ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրք-գերմանական հարաբերություններում լարվածությունը թուլանում է ընդդե՞մ ԱՄՆ-ի

© AP Photo / Tolga Bozoglu, Pool

Վերջին չորս տարվա ընթացքում առաջին անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եռօրյա պաշտոնական այցը Գերմանիա թերևս երկկողմ հարաբերությունների կարգավորման առաջին և ամենակարևոր քայլն էր: Առաջին հայացքից կարելի է ասել, որ հանդիպման ընթացքում հստակ արձանագրվեց, որ երկու կողմն էլ այս պահի դրությամբ պատրաստակամ են շարունակելու փոխշահավետ բարիդրացիական հարաբերությունները: Հարց է առաջանում, թե ինչն է մղել երկու երկրների ղեկավարներին, ովքեր դեռ վերջերս էին միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնում, բարելավվել հարաբերությունները հենց այս պահին:

Նախ նշենք, որ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների հետևանքով Թուրքիայի տնտեսությունը, որը մինչ այդ էլ ճգնաժամում էր, էլ ավելի անկայունացավ, ինչն էլ սպառնում է Էրդողանի դիրքերի թուլացմամբ ոչ միայն երկրի ներսում, այլ նաև արտաքին քաղաքական հարցերում: Նման հանգամանքներում Թուրքիայի ղեկավարը, այլընտրանք չունենալով, կրկին փորձում է շփման եզեր գտնել Բեռլինի հետ:

Ինչ վերաբերում է Մերկելին, ապա նշենք, որ վերջին շրջանում Մերկելի՝ փախստականների առաջ «բաց դռների» քաղաքականությունը լուրջ հակասությունների պատճառ է դարձել իշխանական կոալիցիայում, որը կարող է հանգեցնել Մերկելի` կանցլերի պաշտոնից հրաժարական տալուն: Եթե Մերկելին չհաջողվի սեղմ ժամկետներում միգրացիոն խնդրին համաեվրոպական լուծում տալ, ապա վերջիվերջո երկրի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը, հավատարիմ մնալով խոստմանը, կարող է առանց կանցլերի թույլտվության արգելել միգրանտների մուտքը Գերմանիա: Այս պարագայում եթե անգամ Մերկելը որոշի պաշտոնից ազատել վերջինիս, ապա բավարիացիներն, ամենայն հավանականությամբ, որոշում կկայացնեն դուրս գալ կառավարության կազմից, ինչն էլ կհանգեցնի Գերմանիայի իշխող կոալիցիայի փլուզմանը: Նման պայմաններում Մերկելի համար կրկին կարևորվում է Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը:

Ուստի` պատահական չէ, որ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ երկու երկրների ղեկավարներն ամենից առաջ նշեցին, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել մասնավորապես տնտեսական և միգրացիոն հարցերի շուրջ: Այսինքն` այն հարցերի, որն այս պահին անմիջապես երկու երկրների շահերից է բխում: Նշենք, որ Գերմանիայի ազգային շահերի համար չափազանց կարևոր է կայուն Թուրքիան, քանի որ մի կողմից, գերմանական ներդրումների հանգմանքն է Թուրքիայում, իսկ, մյուս կողմից, Թուրքիան է երաշխավորում ներգաղթյալների հարցում Մերկելի վարած քաղաքականությունը:

Նշենք նաև, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում բացի տնտեսական ու միգրացիոն հարցերից, երկու երկրների մերձեցման առիթ է հանդիսանում նաև նրանց ընդհանուր «հակառակորդ» ԱՄՆ-ն:  ԱՄՆ-ի պարագայում Բեռլինի ու Անկարայի շահերը նույնպես համընկնում են: Երկու երկրներն էլ, գտնվելով վերջերս ԱՄՆ կողմից սահմանված պատժամիջոցների ներքո, փորձում են հակազդման քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Այդ մասին է վկայում Ստամբուլում կայանալիք  Թուրքիայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների քառակողմ գագաթաժողովը: Եթե այդ հանդիպումը կայանա, ապա դա լուրջ քայլ կլինի տարածաշրջանում ԱՄՆ-ի ազդեցությունը թուլացնելու համար…

Ամփոփելով, կարելի է ասել, որ Էրդողանն, ըստ երևույթին, ստացավ այն, ինչի համար մեկնել էր Բեռլին: Դատելով Մերկելի հայտարարություններից` Գերմանիան պատրաստ է աջակցել Թուրքիային տնտեսական հարցերում: Բեռլինը կօգնի Անկարային դուրս գալ ճգնաժամից, իսկ դրա դիմաց Թուրքիան պետք է շարունակի իր երկրի տարածքում պահել փախստականներին: Հետաքրքիր է նաև այն, որ Էրդողանի` Գերմանիա կատարելիք այցից առաջ Թուրքիայում ամիսներ առաջ ազատ արձակված գերմանացի լրագրող Մեսալ Թոլուի ճամփորդական արգելքը չեղարկվել էր: Սա խոսում է, որ Էրդողանը պատրաստ է նույնիսկ որոշակի զիջումներ կատարել երկրում մարդու իրավունքների պաշտպանության, ԶԼՄ-ների ազատության հարցերում, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացնում Բեռլինում և կարևոր նշանակություն է ունեցել թուրք-գերմանական հարաբերությունների վատացման հարցում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: