ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստան-Վրաստան հարաբերությունների խորացումն ու զարգացումը կշարունակվի

Diplomat.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնն ստանձնելուց հետո առաջին պաշտոնական այցը կատարեց հարևան Վրաստանի Հանրապետություն։ Այցի ընթացքում վարչապետը առանձնազրույց ունեցավ երկրի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ, հանդիպումներ ունեցավ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, hայ համայնքի ներկայացուցիչների, գործարարների, Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի, Սամցխե-Ջավախեթիի հայության հետ։

Պատահական չէ, որ վարչապետի առաջին պաշտոնական այցը Վրաստան իրականացվեց հենց այն ժամանակ, երբ երկու երկրները նշում են հանրապետությունների անկախության հռչակման հարյուրամյա հոբելյանը: Այս ամենն ավելի է ընդգծում հայ-վրացական դարավոր բարեկամության, համատեղ պատմական ուղու կարևորությունը երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման գործում։

Այցի ընթացքում վարչապետը հավաստիացրել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը շարունակելու է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում, իսկ ՀՀ նոր կառավարությունը շահագրգռված է գործադրել հնարավոր ջանքերը Վրաստանի հետ հարուստ փոխգործակցությանը նոր որակ հաղորդելու ուղղությամբ: 

Վրաստանի վարչապետն իր հերթին ընդգծել է, որ իր գլխավորած կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել՝ ընդլայնելու երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում և նոր ազդակ հաղորդելու հայ-վրացական կապերին: 

Հարևան երկրների վարչապետները քննարկել են հարցերի լայն շրջանակ․ ինչպես նշվեց ՀՀ վարչապետի և նրա վրացի պաշտոնակցի համատեղ ասուլիսի ժամանակ, առաձնազրույցին անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանման խնդիրներին: Կարևորվել է էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում համագործակցությունը, քննարկվել են նոր հեռանկարները և համատեղ ծրագրերի իրականացումը։ Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին համոզմունք են հայտնել, որ տնտեսական համագործակցությունը կարող է խթանել երկկողմ առևտրաշրջանառության աճը:

Հատկանշական է, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Մեղրիի ազատ տնտեսական գոտուն և այն որպես երրորդ երկրների շուկաներն ավելի հասանելի դարձնելու հարթակ օգտագործելու հնարավորությանը: 

Ուշադրության են արժանացել նաև երկու երկրների միջև միջխորհրդարանական և միջգերատեսչական հարաբերությունների զարգացման հնարավորությունները, նոր օրակարգի ձևավորումը։

Պետք է առանձնացնել նաև այն, որ վարչապետը, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, շեշտել է, որ հայաստանյան շարժումը ի սկզբանե չի ունեցել որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ: 

Հատկանշական է, որ ՀՀ վարչապետի՝ Վրաստան այցի ծրագրում տեղ է գտել նաև Փաշինյանի այցը գերազանցապես հայերով բնակեցված Սամցխե-Ջավախեթի։ Բանն այն է, որ ՀՀ ղեկավարները բազմիցս եղել են Վրաստանում տարբեր մակարդակի այցերի շրջանակներում, բայց հազվադեպ են իրականացվել այցեր Ջավախք։

Այսպիսով, Հայաստան-Վրաստան հարաբերությունների խորացումն ու զարգացումը կշարունակվի։ Ինչպես այցի ընթացքում նշել է վարչապետը․ հայ-վրացական հարաբերություններում չլուծվող խնդիրներ չկան, քանի որ ամենակարևոր գործոնը խնդիրների լուծման տրամադրվածությունը և ցանկությունն է:    


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: