ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

“Եվրամիությունը բաց է հետևողական համագործակցության համար”

      Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունների ամրապնդման մասին, որտեղ տեղ է գտել նաև ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող դրույթ: Բանաձևի բնորոշումները կրում են միակողմանի, ադրբեջանամետ մոտեցում ղարաբաղյան խնդրի հարցում:
      Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ “Արևելյան գործընկերության մասնակից երկրի կողմից մեկ այլ մասնակից երկրի տարածքի օկուպացիան խախտում է Արևելյան գործընկերության հիմնարար սկզբունքներն ու նպատակները”: Բանաձևում ասվում է, որ ԱլԳ երկրների տարածքներում 
հակամարտությունները պետք է լուծվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա: ԵՄ-ն պետք է ավելի ակտիվ ներգրավվի հակամարտությունների կարգավորման գործընթացում: Եվրախորհրդարանը հիշեցնում է “մի պետության կողմից մեկ այլ պետության տարածքը օկուպացիայի ենթարկելու մասին” հարցում իր դիրքորոշումը: Մասնավորապես, բանաձևում ասվում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է համապատասխանի ՄԱԿ ԱԽ 1993 թվականի 4 բանաձևերին և այն սկզբունքներին, որոնք ամրագրված են ԵԱՀԿ ՄԽ 2009 թվականի Աքվիլայի համատեղ հայտարարության մեջ:
      Հիշեցնենք, որ վերոնշյալ ՄԱԿ 4 բանաձևերը կոչ են անում զորքերը դուրս բերել Քաշաթաղի, Աղդամի (Ակնա) և այլ “գրավյալ” տարածքներից: Աքվիլայի հայտարարությունը հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա և հորդորում է “վերադարձնել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղին մերձակա տարածքները, ԼՂՀ-ին տրամադրել միջանկյալ կարգավիճակ անվտանգության երաշխիքներով ու ինքնավարությամբ, բացել Հայաստանն ու ԼՂՀ-ն կապող միջանցք, ապագայում որոշել ԼՂ կարգավիճակը կամարտահայտման միջոցով, հաշվի առնել տեղահանված անձանց ու փախստականների վերադարձն ու անվտանգության երաշխիքներ տրամադրել նրանց խաղաղապահ ուժերի միջոցով”:
      Եվրախորհրդարանը կրկին անգամ կարևորում է տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը որպես Արևելյան գործընկերության նպատակներ՝ կոչ անելով հնարավորինս հանգուցալուծել Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի ու Ադրբեջանի տարածաշրջանային հակամարտությունները:
      Ինչ վերաբերում է ուղղակիորեն Հայաստանին, ապա Եվրախորհրդարանն ընդունում է       վերջինիս գրանցած առաջընթացն ու բարեփոխումները, հաշվի առնելով, սակայն, որոշակի թերությունները ժողովրդավարության ոլորտում՝ ներառյալ իրավական և դատական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը: Փաստաթղթում նաև ափսոսանք է հայտնվում, որ Հայաստանը որոշել է միանալ Մաքսային միությանը և կրկին հիշեցվում է, որ դա անհամատեղելի է Ասոցացման մասին համաձայնագրի հետ: Միևնույն ժամանակ Եվրախորհրդարանը հույս է հայտնում, որ Հայաստանը կշարունակի բարեփոխումները սոցիալ-տնտեսական ու քաղաքական խնդիրների լուծման ուղղությամբ:
      Եվրախորհրդարանը կոչ է անում համագործակցել ԵՄ հետ, քանի որ Եվրամիությունը բաց է հետևողական համագործակցության համար:
      Հարկ է նշել, որ բանաձևում չեն հիշատակվում Ադրբեջանի սադրանքներն ու դիվերսիաները, հրադադարի մշտական խանգարումները, որի հետևանքով զոհեր են լինում ինչպես հայ զինծառայողների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում, ոչ էլ Հայաստանի ու Ղարաբաղի դեմ պատերազմ սկսելու Բաքվի պարբերական սպառնալիքները: Ոչինչ չի ասվում այն մասին, որ տարիներ շարունակ ադրբեջանական ղեկավարությունը խոչընդոտում է ցանկացած առաջընթաց ղարաբաղյան կարգավորման հարցում՝ անտեսելով միջնորդների ու համաշխարհային հանրության բոլոր կոչերն ու պահանջները:
      Նշենք, որ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով Եվրախորհրդարանի բանաձևը, հայտարարել է, որ Եվրախորհրդարանի “Արևելյան գործընկերությանը” նվիրված բանաձևում ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող ձևակերպումները հակասում են Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշմանը, ինչպես նաև հիմնախնդրի կարգավորման գործընթացում միջնորդական առաքելության միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգերի և Ֆրանսիայի մոտեցումներին։
      “Չնայած նրան, որ վերոհիշյալ բանաձևը միայն խորհրդատվական կարծիքի բնույթ է կրում, այնուամենայնիվ, անկախ այս ձևակերպումների հեղինակների շարժառիթներից, նրանք պետք է գիտակցեն, որ պատասխանատվություն են կրում կարգավորման գործընթացի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցության և եռանախագահների՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղված ջանքերին վնասելու համար”, - ասել է Շավարշ Քոչարյանը:
      Տվյալ հարցի շուրջ կարծիք է հայտնել նաև ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանով. “Բոլորին էլ լավ հայտնի է, որ միջազգային հանրությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին է վստահել խնդրի կարգավորումը, իսկ այդ պետությունների ղեկավարների կողմից արված հայտարարություններում որևէ հղում չկա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերին: Կատարյալ աբսուրդ է՝ ԼՂ հակամարտության կարգավորումը կապակցել քսան տարի առաջ, մինչ զինադադարի կնքումն ընդունված բանաձևերի հետ:
      Դա որևէ կերպ չի կարող օգնել խնդրի խաղաղ կարգավորմանը, քանզի դրանց նպատակը ոչ թե հակամարտության կարգավորումն է եղել, այլ ռազմական գործողությունների դադարեցումը, ինչն էլ եղել է 1993 թվականին: Այսօր այդ բանաձևերն արդիական լինել չեն կարող, ու հենց դրանից ելնելով է, որ Մինսկի խմբի կամ 
համանախագահ երկրների որևէ փաստաթղթում այդ բանաձևերին հղում չի արվել”: 
      Նշենք, որ Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման հարցը Եվրամիությունը կքննարկի արդեն Վիլնյուսի համաժողովից հետո: Այս մասին երեկ Քիշնևում հայտարարել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը: 
“Մենք բացել ենք դռները Մոլդովայի, Ուկրաինայի, Հայաստանի և այլ պետությունների համար: Եթե դուք ցանկանում եք մտնել այդ դռներով դեպի այն հնարավորություններ, որոնք ընձեռում է Եվրոպական միությունը, դա ձեր որոշումն է: Եթե ցանկանում եք գնալ այլ ուղղությամբ, դա ևս ձեր որոշումն է”, - հայտարարել է Կարլ Բիլդտը:
      Նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների գագաթաժողովին նախատեսվում էր ՀՀ-ԵՄ միջև ասոցացման մասին համաձայնագրի ստորագրում, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ:
      Միևնույն ժամանակ, ՀՀ ղեկավարները շարունակում են հայտարարել, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում:
      Ելույթ ունենալով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, հոկտեմբերի 2-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց,       որ Հայաստանը կմասնակցի Վիլնյուսի գագաթաժողովին և պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը ԵՄ հետ: Իր հերթին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամլո քարտուղար Փիթեր Ստանոն հայտարարեց, որ ՀՀ և ԵՄ միջև ստորագրման համար ոչ մի փաստաթուղթ չի պատրաստվում: “Մենք փորձում ենք Հայաստանի հետ հետագա համագործակցության ուղիներ գտնել` հիմնվելով առկա նվաճումների վրա”, - ասել է Ստանոն:
      “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ կողմից ՀՀ Երիտասարդության և սպորտի հարցերի նախարարության աջակցությամբ իրականացվող “Երիտասարդության ձայնը 3” ծրագրի մասնակից Արտակ Բեգլարյանը, պատասխանելով “Արմեդիա” ՏՎԳ-ի այն հարցին, թե ի՞նչ ուղղություններով կարող է զարգանալ ՀՀ-ԵՄ հետագա համագործակցությունը, ասել է. “Անկեղծ ասած, դա նույնիսկ իրենք՝ բանակցողները 
պարզորեն չեն պատկերացնում, դրա համար անշնորհակալ գործ կլինի կանխատեսումներ անել: Այնուամենայնիվ, հիմնվելով մինչ այսօր հրապարակային կերպով արված հայտարարությունների և այլ բաց տեղեկատվության վրա, ընդհանուր գծերով կարելի է կանխատեսել, որ ԵՄ-ն ձգտելու է երկարաժամկետ կտրվածքում խորացնել ՀՀ ասոցացումը իրեն՝ հույսեր ունենալով մեկ օր ՀՀ-ին ետ պահել ՌԴ հետ պարտադրված ինտեգրումից: Թե այդ ճանապարհին ինչ մարտավարական քայլեր կընտրվեն, այնքան էլ կարևոր չէ (այդ թվում և Վիլնյուսում ստորագրվող որևէ խորհրդանշական փաստաթուղթ): ՀՀ-ն էլ իր հերթին կձգտի, չհակադրվելով ՌԴ-ի գլոբալ շահերին և դիրքորոշումներին, հնարավորինս սերտ համագործակցություն պահպանել ԵՄ հետ՝ հատկապես քաղաքական ոլորտում, ինչի մասին հայկական կողմից քանիցս բարձրաձայնվել է”:
      Իսկ ահա մասնակիցներից Լիանա Հովհաննիսյանի կարծիքով, “փաստը, որ Ասոցացման համաձայնագիրն ամբողջովին չի հակասում Մաքսային միությանը, Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն է տալիս շարունակել համագործակցությունը ԵՄ հետ՝ դառնալով Մաքսային միության անդամ: Հայաստանը, արտաքին քաղաքականության հարցերում մեծապես կախման մեջ գտնվելով Ռուսաստանից, կարող է ստորագրել Ասոցացման hամաձայնագրի առաջին գլուխը՝ դիվերսիֆիկացնելով այդ կախվածությունը: Ասոցացման համաձայնագրի երկրորդ հատվածի իրագործումը նույնպես հնարավոր է, քանի որ Հայաստանը կարող է շարունակել շենգենյան արտոնագրի դյուրացման գործընթացը, որը տրամաբանորեն պետք է չխոչընդոտի Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելուն: Ասոցացման համաձայնագրի չորրորդ հատվածի մասնակի իրագործումը նույնպես հավանական է, քանի որ Հայաստանը կարող է համադրել Մաքսային միության թելադրված խաղի կանոները ԵՄ խաղի կանոների հետ՝ դրանք օգտագործելով որպես գործիք, պայքարելու Մաքսային միության անդմակցությունից բխող բացասական հետևանքների դեմ: Այսպիսով, Հայաստանը կարող է օգտագործել երկուստեք համագործակցությունն իր արտաքին քաղաքականությունում՝ որպես իրար փոխլրացնող, այլ ոչ թե հակասող գործոններ”:

"Արմեդիա" ՏՎԳ
24.10.2013  

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2025
       
    27.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: