ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2018 թվականը բարդ տարի էր Իրանի համար (ամփոփում)

REUTERS/TASNIM NEWS AGENCY

2018 թվականը Իրանի համար բավականին բարդ տարի էր: Իսլամական Հանրապետությունում տարին սկսվեց սոցիալական իրավիճակի դեմ բողոքի լայնամասշտաբ ակցիաներով, որոնք թեև հնարավոր եղավ դադարեցնել` սոցիալ-տնտեսական որոշակի բարեփոխումներ իրականացնելով, սակայն տարվա ընթացքում իշխանությունների սոցիալ-տնտեսական քաղաքականությունը չարդարացրեց միջուկային գործարքի կնքումից հետո իրանցիների մոտ ձևավորված ակնկալիքները:

Ավելին, մայիսին ԱՄՆ-ի` միջուկային համաձայնագրից դուրս գալու արդյունքում Իրանի նկատմամբ մինչև 2015 թվականը գործող պատժամիջոցները տարվա ընթացքում աստիճանաբար վերականգնելու հետևանքով Իրանի տնտեսական վիճակն էլ ավելի է բարդանում` չնայած, որ համաձայնագրի մյուս կողմերը` Ռուսաստանը, Չինաստանը և ԵՄ-ն, փորձում են հնարավորինս շրջանցել ԱՄՆ սահմանած երկրորդային պատժամիջոցները: Նշենք, որ տարեվերջին Իրանում նավթի արդյունահանումը, որն ապահովում է երկրի հիմնական եկամուտը, հասել 2016 թվականից ի վեր նվազագույնին:

Սոցիալ-տնտեսական իրավիճակի վատացումը բնականաբար թողել է իր ազդեցությունը նաև երկրի ներքաղաքական կյանքի վրա: Օգոստոսին ընդդիմադիրները, պայմանավորված երկրի ֆինանսատնտեսական դրության վատթարացմամբ, նախաձեռնել էին նախագահին անվստահություն հայտնելու գործընթաց, որը սակայն տապալվեց: Նշենք, որ տնտեսական խնդիրներով պայմանավորված Իրանում գնալով ավելանում է նախագահ Ռոհանիից դժգոհությունը` չնայած պատժամիջոցները վերականգնելու կապակցությամբ իրանցիների հակաամերիկյան միասնական կոշտ դիրքորոշմանը:

2018 թվականին Իրանը բախվեց նաև անվտանգային խնդիրների` ի դեմս Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության, որի արդյունքում զոհվեց 25 մարդ:

Արտաքին քաղաքականության բնագավառում Իսլամական Հանրապետությունը կարելի է ասել 2018 թվականին հիմնականում «կորուստներ» չունցավ, եթե չդիտարկենք ԱՄՆ կողմից միջուկային գործարքից դուրս գալը: Վերջինիս համատեքստում շատ կարևոր է, որ Թեհրանը կարողացավ գործարքի մյուս կողմերից և միջազգային հանրությունից ընդհանրապես, ստանալ իրեն աջակցող դիրքորոշում: Ինչ վերաբերում է տարածաշրջանային հակամարտություններին, ապա պետք է նշել, որ այստեղ ևս էական փոփոխություններ անցնող տարում չեն եղել. Իրանը շարունակել է իր ակտիվ դերակատարումը Սիրիայում և Եմենում, զարգացրել է հարաբերությունները հարևան Իրաքի և Թուրքիայի հետ, տասնամյակներ շարունակվող բանակցությունների արդյունքում այս տարի Իրանին և Կասպյան տարածաշրջանի մյուս երկրներին` Ռուսաստանին, Ադրբեջանին, Ղազախստանին և Թուրքմենստանին, հաջողվել է համաձայնության գալ Կասպից ծովի կարգավիճակի շուրջ, ինչն այդ երկրների համագործակցության խորացման համար լուրջ խթան կարող է հանդիսանալ, կարևոր էր նաև ԵԱՏՄ հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը:

Ամփոփելով նշենք, որ, ըստ ամենայնի, 2019 թվականը ևս Իրանի համար հեշտ տարի չի լինի` պայմանավորված ինչպես ԱՄՆ սահմանած պատժամիջոցների ազդեցությամբ, այնպես էլ Թեհրանի նկատմամբ ակնկալվող ճնշումների ուժեղացմամբ` կապված վերջինիս հրթիռային ծրագրի հետ: Միևնույն ժամանակ ակնկալվում է ակտիվացում սիրիական և եմենական ճգնաժամերի քաղաքական կարգավորման ուղղությամբ, և Իրանը, ինչպես ցույց են տալիս 2018 թվականի միտումները, լուրջ ջանքեր պետք է գործադրի իր ազդեցությունն այդ երկրներում պահելու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: