ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեր բանակը, լինելով մեր ժողովրդի անվտանգության հուսալի երաշխիքը, նաև տարածաշրջանային կայունության կարևոր բաղադրիչն է․ Սերժ Սարգսյան

Բանակի օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Ազգային անվտանգության խորհրդի անդամների, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Մինչ այդ Նախագահ Սարգսյանը Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին հանձնել է զոհված հերոսներին հետմահու շնորհված պետական բարձր պարգևները: Արարողությանը ներկա են եղել նաև այդ ընտանիքներին կցված կուրսանտները, ինչպես նաև ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանի կուրսանտներ և ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներ:

Հանրապետության Նախագահը նաև իր շնորհավորական ուղերձն է հղել Բանակի օրվա առթիվ: Ուղերձում ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մեր երկրի վահանն են, մեր հպարտությունը:

Մեր բանակը, լինելով մեր ժողովրդի անվտանգության հուսալի երաշխիքը, նաև տարածաշրջանային կայունության շատ կարևոր բաղադրիչն է:

Մենք գիտենք, թե ինչ է նշանակում պետականության և կանոնավոր բանակի բացակայություն և գիտենք, թե որքան թանկ ենք վճարել դրա համար: Ծանր փորձություններ տեսած ազգի համար սեփական բանակի գոյությունն իսկ ունի առանձնահատուկ ընկալում:

Մեր բանակը համաժողովրդական բանակ է, որ ստեղծման օրվանից զգում է ժողովրդի սերն ու հարգանքը, վայելում ժողովրդի վստահությունն ու անվերապահ աջակցությունը: Վստահ եմ, որ ապագայում ևս Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը փայփայելու և գուրգուրելու են իրենց առաջնեկին:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք այն երջանիկ սերունդն ենք, որ երկար ընդմիջումից հետո տեսավ հայկական զինական ուժի վերածնունդը, տեսավ նրա ամրացումն ու կայացումը: Մենք այն սերունդն ենք, որը ոչ միայն տեսավ, այլև մասնակիցը և վերակերտողը դարձավ այդ բանակի: Պատմական հանգամանքների բերումով, իսկ ավելի ճշգրիտ ձևակերպմամբ` Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պարտադրանքով, Արցախյան ազատամարտի բերումով, մեր անկախ պետականության շենքը մենք սկսեցինք կառուցել ինքնապաշտպանությունից: Բանակը դարձավ մեր նորանկախ հայկական պետականության առանցքը:

Մեր ազատամարտիկները, իսկ հետագայում արդեն զինվորներն ու սպաները անցան փառահեղ մարտական ուղի՝ դնելով այսօրվա բանակի հիմքերը: Տոնական այս օրն առիթ է ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու մեր զինվորներին ու սպաներին՝ իրենց առաքելությունն անմնացորդ կատարելու համար:

Գաղտնիք չէ, որ այսօր մենք որակապես այլ բանակ ունենք` զինված ամենաարդիական զինատեսակներով, հագեցած ժամանակակից սարքավորումներով: Բայց մենք շարունակում ենք և շարունակելու ենք հետևողականորեն բարձրացնել մեր բանակի մարտունակությունը: Այդ նպատակով ընդունվել է բանակի արդիականացման յոթնամյա ծրագիր, ինչը կյանքի ենք կոչելու ժամանակացույցին համապատասխան: Անձամբ ես ջանք չեմ խնայելու, որ մեր բանակը դառնա ավելի արդիական և ավելի ուժեղ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք Եռաբլուրում ենք: Այս սրբազան տոնի օրը մեր պարտքն է գլուխ խոնարհել հերոսների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքի գնով մեզ կյանք և ազատություն պարգևեցին: Վշտակից ենք մեր բոլոր զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Կոչ ենք անում սերունդներին՝ մշտապես վառ պահել նրանց հիշատակը, Հայաստանի ժողովրդի այս կարևոր տոնի խորհուրդն ու իմաստը:

Հավերժ փա՜ռք մեր հերոսներին: Կեցցե՜ն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը»:

29305_b.jpg (1500×998)

29301_b.jpg (1500×998)

29302_b.jpg (1500×1005)

29307_b.jpg (1500×1039)

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: