հայաստանի դեպքում նման բնորոշումը բացակայում է: Հայաստանի պարագայում նշվում է, որ մրցակիցները թեպետ կարողացել են հիմնականում իրականացնել իրենց քարոզարշավն առանց սահմանափակումների, բռնության առանձին միջադեպեր են գրանցվել երկրի որոշ հատվածներում: Բռնության առանձին դեպքերի մասին է խոսվում նաև Վրաստանի դեպքում: Բոլոր երեք երկրների զեկույցներում խոսվում է քարոզարշավի նպատակով  ադմինիստրատիվ ռեսուրսների օգտագործման մասին: Որպես դրական հատկանիշ՝ Հայաստանի դեպքում խոսվում է այն մասին, որ  շատ պաշտոնյաներ քարոզարշավի համար արձակուրդի են մեկնել:  Որպես քարոզարշավի բացասական կողմ Մոլդովայի դեպքում նշվում է թեկնածուների գրանցման անհետևողականության մասին, ինչը բացասական է անդրադարձել մրցակիցների հավասար հնարավորությունների վրա: Վրաստանի պարագայում՝ որպես թերություն խոսվում է երկու առաջատար կուսակցությունների իրար հանդեպ ունեցած հակադիր դիրքորոշման մասին, որն ազդել է ընտրական մթնոլորտի վրա: Հայաստանի դեպքում խոսվում է ձայների գնման, հանրային ծառայողների դեմ իրականացված ճնշումների մասին, ինչը հանգեցրել է  ընտրական գործընթացների հանդեպ հանրության վստահության պակասի:

ԶԼՄ ծածկույթ

Հայաստանի և Վրաստանի ընտրությունների վերաբերյալ զեկույցներում շեշտադրվում է այն հանգամանքը, որ երկրում գործող օրենսդրական դաշտը երաշխավորում է մեդիա ազատությունը: Մոլդովայի պարագայում նշվում է, որ ԶԼՄ-ները խիստ կապված են խոշոր քաղաքական կուսակցությունների հետ, ինչը նվազեցնում է հեռուստատեսությամբ քաղաքական բազմակարծությունը: Վրաստանի դեպքում նույնպես խոսվում է այն մասին, որ ԶԼՄ-ները բևեռացված են, միևնույն ժամանակ նշվում է, որ ընդհանուր առմամբ երկրում մեդիա բազմակարծության մակարդակը բարձրացել է: Հայաստանի դեպքում ընդգծվում է, որ հեռարձակվող մեդիա ընկերությունների ազատությունը սահմանափակվում է խմբագրական միջամտության պատճառով, Վրաստանի և Մոլդովայի զեկույցներում նույնպես խոսվում է հեռարձակվող մեդիա ընկերություններում նկատվող կողմնակալության մասին: Հայաստանի դեպքում ընդգծվում  է, որ չկա որևէ միջամտություն համացանցային ազատությանը և  էլեկտրոնային լրատվականները նպաստել են քաղաքական բազմակարծության աճին լրատվական դաշտում, բացի այդ նշվում է, որ Հ1 մրցակիցներին հավասարաչափ է լուսաբանել: Վրաստանի պարագայում ընդգծվում է, որ դեբատների միջոցով մրցակիցները ստացել են  համընդգրկուն և բազմակարծիք հարթակ իրենց կարծիքները արտահայտելու համար: Մոլդովայի դեպքում նշվում է, որ չի հաջողվել հասնել թեկնածուների քարոզարշավների արդար, հավասարակշռված և անկողմնակալ լուսաբանմանը:

Դիմումներ և բողոքներ

Մոլդովայի և Վրաստանի ընտրությունների վերաբերյալ զեկույցներում նշվում է, որ բողոքները և դիմումները հասցեագրվել են թափանցիկ ճանապարհով:  Ի տարբերություն Մոլդովայի՝ Վրաստանի դեպքում ընդգծվում է, որ ընտրախախտումների դեմ վարչական միջոցներ ձեռնարկելու համար արագացված վերջնաժամկետի բացակայությունը և հետաքննությունների համար ռեսուրսների անբավարարությունը սահմանափակում է գործընթացի արդյունավետությունը: Մոլդովայի դեպքում, որպես խնդիր՝ նշվում է, որ օրենքի ոչ հետևողական մեկնաբանությունը՝ կապված թեկնածուներին գրանցումից դուրս բերելու հետ, նվազեցրել է ընդհանուր վստահությունը ընտրական մարմինների և դատական համակարգի հանդեպ: Հայաստանի դեպքում խոսվում է բողոքների լուծման համակարգի հանդեպ առկա անվստահության մասին, ինչպես նաև դատական համակարգի,  ընտրական մարմինների և օրինապահ ուժերի ոչ անկախ լինելու մասին: Վրաստանի դեպքում բարձրաձայնվում է  այն փաստը, որ շատ շահագրգիռ կողմեր շեշտել են դատական համակարգում բարեփոխումները շարունակելու անհրաժեշտությունը:

 

Համեմատական հոդվածի երկրորդ բաժնում կանդրադառնանք զեկույցում տեղ գտած հետևյալ մյուս բաժինների համեմատությանը՝ ընտրությունների օր և քվեների հաշվարկ, ընտրական համակարգ և իրավական դաշտ, թեկնածուների և ընտրողների գրանցում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: