ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ ակնկալել Վրաստանի նախագահի՝ սպասվող երևանյան այցից

2019թ. մարտին Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին  երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան. սա կլինի Վրաստանի նախագահի տրածաշրջանային երկրորդ պաշտոնական այցը: Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի իր պաշտոնական պարտականությունները 2018թ. դեկտմեբերի 16-ին ստանձնելուց հետո որպես նորընտիր նախագահ 2019թ. փետրվարի 27-ին  պաշտոնական  այցով մեկնել էր Ադրբեջան:

Հայ-վրացական հարաբերությունները միշտ կարևոր դեր են ունեցել մեր օրակարգում: Հայաստանի գործող իշխանությունների կողմից նույնպես հարաբերությունների այս վեկտորին բավական մեծ ուշադրություն է հատկացվում: Այդ մասին են վկայում նաև 2018թ-ի ընթացքում երկուստեք իրականացրած պաշտոնական փոխայցերը. Հայաստանի կողմից իրականցվել է երկու պաշտոնական այց՝ վարչապետի և նախագահի մակարդակով: Իսկ Վրաստանի կողմից 2018թ. կատարվել է երկու այց, որից առաջինը  փոխվարչապետի և ՆԳ նախարարի մակարդակով, իսկ երկրորդը՝ վարչապետի:

2019թ. ընթացքում արդեն իսկ տեղի է ունեցել երեք հանդիպում, որից առաջինը ոչ պաշտոնական էր և տեղի էր ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետների միջև: Դրան հաջորդել էր Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Հայաստան, որի արդյունքում ստորագրվել էր ռազմական համագործակցության ծրագիր: Եվս մեկ հանդիպում Հայաստանի և Վրաստանի վարչապետերի միջև տեղի է ունեցել Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում:

Ակտիվ փոխադարձ շփումների ֆոնին լրացուցիչ դրական ազդակներ փոխանցելու հնարավորություն է ստեղծելու նաև Վրաստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան: Օրակարգում կարող են ներառված լինել երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ Իրան-Հայաստան-Վրաստան գազուղու կառուցման, տարանցիկ ուղիների ընդլայնման հարցերը և այլն:  Տրամաբանական է ակնկալել նաև, որ Երևանում Զուրաբիշվիլին փորձ է անելու հարթել Ադրբեջան կատարած այցի ժամանակ արած հայտարարությունը՝ օկուպացիայի հետևանքների վերաբերյալ:

Անդրադառնալով Իրան-Հայաստան-Վրաստան գազուղու կառուցման հարցին՝ պետք է նշենք, որ դեռևս 2016թ. Թեհրանը Վրաստանի հետ ստորագրել էր գազային գործարք, որը մեծ հնարավորություն էր ընձեռում Վրաստանին ազատվել Ադրբեջանից ունեցած գազային կախվածությունից: Նշենք նաև, որ Վրաստանն ակտիվ բանակցություններ է վարում «Գազպրոմի» հետ շահավետ պայմաններով կապույտ վառելիք ձեռք բերելու ուղղությամբ: Այս համատեքստում արժե հիշատակել վերջերս Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանի այցը Իրան, որտեղ վերջինս պատրաստակամություն հայտնեց եռակողմ համագործակցություն ծավալել` գազը Վրաստան արտահանելու մասով: Հայաստանն իրանական կողմից արդեն ստացել է առաջարկ՝ էլեկտրաէներգիայի ու գազի տարանցման համագործակցություն ծավալելու Վրաստանի և Ռուսաստանի հետ: Պայմանավորվածություն կա ապրիլին Թեհրանում քառակողմ` Հայաստան, Ռուսաստան, Վրաստան և Իրան, հանդիպում կազմակերպելու վերաբերյալ: Եթե հաջողվի համաձայնության գալ, ապա Հայաստանն էապես կամրապնդի իր տնտեսական դիրքերը տարածաշրջանում:

Հայաստանի և Վրաստանի միջև մեկ այլ կարևոր խնդիր է Վերին Լարսի միջացնքը, այլընտրանքային, լրացուցիչ ճանապարհի շուրջ համաձայնության գալը: Հայտնի է, որ 2011թ-ին Ռուսաստանի և Վրաստանի միջև կնքվել էր  «Մաքսային վարչարարության և ապրանքի առևտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» հիմնարար համաձայնագիր: Վերջինս ենթադրում է Ռուսաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ բեռներ տեղափոխելու (շվեյցարական ընկերության մոնիթորինգի ներքո) համար 3 տարանցիկ միջանցքի ստեղծում, ինչը հնարավորություն կընձեռի ունենալ այլընտրանք Վերին Լարսին: Վերին Լարսը Հայաստանի համար  գերակա կարևորություն ունեցող անցակետ է, քանի որ այդ միջանցքով է իրականացվում բեռների տեղափոխումը Հայաստան, որը եղանակային պայմանների կամ բնական աղետների հետևանքով պարբերաբար փակվում է՝ խոչընդոտներ ստեղծելով բեռների տեղափոխմանը: Ճիշտ է, բանակցություններն իրականցվում են անմիջապես Ռուսաստանի և Վրաստանի միջև, սակայն Հայաստանը ևս շահագրգռված կողմ է և կարող է անուղղակի ներգրավվածություն ունենալ գործընթացին՝ հնարավորինս խթանելով դրա իրագործումը:

Այցի շրջանակում Վրաստանի նախագահը՝ Սալոմե Զուրաբիշվիլին, կփորձի հարթել օրեր առաջ Ադրբեջանում արած հայտարարությունը: Սրա հիմքում ընկած են հայ-վրացական ջերմ բարեկամական հարաբերությունները և երկուստեք չեզոքություն պահպանումը տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ: Վրաստանն Արցախյան հակամարտության հարցում միշտ հանդես է եկել չեզոք դիրքերից՝ հղում անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությանը: Հետևաբար, ընդհանուր հռետորաբանությունից շեղվող այս հայտարարությունը խմբագրման կարիք ունի:

Չնայած նրան, որ Վրաստանը խորհրդարանական կառավարման մոդել ունեցող երկիր է և նախագահի լիազորություններն արտաքին քաղաքական հարցերում բավական սահմանափակ են, այցը կարևոր է երկկողմ հարաբերությունների ընդհանուր ֆոնի և օրակարգային հարցերի առաջ մղման տեսանկյունից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: