ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպիսի՞ն էր 2017 թվականը Վրաստանի համար

© Sputnik / Alexander Imedashvili

Վրաստանի ներքաղաքական կյանքը բավական հագեցած էր թե՛ ընտրական գործընթացներով, թե՛ բարեփոխումներով:

Թերևս 2017թ-ին տեղի ունեցած ամենաառանցքային իրադարձությունը Սահմանադրական բարեփոխումներն էին՝ ուղղված խորհրդարանական կառավարման համակարգի ամրապնդմանը: Դեռ մայիսին Վրաստանի խորհրդարան ներկայացված նախագծին կտրուկ դեմ արտահայտվեցին երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և ընդդիմադիր որոշ ուժեր՝ հայտարարելով առանձին դրույթների հետ կապված իրենց անհամաձայնության մասին: Իշխանություններն ամեն կերպ փորձեցին նախաձեռնել երկխոսություն, կատարեցին որոշակի զիջումներ, այնուամենայնիվ դա բավարար չէր քաղաքական դաշտում լիարժեք կոնսենսուս ապահովելու համար: Կոնսենսուսի բացակայությունը չվրիպեց ո՛չ Վենետիկի հանձնաժողովի, ո՛չ Վրաստանի միջազգային գործընկերների ուշադրությունից, որոնք իրենց հայտարարություններում անդրադառնում էին այդ խնդրին: Այուամենայնիվ, խորհրդարանում որակյալ մեծամասնություն ունեցող Վրացական երազանքը երեք ընթերցումներով հաստատեց բարեփոխումները, ինչպես նաև հաղթահարեց նախագահ Մարգվելաշվիլիի վետոն: Ըստ բարեփոխումների՝ Վրաստանի նախագահը 2024 թվականից պետք է ընտրվի ոչ թե ուղղակի ընտրությունների միջոցով, այլ՝ ընտրական կոլեգիայի կողմից: 2024թ-ից վերանալու է նաև մեծամասնական համակարգը և 150 պատգամավորները պետք է ընտրվեն միայն համամասնական ընտրակարգով: Բացի այդ, փոփոխություններ են մտցվում նախագահի և պատգամավորի թեկնածուների համար սահմանված տարիքային պահանջներում (համապատասխանաբար՝ 40 և 25), խորհրդարանը Քութայիսիից տեղափոխվում է Թբիլիսի և այլն: Փոփոխություններով սահմանվում է նաև, որ բոլոր սահմանադրական մարմինները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման ուղղությամբ: Չնայած ընդունված սահմանադրական փոփոխություններին, վրացական իշխանությունները, հաշվի առնելով առկա ճնշումները, նախատեսում են առանձին դրույթների նոր փոփոխություններ:

2017թ-ին Վրաստանում տեղի ունեցած կարևոր մյուս իրադարձությունը հոկտեմբերին կայացած տեղական ընտրություններն էին: Ոչ այդքան մրցակցային ընտրությունների արդյունքում իշխող Վրացական Երազանքը հաղթանակ տարավ բոլոր 73 ընտրատարածքներում: Ընդդիմադիր Միացյալ ազգային շարժում կուսակցությունը 51 ընտրատարածքում զբաղեցրել է երկրորդ տեղը, Եվրոպական Վրաստան կուսակցությունը՝ 9, իսկ Հայրենասերների դաշինքը՝ 11 ընտրատարածքում: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում բավական մեծ էր ուշադրությունը մայրաքաղաք Թբիլիսիի նկատմամբ: Թբիլիսի տեղական ընտրություններում ևս հաղթանակ տարավ Վրացական երզանքը և Վրաստանի նախկին էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախա Կալաձեն դարձավ Թբիլիսիի նոր քաղաքապետ:

2017թ-ին կառավարման օպտիմալացման և առավել արդյունավետ աշխատանքի նպատակով տեղի ունեցան կառավարության կառուցվածքային փոփոխությունները: Նոյեմբերին, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի որոշմամբ, Վրաստանում նախարարությունների թիվը 18-ից կրճատվեց 14-ի. լուծարվեցին էներգետիկայի, գյուղատնտեսության, սպորտի և երիտասարդության, ինչպես նաև եվրոպական կառույցներին ինտեգրման նախարարությունները: Միևնույն ժամանակ, կադրային և կառուցվածքային փոփոխությունների արդյունքում 6 նախարար լքեց իր կաբինետը:

Տարվա ընթացքում Վրաստանում հանրային ամենամեծ հնչեղությունը ստացած իրադարձությունը թերևս Թբիլիսիում ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլըիի առևանումը և Ադրբեջան տեղափոխումն էր, ընդ որում, շրջանառվում էին լուրեր, որ վրացական կողմը ևս մասնակցություն է ունեցել այդ հատուկ գործողությունում: Թե՛ քաղաքացիական հասարակությունը, թե՛ քաղաքական ուժերը բավական բացասական գնահատեցին նման աննախատեպ միջադեպը՝ կազմակերպելով տարբեր ակցիաներ: Բացի այդ, Վրաստանի միջազգային գործընկերները ևս իրենց մտահոգությունն արտահայտեցին  դեպքի առնչությամբ և, կարելի է ասել, որ հենց այդ ճնշումն էր, որ Վրաստանի դատախազությանը ստիպեց հետաքննություն սկսել:

Հատկանշական է, որ տարվա ընթացքում հանրային դժգոհություն առաջացրեց նաև թուրքական կողմի ճնշմամբ Վրաստանում գյուլենական դպրոցների փակումը: Առավել մեծ հնչեղություն ստացավ նաև թուրքական կողմի պահանջով Թբիլիսիի Դեմիրելի անվան քոլեջի ղեկավար Մուստաֆա Էմրե Չաբուքի ձերբակալությունը, ով մեղադրվում է Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած կազմակերպության գործունեությանն աջակցելու մեջ: Վրաստանում քաղաքական ապաստան ստանալու Չաբուքի դիմումները մերժվել են և եթե բողոքարկումը չբավարարվի, ապա նրան սպառնում է արտահանձնում Թուրքիա:

Բացի նշված իրադարձություններից, Վրաստանի ներքին կյանքում 2017թ.-ը առանձացավ նաև ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող վերադասավորումներով (մասնավորապես՝ հիմնական ընդդիմադիր ՄԱՇ կուսակցության պառակտումը), լարիի արժեզրկմամբ, տարեվերջին Թբիլիսիիում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողությամբ և այլն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: