ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆիլիպ Ռիկերի՝ տարածաշրջան կատարած այցը մի շարք նպատակներ էր հետապնդում

Ավարտվեց Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի այցը տարածաշրջան: Վերջինս այցելեց Վրաստան, Ադրբեջան, այնուհետև՝ Հայաստան: Ուշագրավն այն է, որ այցը տեղի ունեցավ մի կողմից տարածաշրջանային բուռն զարգացումների ժամանակ, մյուս կողմից՝ Բայդեն-Էրդողան և Բայդեն-Պուտին սպասվող հանդիպումներից անմիջապես առաջ: Ավելին, այն զուգահեռ կայացավ նաև ԱՄՆ-Իրան բանակցությունների և այդ երկու երկրների հարաբերություններում նկատելի ձնհալի ֆոնին:

Ընդհանուր առմամբ, կարելի է արձանագրել, որ առաջին հերթին այս այցով Ռիկերը նպատակ էր հետապնդում հասկանալ Հարավային Կովկասում տիրող տրամադրությունները, տարածաշրջանի դերն ու նշանակությունն ԱՄՆ գլոբալ օրակարգում: Այլ կերպ ասած, մի կողմից փորձ կատարվեց հստակեցնել երկրներից յուրաքանչյուրի հետ ԱՄՆ շահերին նպաստող ստրատեգիական և տակտիկական քայլերը, մյուս կողմից՝ առաջ մղել սեփական օրակարգը՝ գործընկեր երկրների հետ հատման կետերը վեր հանելու  համար, որոնց արդյունքներով էլ հնարավոր կլինի ուղենշել, թե ինչ գիծ է  առաջ տանելու Բայդենի վարչակազմը Հարավային Կովկասին առնչվող հարցերում ընդհանուր առմամբ և առանձին վերցրած՝  Բայդեն-Էրդողան և Բայդեն-Պուտին սպասվող հանդիպումների ժամանակ:

Ավելի գլոբալ վերցրած՝ այցը լավագույնս տեղավորվեց «Ամերիկան վերադարձել է» Բայդենի արած հայտարարության ենթատեքստում: Գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգները ներկայումս նպատակ է հետապնդում մեծացնել իր ազդեցությունն ամբողջ աշխարհում, որից բնականաբար անմասն չի մնում նաև Հարավային Կովկասը:  Կարելի է ասել, որ Ռիկերի այցով արդեն իսկ ցույց տրվեց ԱՄՆ դիրքորոշման որոշակի փոփոխություն այս տարածաշրջանի նկատմամբ:

Սակայն հարկավոր է նշել, որ այցն ու դրա նպատակները մեկ հարց է, դրա արտացոլումը տարածաշրջանային և առանձին վերցրած երկկողմ հարաբերություններում՝ մեկ այլ հարց: Այստեղ անդրադառնանք մասնավորապես Հայաստանին: Հաշվի առնելով Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ միջազգային մեր բոլոր գործընկերները քաջ գիտակցում են, որ նման պայմաններում Հայաստանի գործող իշխանությունների հետ երկարաժամկետ ծրագրեր կազմելն իրատեսական չէ: Այս համատեքստում բավական է ուշադրություն դարձնել միայն ԱԳՆ-ում տիրող իրավիճակին: Երկրի ղեկավարի վարած քաղաքականության պատճառով արտգործնախարար և անգամ փոխարտգործնախարարներ չունենալու հետևանքով, այցի ծրագիրը Հայաստանի հետ արդեն իսկ միանգամայն տարբեր էր Ռիկերի՝ Վրաստանում և Ադրբեջանում  ունեցածից: Տարբերվում էր այն աստիճան, որ անգամ ԱԳՆ-ի կողմից հրապարակված պաշտոնական հաղորդագրությունում ոչ թե նշվեց «հանդիպում արտգործնախարարի կամ ԱԳՆ որևէ այլ բարձրաստիճան պաշտոնյայի հետ», այլ՝ «ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հանդիպում ՀՀ ԱԳՆ-ում», ինչը ինքնին ցուցիչ է, թե ինչ վիճակում է ներկայումս գտնվում ՀՀ արտաքին քաղաքականությունը…

Խոսելով Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին, նշենք, որ այցի ընթացքում Ռիկերը նաև անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակին և Ղարաբաղյան հակամարտությանը: Ուշագրավն այն է, որ չնայած Փաշինյանի՝ Ղարաբաղը ստվերելու և Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո բերելու ջանքերին, Ռիկերը հստակ տարանջատման նշան դրեց այս երկու խնդիրների միջև:

Մասնավորապես՝ Ղարաբաղյան հակամարտության հարցով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարը կրկին հաստատեց իր երկրի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության գործունեությունը շարունակելու վերաբերյալ և հստակ ցույց տվեց, որ  Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորումը պետք է ընթանա հենց այս ձևաչափի ներքո, ինչը բավական կարևոր է Հայաստանի համար:  Սակայն միջանկյալ նշենք, որ կարևոր լինելը մեկ հարց է, այդ ուղղությամբ աշխատաքներ իրականացնելը մեկ այլ խնդիր: Հաշվի առնելով Ղարաբաղի մասին այս իշխանությունների արած հայտարարությունները և վերջին երեք տարիների ընթացքում նրանց վարած արտաքին քաղաքականությունը, ապա իրատեսական չի լինի նշելը, որ չնայած առկա ուղերձներին, այս հարցում կունենանք որևէ դրական առաջընթաց…

 Ինչ վերաբերվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին,  ապա Ռիկերը վերահաստատեց ԱՄՆ պետքարտուղարության մայիսի 27-ի հայտարարությամբ ամրագրված դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր՝ չկապելով այդ հարցը Ղարաբաղյան հակամարտության հետ:

Սա թերևս ընդհանուր այցի մասին: Սակայն հարկավոր է ուշադրություն դարձնել նաև այդ այցի քողարկված կետերին: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն, ինչպես ցանկացած գերտերություն, իր սեփական շահերն է հետապնդում ՝ իր ազդեցության գոտին տարբեր տարածաշրջաններում ընդլայնելու համար: Հաշվի առնելով ներկայիս իշխանությունների վերջին շրջանում Միացյալ Նահանգներին այս տարածաշրջան հրավիրելու փորձերը՝ չի բացառվում որ Միացյալ Նահանգներն օգտագործելով այդ հնարավորությունը, փորձի ինչ-ինչ դիվիդենտներ քաղել դրանից: Ստեղծված իրավիճակում չենք կարող բացառել այն, որ սեփական երկրի շահերը տարածաշրջանում առաջ մղելու համար ԱՄՆ պաշտոնյան նաև ուղերձ հասցրած լինի ներկայիս իշխանություններին, որ իր երկիրն ինչ-ինչ նպատակների իրականացման դիմաց իր աջակցությունը ցույց կտա նրանց վերարտադրվելուն:  Սրանով է թերևս պայմանավորված այն հանգամանքը, որ Ռիկերը բավական չէ չնկատելու է տալիս մեր երկրի ղեկավարի կողմից ժողովրդավարական արժեքներն ամեն ժամ ոտնահարելու փաստը, ավելին՝  հայտարարում է, որ բարձր է գնահատում Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված գործընթացները: Ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսք գնում, մնում է անհասկանալի: Պարզ է միայն մեկ բան, ԱՄՆ-ն բավականին լավ հասկանում է, որ ներկայիս պարտություն կրած ու կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը կարևորություն չտալով սեփական երկրի ազգային և պետական շահերին՝ կարող է բավականին լավ գործիք դառնալ Միացյալ Նահանգների շահերն առաջ մղելու համար, ինչն էլ ինքնին հասցնելու է նրան, որ կրկին բավականին թանկ գին ենք վճարելու…

Թե կոնկրետ ինչի շուրջ են բանակցել և թե ինչ տեղի կունենա հետագայում, պարզ կդառնա Բայդեն-Պուտին և Բայդեն–Էրդողան հանդիպումներից հետո: Ներկայումս կարող ենք միայն փաստել, որ քաղաքական ավանտյուրայի մեջ մտնելը, երկիրն աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմ դարձնելը, դաշնակցի հետ հարաբերություններին հարված հասցնելը, նրա հետ հակադրման գնալը երկիրը հասցնելու է վերջնական կործանման եզրին…


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: