ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պետք է սրբության պես պահել հայկական գրքերը. Հովհաննես Ցեցյան` Արգենտինայի զինվորական ակադեմիայի հիմնադիր

Dailynewshungary

«Քանի կենդանի են ժառանգներս, նրանք պետք է հարգեն և ընտանեկան սրբության պես պահեն հայկական գրքերը»,- ասել է հունգարական հեղափոխության հայազգի գործիչ, Պիշկի ճակատամարտի հերոս և Արգենտինայի զինվորական ակադեմիայի հիմնադիր Հովհաննես Ցեցյանը:

Հովհաննես Ցեցյանը, ով առավել հայտնի է Յանոշ Ցեց անունով, ծնվել է 1822 թվականին Հունգարիայում` հայ գաղթականների ընտանիքում:

Խիզախ զինվոր և գիտնական լինելուց զատ նա եղել է համաշխարհային ճանապարհորդ, որի արկածային կյանքի մասին հարկավոր է գոնե մեկ անգամ կարդալ:  

Ցեցը հայտնի է եղել ոչ միայն Հունգարիայում, այլ նաև Արգենտինայում: Բուդապեշտի փողոցներից մեկն այժմ կոչվում է Ցեցի անունով, իսկ Բուենոս Այրեսի զինվորական ակադեմիայի բակում տեղադրված է նրա հուշարձանը։ Ավելին, Ցեցի դիմանկարով թողարկվել են բազմաթիվ լեհական և հունգարական դրոշմանիշեր։ 

Ցեցի ռազմական կրթությունը սկսվում է երբ հոր մահից հետո, ով գլխավորել է Տրանսիլվանիայի Հուսարական զորքը, մայրը նրան ուղարկում է նախ` Կեզդիվաշարհեյ Սեկեյի ազգային ռազմական գիշերօթիկ դպրոց, ապա` Վիներնոյշտատի ռազմական ակադեմիա, որտեղ էլ Ցեցն աչքի է ընկնում իր բացառիկ ունակություններով:

1848թ.-ին հունգարական հեղափոխության ժամանակ Ցեցը նշանակվում է հեղափոխական բանակի գլխավոր շտաբի պետ։

Վերջինս Տրանսիլվանիայում հաղթական կռիվներ է մղում ավստրիական զորաբանակի դեմ․լինելով տաղանդավոր զորավար` Ցեցը մեծ հաջողություն է ունեցել Սիբինի (Սիբիուի) ճակատամարտում, Բրաշովի մոտ նահանջի է հարկադրել ավստրիացիներին օգնության եկած ցարական զորքերին, ինչպես նաև Պիշկիի ճակատամարտում պարտության է մատնել ավստրիացիներին: 

Հեղափոխության ձախողումից հետո Ցեցը հեռանում է Գերմանիա, որտեղից էլ տեղափոխվում է Փարիզ` 1851 թվականին ընդգրկվելով Փարիզում ստեղծված հեղափոխական կոմիտեի կազմում։ Հիասթափվելով Նապոլեոն III-ի քաղաքականությունից՝ Ցեցը Ֆրանսիայից անցնում է Իսպանիա, Պորտուգալիա, ապա՝ Իտալիա և իր կազմակերպած հունգարական լեգիոնով մարտնչում ավստրիացիների դեմ Ջուզեպպե Գարիբալդիի բանակում։

Ցեցը, չնայած ռազմական գործունեության արդյունքում ձեռք բերած պատվին և կոչմանը, բավականին համեստ կյանք էր վարում: Նա աշխատում էր նաև որպես թարգմանիչ և լեզվի ուսուցիչ, ինչպես նաև հեղինակել է բազմաթիվ գրքեր: Ցեցի կողմից գրված ամենաուշագրավ գրքերից մեկը «Բեմի արշավանքը Տրանսիլվանիայում 1848-1849 թթ.-ին» գիրքն է, որը հավաստի տվյալներ է պարունակում հունգարական հեղափոխության պատմության մասին։

Իր ողջ կյանքի ընթացքում Ցեցը երբեք չի մոռացել Հայաստանի մասին: Նա նամակագրական կապեր է պահել հայագետ-պատմաբան, ազգագրագետ Խաչիկ Սոնգոտյանի հետ` աշխատակցելով նրա`«Արմենիա» ամսագրին:

1861 թվականին Ցեցն ընտանիքով հաստատվում է Բուենոս Այրեսում և սկսում ծառայել արգենտինական բանակում։  Ավելի ուշ դառնում է Արգենտինայի զինվորական ակադեմիայի հիմնադիրն ու առաջին տնօրենը:  Շնորհիվ Ցեցի կազմակերպչական և մանկավարժական ունակությունների, ինչպես նաև զինվորական անձնակազմի վերապատրաստման հարցում Արգենտինայի կառավարության հետ համատեղ աշխատանքների` Արգենտինայի բանակը դառնում է Լատինական Ամերիկայի ամենաժամանակակից բանակներից մեկը:

Հունգարական հեղափոխության կառկառուն դեմքերից մեկը հանդիսացող և Արգենտինայի զինված ուժերի գործում իր ներդրումն ունեցած հայազգի գործիչը մահացել է 1904թ.-ի սեպտեմբերի 6-ին` 82 տարեկան հասակում: Նրա աճյունն ամփոփված է Բուենոս Այրեսի Ռիկոլետա գերեզմանատանը` Ռոսասների դամբարանում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: