ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այսօր ամբողջ աշխարհի եզդիները նշում են Նոր տարին. հարցազրույց ՀՀ վաստակավոր լրագրող Հասան Թամոյանի հետ (ԲԱՑԱՌԻԿ)

PanARMENIAN.Net

Հայաստանի եզդիական համայնքը՝ ամենամեծ ազգային փոքրամասնությունը, Ամանորը՝ Մալաքե Թաուսը, նշում է ապրիլի 13-ին հաջորդող առաջին չորեքշաբթի օրը:

Տոնի հետ կապված «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է եզդիական համայնքի ներկայացուցիչ, ՀՀ վաստակավոր լրագրող, Հայաստանի Հանրային ռադիոյի հաղորդումների ավագ խմբագիր Հասան Թամոյանի հետ:

-Պարո´ն Թամոյան, կպատմե՞ք Մալաքե Թաուսի մասին: Ինչու՞ հենց այդ օրը: Ի՞նչ խորհուրդ է պարունակում տոնը:

- Ամեն տարի ապրիլի 13-ին հաջորդող չորեքշաբթի օրը մեր Ամանորն է՝ այն օրը, երբ Աստված ավարտեց աշխարհի արարումը: Այս տոնը շարժական է:

Ընդհանրապես, այս ամսին՝ ապրիլին, եզդիները չպետք է ամուսնանան, քանի որ համարվում է, որ ապրիլը 12 ամիսների մեջ «հարսն» է:

Եզդիները հավատում են, որ մի քանի հազար տարի առաջ այս օրը Մալաքե Թաուսը, որը մեր լեզվով հնչում է «Մալակե Տաուս», իջել է երկիր ու Աստծո պատգամները տվել եզդիներին, այդ իսկ պատճառով չորեքշաբթին մեզ մոտ սուրբ է: Չորեքշաբթի օրերն ընդհանրապես, ու հատկապես այս չորեքշաբթի մենք չպետք է աշխատենք, ինչպես մահմեդականները՝ ուրբաթ օրը, հրեաները՝ շաբաթ, քրիստոնյաները՝ կիրակի օրը: Այս օրը մենք պետք է տրվենք հոգևոր կյանքին:

Մալաքե Թաուսին նախորդող երեքշաբթի օրը տանտիրուհին 1 հատ մեծ գաթա է թխում, որը կոչվում է կլոճ, և ևս 7 հատ փոքր գաթա, ինչը համապատասխանում է 7 հրեշտակներին կամ շաբաթվա 7 օրերին: Կլոճի մեջ դրվում է մի սև ուլունք, ում բաժին հասնի, նրան էլ կժպտա հաջողությունը: Կլոճը դնում ենք տան սրբատեղիում (մեր լեզվով կոչվում է ստեռ) և թողնում մինչև առավոտ: Առավոտյան տան ավագը կտրում է այն մի քանի սրբի անունով և բաժանում ընտանիքի այն անդամներին, ովքեր, ըստ մեզ,արդեն հասկանում են չարն ու բարին (մենք կարծում ենք որ 13-14 տարեկան մարդն արդեն տարբերում է չարն ու բարին), իսկ ավելի փոքրերի համար մնացած 7 գաթաներից է բաժին հատկացվում, որպեսզի ճաշակեն: Այնուհետև մենք այցելում ենք գերեզմանոցներ և առաջինը ննջեցյալներին ենք շնորհավորում՝ հավատալով, որ հոգին հավերժ է, այնուհետև շնորհավորում ենք ողջերի տոնը:

Չորեքշաբթի օրն առավոտյան աղջիկները պետք է գնան դաշտ, ծաղիկներ բերեն, զարդարեն դռներն ու պատուհանները ծաղիկներով, ինչը նաև խորհրդանշում է գարնան գալուստը:

Այդ օրը միմյանց հետ գժտված, նեղացած մարդիկ պետք է անպայման հաշտվեն: Այդ օրը նաև այցելում ենք այն մարդկանց, ովքեր վերջին ժամանակներում հարազատ են կորցրել:

Տոնին բացի գերեզմանոց ու հյուր գնալուց, նաև հավաքվում ենք մեր ընտանիքներում, շնորհավորում միմյանց: Այսպես ենք մենք նշում Մալաքե Թաուսը, որը մեզ միավորում է, մեզ ավելի շատ է կապում մեր հոգևոր արժեքներին:

Այսօր ամբողջ աշխարհի եզդիները նշում են Նոր տարին: Ուրախալի է, որ հայաստանաբնակ եզդիները ևս արդեն նշում են այս տոնը: Ի դեպ ասեմ, որ տարիներ առաջ հայաստանաբնակ եզդիները այս տոնը չէին նշում: 15-20 տարի առաջ Զովունի գյուղում գերեզմանոցում մեր միության նախագահ Ազիզ Թամոյանի նախաձեռնությամբ ու գլխավորությամբ սկսվեց նշվել ու մինչ այժմ շարունակվում է նշվել:

-Ի՞նչ կմաղթեք ձեր համայնքին:

-Ես,  առաջին հերթին որպես հոգևորական, ցանկանում են, որ Մալակե Տաուսի օրհնությունը լինի մեր ամբողջ համայնքի վրա: Մեր ազգային սովորության համաձայն մենք ասում ենք «թող Մալակե Տաուսը օրհնի աշխարհի 72 ազգերին (մենք՝ եզդիներս, կարծում ենք, որ աշխարհն առաջացել է 72 ազգերից, իսկ մենք 73-րդն ենք), մեռյալներին, կարոտյալներին, ճանապարհորդներին, բանտարկյալներին, հիվանդներին և ամենավերջում՝ մեզ»: Մաղթում եմ խաղաղություն, համերաշխություն, նորանոր ձեռքբերումներ, ամուր հավատք մեր հավատացյալ ժողովրդին:  

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին, նախագահին, ԱԺ նախագահին և Երևանի քաղաքապետին, ինչպես նաև ԱԺ-ում մեր համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանին Մալաքե Թաուսը շնորհավորելու կապակցությամբ: Տա Աստված, որ մենք իսկապես հավատարիմ մնանք մեր նախնիների անխախտ պատգամներին:

 

Զրուցեց Ռոզի Միքայելյանը


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: