ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կատալոնիա. ինքնորոշման պատմական և իրավական հիմքեր (տեղեկանք)

shbarcelona.com

Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեն արդեն սարերի հետևում չէ: Այդուհանդերձ, ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, որտեղ պաշտոնական Լոնդոնը թույլ տվեց Շոտլանդիային անցկացնել անկախության մասին հանրաքվե, որի ընթացքում, սակայն, անկախության կողմնակիցները պարտություն կրեցին, Իսպանիայում ոչ մի պարագայում մտադիր չեն թույլ տալ կատալոնացիներին հանրաքվե անցկացնել: Մադրիդում հայտարարում են, որ Կատալոնիան երբեք չի եղել անկախ պետություն, հետևաբար, ի տարբերություն Շոտլանդիայի, չունի նման կարգավիճակի իրավունք: Արդյո՞ք դա իսկապես այդպես է:    

Կատալոնիան Իսպանիայի 17 ինքնավար մարզերից է, որը տեղակայված է երկրի հյուսիս-արևելքում: Այն մեծությամբ Իսպանիայի 6-րդ ինքնավար մարզն է, և ունի 7,5 միլիոն բնակչություն: Մայրաքաղաքը Բարսելոնան է, որը մեծությամբ Իսպանիայի երկրորդ քաղաքն է և Եվրոպայում երրորդը՝ զբոսաշրջիկների այցելության ցուցանիշով: Կատալոնիան ինքնավար մարզի կարգավիճակ է ստացել 1979 թվականին: Դրա կազմի մեջ մտնում է 4 նահանգ՝ Բարսելոնա, Ժիրոնա, Լերիդա և Տարագոնա:  

Երկուսուկես դար շարունակվող ճնշումներից և արգելքներից հետո հրաշքով պահպանված կատալոներենը կատալոնացիների մեծ մասի համար անձեռնմխելի սրբություն է հանդիսանում:

Տնտեսության տեսանկյունից Կատալոնիան, կարելի է ասել, Իսպանիայի գլխավոր տնտեսական շարժիչն է: Կատալոնիայի տնտեսությունն ամենահզորն է երկրի 17 ինքնավար մարզերի շարքում:

Ներկայիս Կատալոնիայի տարածքում ժամանակին բնակվել են նեանդերթալյան մարդիկ, իբերներ, հին հույներ և հռոմեացիներ, վեստգոթեր և մավրեր: Ինչ վերաբերվում է էթնիկ կատալոնացիների պատմությանը, այն որպես ազգ ձևավորվել է դեռևս միջին դարերում և պահպանել է իր միասնականությունն ու առանձնահատկությունները մինչև մեր օրերը:

988 թվականը համարվում է Կատալոնիայի ստեղծման տարի: Դա տեղի է ունեցել շնորհիվ Բարսելոնայի գրաֆ Բորել II-ի, ով հրաժարվեց ճանաչել Ֆրանսիայի թագավորների իշխանությունն իր տարածքների նկատմամբ: Այդպիսով Բարսելոնան դարձավ անկախ ֆեոդալական միավոր: Կատալոնիայի անկախությունը պահպանվեց մինչև այն պահը, երբ 1700 թվականին իսպանական գահն անցավ թագավոր Ֆիլիպ V-ին:

1701-1714 թվականներին տեղի ունեցավ խոշոր եվրոպական հակամարտություն՝ պատերազմ իսպանական ժառանգության համար, որն իսկական աղետ դարձավ Կատալոնիայի համար՝ որպես անկախ պետության, և կատալոնացիների համար՝ որպես ազգի: 1714 թվականի սեպտեմբերի 11-ին ավարտվեց Բարսելոնայի՝ 13 ամիս շարունակվող շրջափակումը: Կատալոնացիներն ազգային պարտություն կրեցին Իսպանիայի և Ֆրանսիայի համատեղ ուժերի դեմ մղվող պատերազմում: Այդ ժամանակներից ի վեր սեպտեմբերի 11-ը նշվում է որպես Կատալոնիայի ազգային օր:

Պարտված կատալոնացիները զրկվեցին առաջնորդներից, պաշտոնական հաստատություններում կատալոներենն օգտագործելու իրավունքից` հայտնվելով Իսպանիայի թագավորի ենթակայության տակ: Այդուհանդերձ, նրանք չկորցրին իրենց ազգային ինքնատիպությունը՝ պահպանելով իրենց ավանդույթները, մշակույթն ու լեզուն: XIX դարի ընթացքում և XX դարի սկզբին կատալոնացի առաջնորդներն անհաջող դիվանագիտական փորձեր ձեռնարկեցին՝ Իսպանիայից առանձնանալու համար: Կատալոնիայի ձգտումները ճնշվեցին ռազմական բռնապետ Ֆրանսիսկո Ֆրանկոյի իշխանության գալուց հետո, ով Իսպանիայի ղեկավար դարձավ 1936-1939 թվականներին տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի արդյունքում: Սակայն, Ֆրանկոյի ճնշումները ոչ միայն չոչնչացրին կատալոնական մշակույթը, այլև ավելի ուժեղացրին Կատալոնիայի անկախության շարժումը:

Ֆրանկոյի մահից հետո Իսպանիայում վերականգնվեց միապետությունը և ընդունվեց Սահմանդրություն: Իսպանիան դարձավ դաշնային պետություն, իսկ Կատալոնիան ստացավ ինքնավարություն: Կատալոնիայում սկսվեց անկախության շարժման նոր փուլ: Ֆրանկոյի ռեժիմի անկումից անմիջապես հետո կատալոնացիները սկսեցին քաղաքական և տնտեսական ինքնուրույնություն պահանջել, ինչին, սակայն, չհասան: 1976 թվականին տեղի ունեցան մեծ ցույցեր «Անկախություն, համաներում, ինքնավար պետություն» կարգախոսով: 1979 թվականին ընդունվեց Կատալոնիայի նոր կանոնադրությունը: Իսպաներենի հետ միասին պետական լեզու հռչակվեց նաև կատալոներենը, կատալոնացիները ճանաչվեցին առանձին ժողովուրդ, իսկ կառավարումն անցավ Կատալոնիայի Ժեներալիտետին (կառավարություն), որը ղեկավարում է շրջանը մինչ օրս:

Կատալոնիայում սկսվեց ազգային և մշակութային վերականգնման գործընթաց: Կատալոներենով հրատարակվեցին թերթեր, ստեղծվեց ռադիո և հեռուստատեսություն, ուսումնական հաստատություններում կրկին սկսեցին դասավանդել սեփական լեզվով: Բացի այդ, Կատալոնիայում վերականգնվեց տեղական ոստիկանությունը (Mossos d'Esquadra): Այդուհանդերձ, Կատալոնիան շարունակում է մնալ  Իսպանիայի մաս:   

Վերջին տարիներին Կատալոնիայի անկախության համար պայքարը տեղական իշխանությունների և Մադրիդի միջև առաջ էր տարվում դիվանագիտական խողովակներով: 2006 թվականին Կատալոնիայի և Իսպանիայի իշխանություններն ստորագրեցին պայմանագիր, որն էական վարչական և ֆինանսական անկախություն էր տալիս շրջանին: Սակայն 2010 թվականին Իսպանիայի Սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարեց այդ պայմանագրի որոշ կետեր՝ դրանով իսկ առաջացնելով կատալոնացիների դժգոհությունը: Անկախության մասին ոչ պաշտոնական հանրաքվեներ արդեն իսկ անց են կացվել 2009 և 2011 թվականներին: Իսկ 2014 թվականի հանրաքվեի փորձը կասեցվեց Իսպանիայի Սահմանադրական դատարանի կողմից: Փոխարենը Կատալոնիայում անցկացվեն «քաղաքացիական հարցում», որի ընթացքում քվեարկողների մոտ 81%-ը կողմ արտահայտվեցին Իսպանիայից առանձնանալուն: Կատալոնիայի անկախության մասին նոր հանրաքվեն նշանակված է ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ին:   

Իհարկե, Կատալոնիայի բնակիչների անկախանալու ձգտումն անվերջ անտեսել հնարավոր չէ: Կատալոնացիներին չլսելու Մադրիդի փորձերը միայն ընդլայնում են անկախության կողմնակիցների շարքերը: Այդուհանդերձ, Կատալոնիայում դեռ չեն մոռացել ո՛չ քաղաքացիական պատերազմը, ո՛չ էլ Ֆրանկոյի ռեժիմի սարսափները, այդ իսկ պատճառով, շրջանում ոչ-ոք չի ցանկանում անկախության հարցը լուծել բռնության միջոցով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: