ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփի հիմնական ուղերձները ՌԴ-ին (համադրական վերլուծություն)

www.slate.com

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուց ի վեր, անգամ մինչ ընտրությունը` ողջ քարոզարշավի ընթացքում, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները մշտապես եղել են ակտիվ քննարկվող թեմաների շարքում: Այսօր արդեն, երբ G 20 շրջանակներում տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, հետաքրքրական է կատարել առ այսօր Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ նախագահի մեկնաբանությունների վերլուծություն՝ հասկանալու համար ինչպիսին է եղել Թրամփիՙ Ռուսաստանին ուղղված հռետորաբանությունը:

Թրամփիՙ Ռուսաստանին ուղղված մեկնաբանությունների համադրությունը ցույց է տալիս, որ դեռևս ընտրական քարոզարշավի սկզբից Դոնալդ Թրամփը հետևողականորեն պնդել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը կարող է միայն դրական լինել:

Օրինակ, դեռևս 2016 թվականի փետրվարի 15-ին, երբ ընտրական քարոզարշավի առաջին փուլը դեռ նոր էր սկսվել, իր մամուլի ասուլիսի ժամանակ Դոնալդ Թրամփը նշել է. «Դու ցանկանում ես այս պետության համար լավ բան անել (խմբ. ԱՄՆ-ի), դու ցանկանում ես գործ ունենալ Ռուսաստանի հետ, ոչ մի վատ բան չկա նրանում, որ մենք չկռվենք բոլորի հետ և Ռուսաստանի հետ ունենանք լավ հարաբերություններ՝ ի հեճուկս այն բոլոր հիմարությունների, որ մինչ այս կատարվել է»:

Ապրիլի 26-ին (2016 թ.), երբ պարզվում է, որ Թրամփն ընտրությունների առաջին փուլում առավելություն ունի իր հանրապետական մրցակիցների նկատմամբ, նա իր ելույթում նշում է. «Մենք լավ հարաբերություններ ենք ունենալու Ռուսաստանի և Պուտինի հետ»: 

2016 թվականի մայիսի 3-ին, հանրապետականների կողմից ընտրությունների երկրորդ փուլում հիմնական թեկնածու նշանակվելուց հետո էլ, Թրամփը շարունակում է պնդել, որ ԱՄՆ-ը պետք է լավացնի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ:  Նույն թեզը նա հետևողականորեն շարունակում է կրկնել հունիսի 3-ին Կալիֆորնիայում իր ելույթի ժամանակ, հուլիսի 27-ին իր մամուլի ասուլիսի ժամանակ, հոկտեմբերի 9-ին  և հոկտեմբերի 17-ին՝ նախագահական դեբատների ժամանակ,  և այլն:  

Դեռևս ընտրական փուլում Թրամփը խոսել է ՌԴ նախագահի հետ հանդիպման անհրաժեշտության մասին: 2016 թվականի հոկտեմբերի  17-ի իր հարցազրույցում, նա անգամ նշել է, որ հիանալի կլիներ, եթե ինքը կարողանար հանդիպել ՌԴ նախագահին մինչ իր նախագահի պարտականությունները ստանձնելը: 

Իսկ որևէ փոփոխություն կրե՞լ է արդյոք Թրամփի՝ արդեն որպես նախագահի, հռետորաբանությունը Ռուսաստանի հանդեպ:

Օրինակ, 2017 թվականի հունվարի 11-ին, որպես նախագահ՝ իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ՌԴ կողմից Դեմոկրատների ընտրական հանձնաժողովի նկատմամբ հնարավոր հաքերային հարձակմանը, նա ընդունում է, որ դա կարող էր լինել Ռուսաստանը, բայց միևնույն ժամանակ ավելացնում. «Ես կարծում եմ, որ մենք ենթարկվում ենք հաքերային հարձակման նաև այլ պետությունների և մարդկանց կողմից»:  

Իր նույն ելույթում Թրամփը շարունակում է խոսել ՌԴ հետ լավ հարաբերություններ ունենալու մասին՝ մասնավորապես նշելով. «Եթե Պուտինը հավանում է  Թրամփին, ես դա համարում եմ առավելություն, քանի որ մենք սարսափելի հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ: Ռուսաստանը կարող է օգնել մեզ կռվել ԻՊ դեմ»:  

Հունվարի 20-ի Թրամփի երդմնակալությունից հետո, որին հաջորդեցին Թրամփի կողմից նշանակված տարբեր պաշտոնյաների վերաբերյալ Ռուսաստանի հետ ունեցած կապերի մասին աղմկահարույց քննարկումները, ՌԴ-ին ուղղված Թրամփի մեկնաբանություններում կարելի է արդեն որոշակի զգուշավորություն նկատել: Օրինակ, Սպիտակ տանը փետրվարի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նա նշում է. «Ես Ռուսաստանին ոչինչ պարտք չեմ: Ես Ռուսաստանում չունեմ ոչ մի վարկ: Ես Ռուսաստանում չունեմ կնքած որևէ գործարք»:

Նախագահության 100-րդ օրվանից հետո, CBS-ին տված իր հարցազրույցում, պատասխանելով հարցին, արդյո՞ք ինքը կարծում է, որ Ռուսաստանը միջամտել է ընտրություններին, նա ուղղակի պատասխանում է. «Ես չգիտեմ»:

Այնուամենայնիվ, Սպիտակ տանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հանդիպումից հետո Թրամփը նշում է, որ «շատ-շատ լավ հանդիպում է ունեցել» ՌԴ արտգործնախարարի հետ և Սիրիայի հարցով նրանք պատրաստվում են «կանգնեցնել սպանությունները և մահը» : Իսկ տարածված լուրերին ի պատասխան, առ այն, որ ենթադրաբար Թրամփը հանդիպման ժամանակ ՌԴ պաշտոնյաների հետ կիսվել է գաղտնի տեղեկություններով, նա ուղղակի պատասխանում է. «Որպես նախագահ՝ ես ցանկացել եմ կիսվել Ռուսաստանի հետ, որի իրավունքը ես միանշանակ ունեմ…»: 

ՌԴ հանդեպ Թրամփի թիմի վերաբերմունքն էր արտահայտում նաև այն, որ ի տարբերություն ԱՄՆ Սենատի՝ ԱՄՆ նախագահ Թրամփը և իր թիմը դեմ արտահայտվեցին ՌԴ դեմ նոր պատժամիջոցներին: ԱՄՆ Սենատի օրինագծի հաստատումից հետո Սպիտակ տանից հայտնեցին, որ մտադիր են աշխատանք տանել Ներկայացուցիչների պալատի հանրապետական կոնգրեսականների հետՙ հնարավորինս մեղմելու ՌԴ դեմ պատժամիջոցները: Հարցի շուրջ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նշեց, որ այդ պատժամիջոցները բացասապես կանդրադառնան Թրամփի վարչակարգի քայլերի վրա՝ բարելավելու Ռուսաստանի հետ հարաբերությունները:  

Թրամփի կողմից առ այսօր Ռուսաստանի վերաբերյալ արված հայտարարությունների համադրումը ցույց է տալիս, որ ընդհանուր առմամբ նրա թիմի կողմից առկա է ՌԴ հանդեպ դրական վերաբերմունք: Սակայն հետաքրքրական է փաստել, որ պատկերը նույնը չէ, երբ անդրադառնում ենք, օրինակ, ԱՄՆ պաշտպանական ոլորտի ներկայացուցիչների՝ Ռուսաստանի հասցեին հնչեցրած հռետորաբանությանը: Օրինակ, ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսն իր ելույթներում շարունակ Ռուսաստանին մեղադրել է «հետպատերազմյան ապահով և խաղաղ միջավայրին մարտահրավեր նետելու մեջ»: Բացի այդ, նա Ռուսաստանին մեղադրել է նաև միջազգային իրավունքը խախտելու մեջ՝ անդրադառնալով «Ղրիմի անեքսիային»:  

Ամփոփելով կարող ենք փաստել, որ առ այսօր ՌԴ-ին ուղղված ԱՄՆ նախագահի հռետորաբանության ընդհանուր դրական ֆոնը նաև հնարավոր դարձրեց ՌԴ- ԱՄՆ նախագահի հանդիպումը: Ինչ վերաբերում է պաշտպանական թևի ավելի կոշտ մեկնաբանություններին, պետք է փաստել, որ այդ կերպ Թրամփի վարչակարգն, ամենայն հավանականությամբ, փորձել է հավասարակշռություն պահպանել, որը թույլ կտա հետագայում ՌԴ հետ հարաբերություններում ԱՄՆ-ին հանդես գալ ավելի կոշտ, ոչ զիջողական դիրքերից:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: