ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան 55-ամյակն է

   Հատուկ նշանակության ջոկատի հետախույզ Վովա Վարդանովը սկզբում չի ուզել աշխատել Մոնթե Մելքոնյանի հետ՝ կարծելով որ սփյուռքահայը չպետք է հետախուզական աշխատանքների մասնակցի: Սակայն նրա հետ ծանոթանալուց հետո փոխել է կարծիքը. "Մոնթեն բանիմաց, հայրենասեր տղա էր: Հավատացեք, ինձ այդքան հեշտ չէր հրապուրել: Ինձ գերեց նրա մեծատառով հայ լինելը",- լրագրողներին հետ հանդիպման ժամանակ ասաց Վովա Վարդանովը` հիշելով իր և Մոնթե Մելքոնյանի ծանոթության պահը:
   Այսօր լրանում է Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի 55-ամյակը: "Եթե չհիշեցնեինք, որ իր ծնունդն է, Մոնթեն չէր հիշի",- ասաց Մոնթեի ջոկատի մարտիկ Հովսեփ Հակոբյանը: Նա Մոնթեին բնութագրեց որպես մեծագույն ազնվության տեր մարդ, հաղթանակի նկատմամբ մեծ հավատ է ունեցել, "այն հավատը, որն օգնեց ոչնչից ստեղծել հզոր բանակ":
    "Նա էր առաջինը, որ հասկացավ, որ ջոկատային կռիվներով հնարավոր չէ հաղթանակի հասնել",- ասաց նա:
   Մոնթերի մտերիմ ընկեր և զինակից Վահե Շահմուրադյանը "տնային պայմաններում պատրաստած տորթ, գինի" էր իր հետ բերել`լրագրողների հետ Մոնթեի 55-ամյակը շնորհավորելու համար: Նա նշեց, որ Մոնթեի ամենաչսիրած բանը շողոքորթությունն էր, "ամենամեծ ուշունցը` էշը": Նա պատմեց, որ 1993 թ. փետրվարին Մարտունու շրջանում ժողովրդի հետ խոսելիս են եղել, պարզվել է, որ նրանք գումար են հավաքում Ավոյի արձանը կանգնեցնելու համար: Նա իմացել էր այդ մասին ու շատ զարյացել, թե այս պահին կարևորը ղարաբաղյան խնդիրն է: 
     "Եթե նա լիներ այստեղ ու խնդրեինք խոսել իր մասին, նա չէր խոսի, կասեր` այս պահին կարևորը Արցախի հարցը հասկանալն է",- ասաց նա:
   Վ. Վարդանովն ասաց, որ եթե լիներ Մոնթեն ու նրա նման մի քանի զինվորականներ, մեր բանակը "100 տոկոսով այլ կլիներ": "Մենք կորցրել ենք հրամանատար զինվոր: Շարքային զինվոր էր` պոստում կանգնող, գիշերը չքնող, սոված մնացող, միաժամանակ զորավար է` կարող էր ճակատ ղեկավարել",- ասաց նա:
   Մոնթեն ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում, եղեռնի ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում: Հնագիտության պրոֆեսոր էր և տիրապետւմ էր 8 լեզուների:
    1991 թվականի սեպտեմբերից Մոնթե Մելքոնյաննը` Ավո մականունով Արցախում էր: 1992 թվականին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնեց Մարտունու շրջան շտաբի պետի պարտականությունը: Այստեղ կարճ ժամանակում նա շահեց բնակչության սերն ու հարգանքը, իր անկեղծությամբ ու մաքրությամբ: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը:
    "... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը",- Մոնթեի այս խոսքը որպես զգաստացման կոչ էր հնչում ճակատային մարտիկների, ամբողջ հայ ժողովրդի համար։ Նա անփոխարինելի դեր կատարեց հայկական առաջին ինքնապաշտպանական ուժերը կազմակերպելու եւ ապա նաեւ՝ կանոնավոր բանակ ստեղծելու մտահղացումներում։
    1993-ի հունիսի 12-ին Մոնթեն և իր ընկերները Մարզիլի գյուղի մոտ հանդիպում են զրահամեքենայի: Կարծելով հայեր են՝ մոտենում են, պարզվում է ազերիներ են: Սկսվում է փոխհրաձգություն, որի արդյունքում սպանվում են Մոնթեն և ընկերը՝ Սարիբեկը: Հետմահու Մոնթեն արժանացավ Ազգային հերոս կոչմանը: Նրա անունով է կոչվում ՀՀ ռազմական քոլեջը, Երևանում և Ղարաբաղում նրա անվամբ կան դպրոցներ։
     Դեռևս կենդանության օրոք նա լեգենդար հերոս էր, ողջ հայության և արցախահայության անվերապահ սիրո և պատկառանքի խորհրդանիշ։
Մոնթեն ասել է. "Ես երդում տված եմ և կպատկանամ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։ ... իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե։ ... Ես երդում տված եմ... Արցախը իմ առաջին պայքարը չէ, և վստահ եմ, որ վերջինը չի ըլլա...": 

25.11.2012

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2025
       
    25.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: