ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Նոր» Եվրոպա՞. աջերը փորձում են ամրապնդել իրենց դիրքերը

European Council on Foreign Relations

Եվրոպական խորհրդարանի` մայիսի 23-26-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ Եվրոպայի մի քանի աջ, ազգայնական կուսակցություններ հայտարարել են ուժերի միավորման մասին: Այդ կուսակցությունները մտադիր են կազմավորել բլոկ, որը «կփոխի Եվրոպական Միությունը և Եվրոպայի պատմության նոր էջ կբացի»:

Աջ ազգայնական կուսակցությունների հանդիպումը Միլանում կայացել է Իտալիայի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար, «Հյուսիսի լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինիի նախաձեռնությամբ ապրիլի 8-ին:

Սալվինիի` աջերի բլոկ ստեղծելու այս նախաձեռնությանը միացել են Գերմանիայի «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD), Ֆինլանդիայի «Իրական ֆիններ» և Դանիայի «Դանիական ժողովրդական» (DF) կուսակցությունները: Ըստ Մատեո Սալվինիի` իրենց է միանալու նաև Ֆրանսիայի «Ազգային ճակատ»-ի առաջնորդ Մարին լը Պենը:  Դեռևս հայտնի չէ` այս նոր կազմավորվելիք բլոկին կմիանան արդյոք Եվրոպայի երկու խոշոր ազգայնական ուժերը` Լեհաստանում և Հունգարիայում իշխող կուսակցությունները:

«Մենք ուզում ենք բարեփոխել Եվրոպական Միությունն ու Եվրոպական խորհրդարանը` առանց դրանք քայքայելու», - ասել է «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության նախագահ Յորգ Մոյտենը: Նա նաև հավելել է, որ նոր բլոկը կկոչվի «Եվրոպական ալյանս ազգերի և ժողովուրդների համար» և  կմիավորի 10 կուսակցություններ, որոնք այս պահին պատկանում են 3 տարբեր բլոկերի («Ազգերի և ազատությունների Եվրոպա» (ENF) «Ազատության և ուղիղ ժողովրդավարության Եվրոպա» (EFDD) «Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների խումբ» (ECR)):

Եվրոպայում աջական կուսակցությունների համատեղ օրակարգի հիմնական հարցերը միգրացիային  հակազդեցությունն է, սեփական սահմանների վերահսկումը և Եվրամիության իրավասությունների կրճատումը: Սակայն համատեղ օրակարգին զուգահեռ նրանք ունեն նաև լուրջ հակասություններ մի շարք, այդ թվում` տնտեսական, սոցիալական, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերում, որոնք էլ խոչընդոտ են հանդիսանում Եվրախորհրդարանում աջերի նոր կոնսոլիդացված խմբակցություն ձևավորելու հարցում:

Վերջին տարիներին, հատկապես 2015-ի միգրացիոն ճգնաժամից հետո, նկատվում է աջերի, ազգայնականների, աջ-պոպուլիստների ակտիվության աճ Եվրոպայում, ինչը ներկայումս միասնական Եվրոպայի առջև ծառացած խնդիրներից է և լուրջ մարտահրավեր է Եվրոպական Միության ապագային, քանի որ աջերը հոռետեսորեն են վերաբերվում Եվրոպական Միությանն ու միասնական Եվրոպային: Նրանք կողմ են անդրազգային կառույցների իրավասությունների կտրուկ կրճատմանն ու ազգային պետությունների ինքնիշխանության ընդլայնմանը: 

Աջերը խոստանում են եվրոպական արժեքների վերածնունդ և մերժում են եվրոպական արժեհամակարգի հիմնաքարային այնպիսի արժեքներ, ինչպիսիք են հանդուրժողականությունը, մուլտիկուլտուրալիզմը, խտրական վերաբերմունքի բացառումը մարդկանց հանդեպ` անկախ նրանց կրոնական պատկանելությունից, էթնիկ ծագումից, մաշկի գույնից և այլն: Եվ որ ավելի կարևոր է` ակնհայտ է այս կուսակցությունների հանրային աջակցությունը տարբեր երկրներում։ Ուստի, փոքր չէ հավանականությունը, որ առաջիկա համաեվրոպական ընտրությունների արդյունքում աջերը կմեծացնեն իրենց ներկայացվածությունը Եվրոպական խորհրդարանում:

Այս առումով բավականին հետաքրքիր են լինելու Եվրախորհրդարանի սպասվող ընտրությունների արդյունքները, որոնք, ի թիվս այլ բազմաթիվ հարցերի, ցույց են տալու նաև Եվրոպայում փոփոխությունների  «քամու» ուղղությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: