ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հոգլանդի հայտարարությունը. ինչու՞ հիմա

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից ներկայացված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի 6 հիմնական կետերը հայտնվել են հանրային և փորձագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում՝ դառնալով տարաբնույթ մեկնաբանությունների առիթ: Նման կետերի առկայությունը բնավ նորություն չէ, և նախկինում ևս որոշակի նյուանսային տարբերություններով դրանց մասին բարձրաձայնվել է: 

Բարձրացած աղմուկում շրջանառվում է նաև հետևյալ հարցը՝ ինչու՞ հիմա: Ամերիկացի համանախագահի կողմից հակամարտության կարգավորման գործընթացի 6 հիմնական կետերի ներկայացման ժամանակային ընտրությունը թերևս կարելի է պայմանավորել մի քանի գործոններով՝

1. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում վերջին շրջանում նկատվում էր ռուսական կողմի ակտիվություն: Դա ուներ իր օբյեկտիվ հիմքերը՝ ԱՄՆ-ն գտնվում էր նախընտրական, ապա հետընտրական փուլում, ինչը, հաշվի առնելով ԱՄՆ նախագահական այս ընտրությունների որոշակի «անկանխատեսելի» ելքը, որոշակի ժամանակ էր պահանջում: Մյուս կողմից ԵՄ-ն ընդհանրապես և համանախագահ Ֆրանսիան մասնավորապես այս ընթացքում առավել կենտրոնացած էր իր առաջնահերությունների (միգրացիա, ահաբեկչության դեմ պայքար և այլն) վրա: Բացի այդ, Փարիզը ևս անցավ նախագահական ընտրություններով: Այս գործոնները ռուսական կողմի համար ստեղծել էին նախաձեռնողականության որոշակի դաշտ, ինչը, բնականաբար, Մոսկվա չէր կարող անտեսել (ռուսական կողմի ակտիվությունն անգամ դարձավ հակամարտության կարգավորման «Լավրովյան»  կամ «ռուսական» պլանի առկայության մասին խոսակցությունների առիթ): Սակայն, ԱՄՆ նորընտիր վարչակարգը, որն արդեն իր ճշգրտումներն է կատարել երկրի արտաքին քաղաքականության հիմնական գծերում, ցանկանում է կրկին ակտիվանալ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձևաչափում: Եվ փաստորեն ամերիկյան կողմը, ի դեմս Հոգլանդի՝ հստակ ընդգծեց հակամարտության կարգավորման հիմնական տարրերը՝ այդ կերպ ազդարարելով, որ կրկին պատրաստ է բավական ակտիվ դերակատարում ունենալ կարգավորման գործընթացում:

2. Համանախագահի փոփոխությունը ևս խորհրդանշական է Մինսկի խմբում ամերիկյան կողմի ակտիվացման համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ժամանակավոր համանախագահ, ում պաշտոնավարումն ավարտվում է՝ Հոգլանդը դիմեց դիվանագիտական հնարքի: Հաշվի առնելով իր հեռանալու գործոնը՝ նա հստակեցրեց քաղաքական բանակցությունների հիմնական բովանդակությունը՝ այդ կերպ հնարավոր բացասական արձագանքներն ընդունելով իր վրա՝ հնարավորություն տալով նորանշանակ համանախագահ Էնդրյու Շեֆերին շարունակել աշխատանքն առավել անկաշկանդ:

3. Բացի այդ, նույն Ռիչարդ Հոգլանդը օգոստոսի սկզբին բավական լայն անդրադարձ էր կատարել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում փոխվստահության խնդիրներին: Նրա կողմից՝ փոխվստահության այնպիսի միջոցների առանձնացումը, ինչպիսիք են սահմաններից դիպուկահարների հեռացումը, միջազգային դիտորդների քանակի ավելացում, միջադեպերի հետաքննության համար հատուկ սարքավորումներ տեղադրումը և այլն, բնականաբար, չէին կարող չառաջացնել ադրբեջանական կողմի դժգոհությունն, ինչն արտահայտվեց նաև ադրբեջանական մամուլում: Հաշվի առնելով այս ամենը՝ առնվազն չենք կարող բացառել, որ նախորդ հարցազրույցից հետո առաջացած ադրբեջանական կողմի ճնշման տակ, Հոգլանդը փորձել է որոշակի «բալանսավորման» գնալ՝ հանրությանը ներկայացնելով հակամարտության կարգավորման 6 կետերը, որոնք, բնականաբար, հայկակակ կողմում ևս ոչ միանշանակ են ընդունվում:

Ինչ վերբերում է հրապարակված կետերին, ապա պետք է հաշվի առնել, որ դրանք ոչ թե բանակցող կողմերի կողմից ընդունված և իրականացման ենթակա դրույթներ են (ընդ որում՝ դրանց վերջնական ձևակերպումները դեռևս հայտնի չեն), այլ ուղղակի համաձայնեցված կետեր են, որոնց շուրջ պետք է ընթանան բանակցութունները (Բաքուն նախկինում հերքել է անգամ նման կետերի առկայությունը): Դա իր խոսքում շեշտել է նաև Հոգլանդը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: