ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կատալոնիայի հանրաքվեի արդյունքներն ու դասերը

Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայի բնակչությունը հերթական անգամ բարձրաձայնեց Իսպանիայից անկախանալու իր ցանկության մասին՝ մասնակցելով անկախացման հանրաքվեին:

Չնայած հանրաքվեն տապալելու Մադրիդի բոլոր ջանքերին՝ Սահմանադրական դատարանի արգելքին, ոստիկանության կողմից ուժի կիրառմանը, հանրաքվեին մասնակցեց կատալոնացիների կեսեցի ավելին, և քվեարկածների 90 տոկոսը «ԱՅՈ» ասաց անկախությանը:

Կատալոնիայի անկախության համար այս պայքարը միաժամանակ մի քանի կարևոր բաղադրիչներ ունի:

Ազգային. կատալոնացիներն իրենց էթնիկությամբ տարբերվում են իսպանացիներից և պայքարում են իրենց լեզուն ու ինքնությունը պահպանելու համար, իսկ Մադրիդի քաղաքականությունն իրենց շրջանում դիտարկում են որպես «Կատալոնիան ավելի իսպանական» դարձնելու ձգտում: Ուստի այս պայքարը, առաջին հերթին, հենց ինքնության պահպանման պայքար է:

Ֆինանսական. Կատալոնիան Իսպանիայի տնտեսապես ամենազարգացած շրջաններից մեկն է և ունի ամենամեծ տուրիստական հոսքերը: Տնտասական հաշվարկները ցույց են տալիս, որ այսօրվա դրությամբ Կատալոնիան ավելի մեծ ներդրում է կատարում Իսպանիայի բյուջե, քան ստանում է այդ բյուջեից: Դա հատկապես զգալի է դարձել Իսպանիայի տնտեսական ճգնաժամից հետո: Օրինակ՝ 2015թ.-ին Կատալոնիային հատկացվել է պետական բյուջեի միայն 9,5%-ը՝ 2003թ.-ի 16%-ի դիմաց:

Քաղաքական. Մադրիդի և Բարսելոնայի միջև երկարատև բանակցություններից հետո 2006թ.-ին հաջողվել էր պայմանագիր կնքել, որով կատալոնական ինքնավարությունը զգալիորեն ընդլայնվել էր՝ Բարսելոնան ստացել էր ֆինանսական, վարչական համեմատաբար զգալի ինքնուրույնություն, և կատալոնացիները ճանաչվել էին, որպես «ազգ», սակայն 2010թ. Սահմանադրական դատարանի որոշմամբ պայմանագրի որոշ կետեր չեղարկվեցին, ինչը նպաստեց անկախացման այս ալիքի աճին:

 Այսօր Մադրիդի որդեգրած կոշտ դիրքորոշումն էլ ավելի է թեժացնում կրքերը: Նախքան հանրաքվեի անցկացումը սոց. հարցումները ցույց էին տալիս, որ բնակչության միայն 41%-ն է կողմ անկախությանը, իսկ 49%-ը՝ դեմ: Սակայն Մադրիդի մոտեցումն ու հանրաքվեի նախօրեին ձեռնարկված քայլերը (հանրաքվեի անցկացման խոչընդոտում, Մադրիդից ոստիկանական ուժերի գործուղում, հանրաքվեի կազմակերպիչների ձերբակալություններ և այլն) փոփոխություններ մտցրին հանրային տրամադրությունների մեջ: Բացի այդ, նախորդ խորհրդարանական ընտրություններում 40% քվե ունեցող իսպանամետ քաղաքական ուժերը բոյկոտեցին հանրաքվեն՝ էլ ավելի մեծացնելով «ԱՅՈ»-ի շանսերը: Արդյունքում, հանրաքվեին մասնակցեց ձայնի իրավունք ունեցողների կեսից ավելի և 90%-ն արտահայտվեց անկախացման օգտին:

Հանրաքվեի նախօրեին և դրա ընթացքում ոստիկանության գործողություններն անհետևանք մնալ չեն կարող, հանրաքվեի մասնակիցների թվում կա 700-ից ավել վիրավոր: ԵՄ-ն ստիպված է լինելու արձագանքել և քննադատել ժողովրդավարական ուղով իրենց կամքն արտահայտելու ցանկությանն ի պատասխան նման բռնության կիրառումը: Դա չի նշանակում, որ ԵՄ-ն կաջակցի Կատալոնիայի անկախացմանը: Խուսափելով դոմինոյի էֆֆեկտից և Մադրիդի հետ լրացուցիչ խնդիրներից՝ Բրյուսելը ձգտելու է հնարավորինս զերծ մնալ այս խնդրին միջամտելուց, ավելին՝ անուղղակի կերպով մշտապես փորձելու է կանխել անջատողականության տարածումը (ԵՄ որդեգրած քաղաքականությամբ ԵՄ անդամ երկրներից անջատվող միավորները դուրս են գալիս նաև ԵՄ կազմից): Սակայն, բռնության կիրառումը չքննադատելը կնշանակի սեփական սկզբունքների և արժեքների դրժում:

Այժմ Կատալոնիայի խորհրդարանը պետք է որոշում կայացնի անկախություն հայտարարելու մասին: Սակայն, երկու կողմերն էլ, չնայած վճռական հռետորաբանությանն ու փոխադարձ մեղադրանքներին, դիտարկում են բանակցելու հնարավորությունը: Իսպանիայի վարչապետ Մ. Ռախոյը հայտարարել է, որ «դուռը բաց է թողնում» և պատրաստ է բանակցել, բայց միայն օրենքի շրջանակներում: Կատալոնիայի նախագահ Կ.Պուչդեմոնը, իր հերթին, հայտարարել է, որ «անկախության միասնական հայտարարությունը սեղանին չէ» և ինքը պատրաստ է բանակցել: Տրամաբանորեն հաջորդ քայլը լինելու են բանակցությունները, բայց Մադրիդի կողմից կիրառած բռնությունը և դրա հետևանքով հանրային տրամադրությունների սրումը զգալիորեն մեծացրել են փոխզիջման հարցում Բարսելոնայի նշաձողը:

Կատալոնիայի հանրաքվեն որոշակի դասեր է պարունակում նաև ինքնորոշման հարցին առնչվող այլ հիմնախնդիրների համար:

Մադրիդի կողմից բռնության կիրառումն ու դրա հետևանքով հանրային տրամադրությունների փոփոխությունը հերթական անգամ ցույց տվեցին, որ նման խնդիրները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով:

Բացի այդ, միջազգային հանրության ուշադրությունը կրկին սևեռվեց ինքնորոշման հիմնախնդրի վրա: Կատալոնիայի օրինակը ցույց է տալիս, որ ինքնորոշման և ինքնության պահպանման հարցը մշտապես արդիական և կարևոր է: Եթե նույնիսկ Իսպանիայի պես ժողովրդավարական, ԵՄ անդամ երկրում ազգային «Ես»-ի պահպանման համար անկախացման հարց է բարձրացվում, բնական է, որ այդ հարցն առավել քան տեղին և արդիական է զարգացող երկրներում, առավել ևս այն դեպքերում, երբ ինքնորոշումը նաև անվտանգության հարց է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: