ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արևելյան գործընկերությունն ընդլայնում է ներգրավվածությունը հակամարտությունների կարգավորման գործում

flickr.com

Բրյուսելում տեղի ունեցավ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը, որին մասնակցեցին ԵՄ բոլոր երկրների, ինչպես նաև Ուկրաինայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի ղեկավարները։ Իր գոյության ավելի քան տասը տարվա ընթացքում Արևելյան գործընկերությունն էական դերակատություն չի ունեցել ԵՄ-ի հարևան երկրներում հակամարտությունների կարգավորման գործում, սակայն այս վերջին գագաթաժողովը ցույց տվեց, որ իրավիճակը կարծես թե սկսում է փոփոխվել։ ԵՄ-ն գործի  է դրել իր բոլոր ռեսուրսներն ու հարթակներն՝ ընդլայնելու ներգրավվածությունը հակամարտությունների կանխարգելման և կարգավորման գործում, ինչն, ի դեպ, նշված է Արևելյան գործընկերության այս վերջին գագաթաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում:

Այնտեղ մասնավորապես նշվում է, որ այսուհետ «աջակցություն է ցուցաբերվելու չլուծված հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, հակամարտությունների կանխարգելմանը, վստահության ամրապնդմանն ու հաշտեցման ջանքերին», ուժեղացվելու է օգնությունը հակամարտությունից տուժած բնակչությանը, ինչպես նաև խթանվելու է կանանց և երիտասարդների դերը խաղաղության կառուցման գործում: Հռչակագրում խոսվում է նաև անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման, ինչպես նաև ԵՄ Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում երկխոսությունների և գործնական համագործակցության մասին։ Ավելին, կոչ է արվում նոր ջանքեր գործադրել՝ նպաստելու Արևելյան գործընկերության տարածաշրջանում չլուծված հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա։ Բացի այդ ողջունվում է «ԵՄ-ի ջանքերը, ընդլայնված ներգրավվածությունը և ուժեղացված դերը հակամարտությունների կանխարգելման, հակամարտությունների կարգավորման, վստահության ամրապնդման գործում՝ առկա համաձայնեցված բանակցային ձևաչափերի և գործընթացների շրջանակներում կամ ի աջակցություն դրանց»:

Նշենք, որ հակամարտությունների կանխարգելում և կարգավորւմ ասելով նկատի է առնվում տարբեր կոնֆլիկտային գոտիներ՝ այդ թվում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջին շրջանում տեղի ունեցող սրացումները: Հենց այս պետությունների միջև տեղի ունեցող իրադարձություններն են հիմնականում եղել գագաթաժողովի մասնակիցների ուշադրության կենտրոնում:

Այսպես, եզրափակիչ ասուլիսում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն, առաջ տանելով Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի դիրքորոշումը, ևս մեկ անգամ զգուշացրեց, որ «Ուկրաինայի դեմ Մոսկվայի հետագա ռազմական ագրեսիայի դեպքում» «պատասխանը կլինի հուժկու» և Ռուսաստանը ստիպված կլինի «բարձր գին» վճարել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գագաթաժողովի շրջանակներում իր հանդիպումների մեծ մասը նվիրեց հենց այս թեմային։ Նա ԵՄ-ի իր գործընկերներին փորձում էր համոզել, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ պետք է կիրառվեն հնարավոր էսկալացիայից առաջ, քանի որ, նրա կարծիքով, դա կկանխի լարվածության աճը։ Իսկ արդեն հանդիպումներից հետո Զելենսկին շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին «Ռուսաստանի Դաշնության կողմից ռազմական սպառնալիքի ֆոնին» Ուկրաինային ցուցաբերվող աջակցության համար և հաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը նորմանդական ձևաչափում։ Չնայած նրան, որ Արևելյան գործընկերության վերջնական հռչակագրում անմիջական հղումներ չկան Ռուսաստանին կամ նրա դեմ նախատեսվող պատժամիջոցներին, այնուամենայնիվ այնտեղ անդրադարձ կա այն բանին, որ «Եվրամիությունը նախկինի պես հավատարիմ է աջակցել արևելյան բոլոր գործընկերների անկախությանն ու ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն՝ իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

Իսկ պատժամիջոցների մասով՝ գագաթաժողովի անմիջապես հաջորդ օրը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամբողջական փաթեթ է պատրաստում և այդ հարցը քննարկվելու է ԵՄ գագաթաժողովին:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: